HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տղայի մահից հետո ոստիկանն արդարանում է. «Մյուս անգամ էլ չեմ տանի»

Թվացյալ անմեղ մի զբաղմունք, ինչպիսին ինտերնետային շփումն է, Գյումրիում 2009թ-ի ապրիլի 15-ի ողբերգական ավարտ ունեցավ: 17-ամյա Տիգրան Թադեւոսյանը հարկ չէր համարել ընդունել Լիդա Եդիգարյանի ընկերություն անելու երկիմաստ առաջարկը «Օդնոկլասսնիկի» կայքում եւ պատասխանել էր «փախար, քու…» արտահայտությամբ: Քիմիայի պարապմունքից դուրս գալով, ուսուցչուհու շենքի մոտ Լիդա Եդիգարյանի ընկերները Տիգրանին այնպես էին ծեծել, որ նա 10 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել էր: Տիգրանին ծեծի ենթարկելու առիթով համապատասխան քայլերի չդիմած ոստիկանների՝ Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի եւ նույն բաժանմունքի հետաքննիչ Սիմոն Սարգսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում: Սույն քրեական գործի քննությունն ավարտվեց 2009 թ.-ի նոյեմբերի 16-ին: Քանի որ դեպքը կատարվել էր ապրիլի 15-ին, դատարանը կիրառեց ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանին ու Սիմոն Սարգսյանին ազատելով պատժի կրումից: Անջատված մասով քրեական գործի քննությունը սկսվեց այս տարվա փետրվարի 17-ին: Ամբաստանյալի նստարանին էր հայտնվել Տիգրան Թադեւոսյանին ծեծի ենթարկած 4 տղաներից միայն Սամվել Սարգսյանը, մնացած երեքի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Սամվել Սարգսյանին առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի, 6-րդ եւ 14-րդ կետերով: 8-ամյա կրթությամբ Սամվել Սարգսյանը լինելով ֆիզիկապես առողջ, ազատված է զինվորական ծառայությունից: «Հոգեբուժարանի միջոցով,-պարզաբանեց ամբաստանյալը` պատասխանելով դատավոր Էդվարդ Մանուկյանի հարցին,-տարկետում ունեմ մինչեւ 2011 թ.-ը»: Մեղադրական եզրակացությունն ամբաստանյալը ստացել էր 2009թ-ի նոյեմբերի 17-ին: «Դուք համամիտ եք մեղադրական եզրակացության հետ»,-հարցրեց դատավորը: «Ես էդ հարցին չեմ պատասխանի,-կտրուկ հայտարարեց ամբաստանյալը,-ես կարծիք չունեմ»: Դատավորին զարմացրել էր, որ ամբաստանյալը որեւէ դիրքորոշում չունի իրեն առաջադրված մեղադրանքի նկատմամբ: «30 տարվա դատական պրակտիկայում առաջին անգամ է նման դեպքի հանդիպում»,-տարակուսեց դատավորը: Ի վերջո ամբաստանյալը խոստացավ դիրքորոշում հայտնել վկաների հարցաքննությունից հետո միայն: Դատարան հրավիրված 14 վկաներից փետրվարի 17-ի դատական նիստին ներկայացել էին չորսը: Դատարանում նախ վկայություն տվեց տուժողի իրավահաջորդը` Ջավահիր Սերոբյանը, ով մանրամասը պատմեց ապրիլի 15-ի եւ հետագա 11 օրերի դեպքերի մասին: Վկաներից խոսեցին մահացած տղայի ավագ եղբայրը` Արմեն Թադեւոսյանը, եւ հորեղբոր կինը` Անիչկա Թադեւոսյանը: Հարազատների վկայությամբ իրենք Տիգրանին շոկային վիճակում տարել են Անի թաղամասի ոստիկանությունից: Մեքենայի մեջ տղան պատմել է, որ իրեն ծեծել են եւ բողոքել գլխի ցավերից, ասելով որ հիմնականում գլխին են խփել ոտքերով: Մեկ օր Գյումրիի «Ճերմակ» հիվանդանոցում պառկեցնելուց հետո, ստանալով տոմոգրաֆի արդյունքները եւ տեսնելով, որ Տիգրանի վիճակը գնալով վատանում է, հարազատները ապրիլի 16-ին ժամը 21-ին շտապ տեղափոխել են Երեւան, Միքայելյանի հիվանդանոց, որտեղ էլ, ուշքի չգալով, ապրիլի 26-ին տղան մահացել է: Դեպքի օրը Տիգրանը հասցրել է ասել իրեն ծեծողների անունները` Սամվել, Սերգեյ, Էդգար եւ Վալերիկ: Նույն օրվա երեկոյան ավագ եղբայրը եւ եւս երեք հոգի հարազատներից մեքենայով գնացել են Սեւյան փողոց, որտեղ հանդիպել են ծեծի մասնակիցներին: Տղավարի զրույց է եղել, որի ժամանակ Տիգրանին ծեծելու հանգամանքը չի ժխտվել: Սամվելը պատճառաբանել է, որ Տիգրանը վիրավորել է սիրած աղջկան` Լիդա Եդիգարյանին: Երեւանում գտնված ժամանակ Տիգրանին այցելել են չորս տղաների ծնողները, գումար առաջարկել, որպես օգնություն: Այցի նպատակն է եղել նաեւ հասկանալ, թե ինչպիսի վտանգ կսպառանա իրենց զավակներին, եթե Տիգրանի հարազատները բողոքեն: Ջավահիր Սերոբյանը միայն ասել է, թե Աստված կանչեք, որպեսզի Տիգրանի գլխից մի մազ չպակասի, այլապես բոլորդ պատասխան եք տալու: Տիգրանի հարազատների հարցաքննության ժամանակ նիստը նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանը նկատեց, որ եթե Թադեւոսյանները ժամանակին հայտարարություն տային, ապա ամբաստանյալի նստարանին կլինեին բոլոր չորս տղաներն էլ: Հրավիրված վկաների թվում էր նաեւ Տիգրան Թադեւոսյանի ուսուցչուհին, ում մոտ տղան եւ Լիդա Եդիգարյանը քիմիա են պարապել: Գոհար Պետրոսյանը Տիգրանին բնութագրեց որպես լրջախոհ, համեստ անձնավորության: «Տիգրանը շատ ընդունակ էր, եւ անգամ դեպքեր էր լինում, որ խնդիրը իմ կողմից բացատրելուց հետո, մի անգամ էլ ինքն էր բացատրում լավ չհասկացած աշակերտներին: Ես որեւէ թշնամական կամ արտառոց որեւէ վերաբերմունք չեմ տեսել Տիգրանի կողից Լիդայի հանդեպ, եւ դեպքի օրն էլ ամեն ինչ նորմալ է եղել»,-ասաց ուսուցչուհին: Որ եղել է ծեծկռտուք, ուսուցչուհին իմացել է միայն հաջորդ օրը, երբ Տիգրանը չի եկել պարապմունքի եւ ինքը զանգահարել է մորը` Ջավահիրին: Վերջինս էլ ասել է, որ Գոհարը այդ մասին կարող է տեղեկանալ Լիդայից: Ուսուցչուհու հարցերին պատասխանելիս Լիդա Եդիգարյանը պատմել է այն արտահայտության մասին, որ գրել էր Տիգրանը եւ որին կարդացել էր նաեւ իր ընկերն ու շատ զայրացել: Լիդան ժխտել է ծեծկռտուքի փաստը, պնդելով որ տղաներն ընդամենը զրուցել են: Ուսուցչուհու հետ զրույցից հետո Լիդան դադարեցրել է պարապմունքները եւ Գոհար Պետրոսյանն այլեւս ոչինչ չի կարողացել իմանալ դեպքի մասին: Դատական նիստի վերջին վկան Անի թաղամասի ոստիկանության բաժանմունքի աշխատակից Կորյուն Մարտիրոսյանն էր: Վերջինս պատմեց, որ ինքը ապրիլի 15-ին եղել է «վերակարգի»: Ժամը 17-ի մոտերքը դուրս է եկել շենքից դիմացի ցայտաղբյուրից ջուր խմելու: Նկատելով հարեւանությամբ գտնվող «Լիլիա» գեղեցկութայն սրահի մոտ հավաքված մարդկանց` մոտեցել է: Իմանալով, որ փողոցում ընկած մի տղայի տեղափոխել են սրահ, մտել է ներս եւ այնտեղ հանդիպել իրենց աշխատակիցներին: Այնուհետեւ իրենք Տիգրանին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: «Դուք ինչ է, որեւէ բան էինք իմացել կամ նկատել, որ տղային տանում էինք բաժանմունք,-հարցրեց դատավորը: «Չէ, հեչ բան էլ չէի իմացել, սրահում հարցրեցի, տղան ասեց, որ ընկել է, մեկ էլ իմացանք որ շտապօգնություն են կանչել, իրան էլ տարանք մեր մոտ որ առաջին օգնություն ցույց տային»: Դատավոր Էդվարդ Մանուկյանը նկատեց, որ առանց հիմքի ոստիկանը իրավունք չուներ տղային բաժանմունք տանելու, որովհետեւ բժկական օգնություն Տիգրանին կարող էին ցույց տալ նաեւ սրահում: Իսկ եթե դա արել է, որովհետեւ դեպք է տեղի ունեցել, ապա պիտի բարի լիներ արձանագրեր այդ դեպքը, մի բան որ չի արել: «Վկա, գուցե այդ տղային ընդհանրապես չէր կարելի տեղից շարժել, ինչպե՞ս կարող էիք առանց բուժքույրի զննության կամ թույլտվաության նրան տեղաժարժել»: «Մյուս անգամ էլ չեմ տանի, սխալվել եմ, որ տարել եմ,-որեւէ խելամիտ պատասխան չգտնելով դատավորի հարցին` արդարացավ վկան: Հաջորդ դատական նիստն եւս կշարունակվի վկաների հարցաքննությամբ, քանի որ դատակոչված 14 վկաներից միայն 4-ն էին ներկայացել փետրվար 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter