Այժմ գործադիրն իրավասու է կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այժմ, գործող օրենսդրության համաձայն, գործադիր իշխանությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի, իրավասու է կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է, մասնավորապես, այդ շրջանակի մեջ ընդգրկել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` կառավարության օրենսդրական նախաձեռնությունները պետք է վաղօրոք քննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և անդամների հետ, որպեսզի նախագծերի ներկայացման ժամանակ որևէ խնդիր չառաջանա։
Գործադիրը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այն միտված է բաժնետիրական ընկերությունների (այդ թվում բանկերի) իրավունքների պաշտպանությանը, ինչը պահանջում է ընկերության մյուս գործառույթներից առանձնացնել ռեեստրի վարման գործառույթը։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նպատակահարմար է համարվում Երևան քաղաքում քաղաքացիական և վարչական գործերով պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում Երևանի քաղաքապետի անունից դատարան պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ներկայացնելու լիազորությունը վերապահել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել