HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ ԱԺ նախագահն ամփոփել է անցած նստաշրջանների գործունեությունը

«Անցած ինը նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել են Ազգային ժողովի 57 լիագումար նիստեր: Պատգամավորների մասնակցությունը լիագումար նիստերին եղել է բավարար»,- հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` երեկվա լիագումար նիստում` հանդես գալով 8-9-րդ նստաշրջաններում եւ ընդհանուր առմամբ, չորրորդ գումարման ընթացքում խորհրդարանի գործունեության արդյունքների ամփոփ հաղորդմամբ:

ԱԺ նախագահի խոսքերով, ԼՂՀ օրենսդիր մարմինն իր գործունեության 18 տարիների ընթացքում ընդունել է 925 օրենք, որոնք կազմում են հանրապետության օրենսդրական դաշտը: «Դա անգնահատելի արժեք է, մեկն այն կարեւորագույն ձեռքբերումներից, որին հասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պառլամենտարիզմի ավանդույթների ձեւավորման ու պահպանման ուղղությամբ»,-շեշտել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի` որպես քաղաքական մարմնի, գործունեությանը, նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` մշտական հանձնաժողովների առանձին, ընդլայնված կամ համատեղ նիստեր, թեմատիկ լսումներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ եւ այլն, ընդունվել են Ազգային ժողովի եւ պատգամավորական խմբակցությունների հայտարարություններ: Նա այդ շարքում ընդգծեց ղարաբաղյան կարգավորման շուրջ կազմակերպված խորհրդարանական երկու լսումները, դրանց արդյունքում ընդունված` Ազգային ժողովի նախնական եզրակացությունը, այդ հարցով խմբակցությունների հայտարարություններն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումները: Խոսելով միջխորհրդարանական կապերի ոլորտից` Աշոտ Ղուլյանը տեղեկացրեց, որ  2009-ին գումարվել է Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկու նիստ:

«Ազգային ժողովը համագործակցության կայուն կապեր է պահպանում նաեւ հետխորհրդային տարածքի մյուս նորանկախ պետությունների` Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ:  Վերջին չորսուկես տարում փոխադարձ այցերի ու տարբեր ձեւաչափերով կազմակերպված պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների միջոցով կապեր են ստեղծվել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, այլ երկրների ու միջազգային կառույցների հետ»,- նշել է նա:

ԱԺ նախագահը կայուն է գնահատել խորհրդարան-ընտրազանգված կապը, որն արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի, այնպես էլ քաղաքացիների գրավոր դիմումների եւ ԱԺ կողմից դրանց ընթացքավորման տեսքով: ԱԺ նախագահի կողմից կատարվել է 434 քաղաքացու ընդունելություն: 2009թ. Ազգային ժողով մուտք գործած 1132 գրությունից 1005-ը պաշտոնական էր, 127-ը ստացվել է քաղաքացիներից, որոնցից 54-ը` սոցիալական, 27-ը` իրավական եւ 46-ը` այլ բնույթի:

Քաղաքացիների դիմումների զգալի մասը դրական լուծում է ստացել, բայց որոշ նամակների մասով կան ձգձգումներ, որոնք մեծամասամբ կապված են խորհրդարանի լիազորություններից դուրս գտնվող խնդիրների ու խնդրանքների ներկայացման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter