Կգրանցվեն տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության և գրավի իրավունքները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունն իր ընդունած որոշումներով ձեռնամուխ է եղել տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների պարտադիր իրականացման ինստիտուտի ներդրմանը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը, սահմանվում են իրավունքները չգրանցելու հետևանքները, կարգավորվում են իրավունքների գրանցմանն առնչվող այլ հարաբերություններ։
Հաշվի առնելով, որ ՀՀ գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է դրանց հաշվառումը (վերահաշվառումը)` սեփականության իրավունքի գրանցումը լրացուցիչ պարտավորություններ չի դնի տրանսպորտային միջոցներ ձեռք բերող անձանց վրա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումների փաթեթի ընդունումը բխում է ՀՀ նախագահի հանձնարարականից, ուստի այն հնարավորինս սեղմ ժամկետում պետք է լրամշակել և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով` քննարկումը համարելով անհետաձգելի։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում։ Նպատակն է հստակեցնել վարորդական վկայական ստանալու ընթացակարգը, մասնավորապես` մինչև 1992 թ. փետրվարի 21 ԽՍՀՄ երկրներում ստացած վարորդական վկայականները հնարավոր կլինի փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու։ Նույն հիմունքով իրենց վարորդական վկայականները կարող են փոխել նաև դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձնակազմի անդամները։ Նոր որոշմամբ հանվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկը, և փոխարենը գործնական քննության համար սահմանվում են առավել պարզ, հստակ, իրագործելի և գնահատելի պահանջներ, ինչպես նաև վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանման ավելի երկար ժամկետ` 5 տարի։
ՀՀ կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ԿԱ ոստիկանության գույքի կազմից հետ է վերցրել 779.385.686 դրամ արժողությամբ գույք (Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները և լուսացուցային օբյեկտները) և այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին։ Դա հնարավորություն կտա կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին ավելի օպերատիվ իրականացնել այդ գույքի պահպանումն ու սպասարկումը։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել