Ձևավորվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության ու նշանակման և նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին պարտավորեցրել մինչև ս.թ. մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010 թ. ցանկը։
Իր ընդունած որոշումներով գործադիրը ուժը կորցրած է ճանաչել նախկինում կայացրած որոշումներից երեքը, ինչի արդյունքում հստակեցվելու են հարկային մարմին հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի և տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը, ոչ ռեզիդենտների շահաբաժինների հարկման գործընթացը։
Հաշվի առնելով Սևանա լճի ջրահավաք ավազանի վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները` կառավարությունը լրամշակել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` նախագծում ընդգրկելով Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքը։ Բացահայտվել են նաև լճի մակարդակի բարձրացումից հետո էկոտոնի սահմանների փոփոխությունները և դրանցից բխող խնդիրները, առաջարկվել են հետևանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Կառավարությունը հաստատել է բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման և դրանց հանձնման, հաշվառման և ոչնչացման կարգը։ Որոշումն ավելի համապարփակ և ամբողջական ձևով կկարգավորի նշված հարաբերությունները։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցին։ Նախատեսվում է մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվության տակ գտնվող շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման ծրագրային փաթեթը և տալ կանխարգելման միջոցառումների խոշորացված արժեքներով ֆինանսական գնահատումը։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել