HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական պետական տեսչության պետի և նրա տեղակալի գործն ուղարկվել է դատարան

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բնապահպանության նախարարության երկու աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, բնապահպանության նախարարի հանձնարարագրի հիման վրա, 2009 թ. ստուգել է  «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայր»-ում բնության պահպանության եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառի օրենսդրության պահանջների կատարման վիճակը: Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում  չարձանագրելու եւ գանձման ենթակա  տուգանքի չափը նվազեցնելու համար Ա. Պետրոսյանը «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի  տնօրեն Վարդան Ասլանյանից պահանջել եւ դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության N 3 մասնաշենքի 5-րդ հարկի միջանցքում ստացել է 400 հազար դրամ կաշառք: Բացի այդ` Ա. Պետրոսյանը ՀՀ բնապահպանության նախարարի` 2009թ. հոկտեմբերի 27-ի  եւ նոյեմբերի 16-ի հանձնարարագրերի հիման վրա ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնական ռեսուրսների օգտագործման եւ պահպանման պահանջների կատարման վիճակը: Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում հիշյալ ընկերության օգտին բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումներն ստուգման ակտում ոչ ամբողջությամբ արձանագրելու եւ այդ կերպ պետական բյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաեւ ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար  այդ ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից պահանջել եւ դեկտեմբերի 28-ին իր աշխատասենյակում ստացել է 5 մլն դրամ կաշառք: Այդ մասին Հ. Ավագյանի գնալուց հետո Ա.Պետրոսյանն անմիջապես տեղեկացրել է  տեսչության պետ Տ. Գրիգորյանին եւ իր աշխատասենյակում վերջինիս տվել  գումարի նրա մասնաբաժինը` 3 մլն 790 հազար դրամ: Մնացած 1 մլն 210 հազար դրամը Ա.Պետրոսյանը պահել է իր մոտ: Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդմամբ` ձեռք բերված ապացույցների հիման վրա`  Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ մասի 2-րդ կետերով:  Տ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter