«Կանալ-2009»-ի ամփոփումը
Ոստիկանության, պետեկամուտների կոմիտեի, ԱԱԾ-ի, ԿԲ-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ համատեղ, ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների որոշմամբ և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի պլանի համաձայն` 2009 թ. սեպտեմբերի 22-ից 28-ը (առաջին փուլ), նոյեմբերի 10-ից 16-ը (երկրորդ փուլ) Հայաստանի տարածքում անցկացվել է «Կանալ-2009» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր՝ կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական ափիոնի, կոկաինի և սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը դեպի եվրասիական տարածաշրջան, պրեկուրսորների ապօրինի փոխադրումը Կենտրոնական Ասիա և Աֆղանստան, թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված եկամուտների օրինականացումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարում հետագա համագործակցության զարգացումն ու բարելավումը:
Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` Հայաստանում «Կանալ-2009» միջոցառման երկու փուլերի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 31 հանցագործության դեպք (քրեական պատասխանատվության է ենթարկվել 38 անձ, որից 2-ը` օտարերկրացի):
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 663 գր տարբեր տեսակի թմրամիջոց, որից ափիոն` 304.8 գր, մարիխուանա` 243.04 գր, հաշիշ` 115.1 գր, ինչպես և 121 կգ կանեփի բույս, 152 հատ դեղահաբ, 3.6 մլ քացախաթթվի անհիդրիդ:
Բացահայտվել է նաեւ տարբեր բնույթի 88 հանցագործության դեպք, առգրավվել է 12 հրազեն, 14 որսորդական հրացան, 1 գազային ատրճանակ, 6 սառը զենք, 40 նռնակ, 5797 տարբեր տրամաչափի փամփուշտ, 11 պահունակ, 400 գր պայթուցիկ նյութ: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 44 անձ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել