Այսօր Շիրակի եւ Լոռու մարզերից մոտ 500 անհատ տաքսիների վարորդներ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ստորագրել են հետեւյալ պատասխանը իշխանությունների առաջարկներին:
«Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները` 2010 թվի հունվարի 18-ին բողոքով դիմել էին ՀՀ օրենսդիր, գործադիր իշխանություններին եւ Գյումրու քաղաքային իշխանություններին, պահանջելով վերանայել ոլորտը կարգավորելու կոչված գործող օրենսդրությունը եւ հաշվի առնել իրենց շահերը:
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը ոլորտը կարգավորող օրենսդրության հնարավոր փոփոխությունների տարբերակ էր առաջարկել տաքսիստներին, ինչը ներառում է հետեւյալը.
1. Տասը տարուց ավելի տարիք ունեցող ավտոմեքենաների` տաքսի ծառայություններ չմատուցելու արգելքը սառեցվում է մեկ տարով:
2. Տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիայի վճարը կազմում է 25.000 դրամ:
3. Մեքենայում հաշվիչ տեղադրելու պահանջը հանվում է:
4. Ավտոմեքենաների` որպես տաքսի նկարազարդման եւ կահավորման (լույսեր եւ այլն) պահանջը հանվում է:
5. Դեղին պետհամարանիշերը կհատկացվեն անվճար:
6. Միավորումների դեպքում բժշկի եւ մեխանիկի հաստիքներ ունենալու պահանջը հանվում է:
7. Ամսական կենսաթոշակային հիմնադրամին պիտի 10-12 հազար վճարումներ անել, որին` կուտակային համակարգի անցնելու դեպքում` պետությունը կավելացնի 25%:
8. Անհատ տաքսիների թիվը պիտի սահմանափակվի (ապագայում):
Մենք` Շիրակի եւ Լոռու մարզերի անհատ տաքսիների վարորդներս, երկու շաբաթ քննարկելով այդ առաջարկները, Գյումրիում անցկացված հանրահավաքի ժամանակ, ի մի բերելով մեր կարծիքները, պատասխանում եւ տեղեկացնում ենք հետեւյալը.
1. Մենք ողջունում ենք այս խնդրի շուրջ իշխանությունների բանակցության պատրաստակամությունը, եւ ակնկալում ենք խնդրի իսպառ կարգավորում բանակցությունների միջոցով:
2. Մեզ համար հիմնովին ընդունելի են բերված առաջարկների 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերը, որովհետեւ դրանք լիովին համապատասխանում են մեր պահանջների ոգուն:
3. Մեզ համար անընդունելի է, որ այդ ծառայությունները մատուցելու համար անհատական տաքսիները ստիպված են լինելու դեղին պետհամարանիշեր կրել, թեկուզ անվճար: Մեր` հունվարի 18-ի բողոքում նշել ենք եւ կրկնում ենք, որ դեղին համարանիշների առկայությունը կաշկանդում է ցանկացած անհատ տաքսի ավտոմեքենայի տեղաշարժման ազատությունը, որովհետեւ.
3.1 Այդ պետհամարանիշերով ուղեւորափոխադրումներ չենք կարող իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս,
3.2 Որեւէ պարբերականությամբ տաքսի ծառայություններ մատուցելու եւ չմատուցելու դեպքում, փաստորեն ստիպված ենք լինելու պարբերաբար պետհամարանիշեր փոխել դեղինից` սպիտակ եւ հակառակը, ինչն ավելորդ հոգս է:
4. Մեր մշտական եկամուտները այս գործից անհնարին են դարձնում ընդունել 2-րդ եւ 7-րդ կետերով արվող առաջարկները` լիցենզիայի դիմաց 25.000 դրամ վճարելու եւ կենսաթոշակային ու հարկային ամսական վճարումներ կատարելու մասին: Գտնում ենք, որ անհատական տաքսի ծառայություններ մատուցելու գործունեության լիցենզիայի համար 25.000 դրամը սկզբունքորեն չի արդարացված: Նույնպիսին ենք գնահատում նաեւ ամսական կենսաթոշակային եւ հարկային վճարումները: Բանն այն է, որ մեզնից շատերը, եթե ոչ բոլորը, մշտապես այդ գործով չեն զբաղվում, պարբերաբար հեռանում են այդ գործից եւ վերադառնում, օրեր են լինում, երբ չեն աշխատում եւ տարեկան աշխատում են 50 կամ 150 օր, 5 կամ 25 շաբաթ:
Դրա փոխարեն մենք առաջարկում ենք այդ համակարգը վերանայել հիմնովին` ամսական հաստատուն վճարումների կտրոնային համակարգ ներդնելով: Այսպես. տաքսի ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող վարորդները այդ ծառայությունները մատուցելու ցանկության դեպքում կգնեն ամսական ստանդարտ կտրոն, կփակցնեն դիմապակուն եւ կվարեն ավտոմեքենան այդ ամբողջ ամսվա ընթացքում: Այդպիսով կստացվի, որ պետությանը (կամ համայնքին) այդ գործունեության համար կվճարեն որոշակի հարկ: Այս եղանակը մեզ համար ընդունելի եւ ըստ էության հնարավոր արդարացի եղանակներից մեկն է:
Գնահատելով իշխանությունների զիջումների պատրաստակամությունը, մենք վերանայում ենք մեր դիրքորոշումը, պատրաստակամություն հայտնելով տաքսի ծառայություններ մատուցելու համար ամսական վճարել ոչ թե 2.000-2.500 դրամ (տարեկան` 25-30 հազար), այլ` ամսական` 3.500-4.000 դրամ, ինչը տարեկան կկազմի 42.000-48.000 դրամ (Շիրակի մարզից, օրինակ, վճարման հանրագումարը կարող է կազմել 50-70 մլն դրամ/տարեկան):
5. Անհատական տաքսի ծառայություններ մատուցող ավտոմեքենաների տարիքի մինչեւ 10 տարվա սահմանափակման նորմը մեկ տարով նորից սառեցնելը խնդիրը չի կարգավորում, այնպես, ինչպեսեւ չի կարգավորել անցած 3 տարիների ընթացքում:
5.1 Կրկնում ենք, որ անկախ ավտոմեքենաների տարիքից, նրանց սարքին լինելու մասին տեխնիկական զննության դրական եզրակացությունը բավարար պայման է ուղեւորափոխադրման համար: Այդպիսով, անկախ այն հանգամանքից, թե ավտմեքենան քանի տարեկան է, տեխնիկական զննում անցած լինելու փաստը լիակատար, անհրաժեշտ եւ բավարար պայման է ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: Վարորդի, նրա ընտանիքի անդամների եւ օտար ուղեւորի միջեւ որեւէ խտրականություն դնելը զուրկ է տրամաբանականությունից:
5.2 Մինչ օրս որեւէ մեկը, պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, որեւէ կերպ չի կարողացել հիմնավորել 10 տարվա թարմության պահանջը, կամ բացատրել, թե ինչու` 10 տարվա եւ ոչ թե 8 կամ 12:
5.3 Ուղեւորները եւ շուկան հեշտությամբ կարող են կարգավորել այս խնդիրը` նախապատվությունը տալով հին կամ նոր, թյունինգված կամ ռետրո ավտոմեքենաներին, իսկ պետությունը, միջամտելով այս շուկայական կարգավորման ընթացքին, խնդիրներ է ստեղծում ինչպես գործազրկության պատճառով տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ իր համար:
5.4 Բոլորը պարտավոր են հասկանալ, որ ֆինանսական հնարավորությունների դեպքում մենք մեր ավտոմեքենաները ինքներս կթարմացնենք, անկախ այն հանգամանքից` իշխանությունը նման պահանջ դնում է, թե ոչ:
5.5 Տասը տարվա թարմության պահանջը անհիմն է նաեւ այն պատճառաբանությամբ, որ Հայաստանում ուղեւորափոխադրման ոլորտում հազարավոր միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ անգամ 20 տարվա թարմություն չունեն, իսկ դրանք հանրագումարում փոխադրում են ավելի շատ ուղեւոր, քան բոլոր տաքսիները մեկտեղ վերցված: Տասը տարվա թարմությամբ չեն փայլում նաեւ շտապ օգնության, հրշեջ եւ այլ արագ արձագանքման ծառայությունների ավտոմեքենաների 80 տոկոսը, դրանք հաճախ 20-30-40 տարեկան են:
5.6 Այս ամենի ֆոնին զվարճալի է, որ ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել 20-50 տարեկան ինքնաթիռներն ու երկաթուղային վագոնները:
6. Անհատական տաքսիների թվի սահմանափակման մասին նորահայտ խոսակցություններն անհեթեթ են այնքան, որ դրանց քննարկումը վիրավորական է մեզ համար: Այդ պատճառով մենք այդ «մտահղացմանը» անդրադառնում ենք մեկ նախադասությամբ. տաքսիներով ուղեւորափոխադրումները, բարեբախտաբար, բնական մենաշնորհների ոլորտից չեն, ուստի տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիների թիվը պիտի կարգավորի միայն շուկան` առաջարկի եւ պահանջարկի հարափոփոխ ներդաշնակությամբ:
Այսով.
Դիմելով իշխանություններին, առաջարկում ենք, հաշվի առնելով վերը բերված հիմնավորումները եւ առաջիկա կենցաղային դժվարությունները, որոնց բախվելու ենք գազի, ջրի եւ հարակից թանկացումների արդյունքում, հաշվի առնելով մեր բազմահազարանոց բանակի շահերը` վերանայել գործող օրենսդրությունը, եւ այն ծառայեցնել ավելի շատ ՀՀ քաղաքացիների, քան մասնավոր կամ այլ շահերի:
Պարտավոր ենք տեղեկացնել, որ մենք մեր շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, չենք չիջելու, որովհետեւ զիջելու եւ կորցնելու գրեթե ոչինչ չունենք, ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, իսկ ծայրահեղ դեպքում` օտար երկրների իշխանություններին` արտագաղթի եւ աշխատանք ճարելու համար:
Համարեք, որ ձեզ են դիմում ոչ միայն տաքսիների վարորդները, այլեւ մեր ընտանիքների անդամները, մեր մերձավորներն ու բարեկամները:
Շիրակի եւ Լոռու մարզի` թվով 850 անհատ տաքսու վարորդների անունից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել