HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կաշառքով ներում են կաշառքը»

«Շատ դեպքեր են լինում, երբ թեև չունենք կոնկրետ ապացույցներ, սակայն հիմնավոր կասկածներ ունենք, որ այս կամ այն գործն առանց կաշառակերության չի ընթացել»,- «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց իրավաբան-փորձագետ Հայկ Հարությունյանը: Վերջինի խոսքով` կաշառակերությունը, որպես տարածված երևույթ, մասնավորապես տարածված է նաև դատական համակարգում և նման իրավիճակների հետ շփվելու առիթներ, այսպես թե այնպես, լինում են: «Մենք դրան միայն մի բանով կարող ենք հակադրել` մեր պրոֆեսիոնալ աշխատանքով: Երբ մենք հետևողականորեն ցանկանում ենք իրականացնել հզոր պաշտպանություն` մեր հաճախորդի շահերի համար, մենք ինչ որ տեղ կարողանում ենք դիմակայել այն կոռուպցիոն ռիսկերին, որոնք, ինչպես հաճախ զգում ենք, գործադրվում են մեր հակառակ կողմից»,- ասաց նա: Փորձագետը համոզված է, որ կաշառակերության դեմ պայքարել հնարավոր է: Սակայն, նրա խոսքով, հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հուսալքվել են և համարում են, որ կաշառակերությունը անխուսափելի չարիք է, որ հնարավոր չէ վերացնել, և որի դեմ հնաավոր չէ պայքարել: «Ես այդպիսի հայացքները չեմ կիսում: Իմ կարծիքով` կաշառակերության դեմ պայքարելու էֆեկտիվ հնարավորություններ կան, և դրա ամենակարևոր տարրերից մեկն էլ հավատն է, որ կաշառակերությունը հաղթահարելի է»,- ասաց նա` շեշտելով, որ կաշառակերության դեմ պայքարում շատ մեծ է լրագրողների դերը, որովհետև լրագրողները կարող են լուսաբանել կաշառակերության դեպքերը: Իրավաբանի կարծիքով` կաշառակերության նկատմամբ արտաքին վերահսկողության ամենակարևոր մեխանիզմներից մեկը լրագրողների կողմից հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների լուսաբանումն է: Հ. Հարությունյանը շատ է կարևորում նաև պայքարը կաշառակերության պատճառների դեմ: «Հայաստանում կաշառակերության դեմ պայքարը շատ մեծ խոչընդոտ ունի, որը կայանում է նրանում, որ կաշառակերությունն այս կամ այն իրավիճակում գրեթե ձեռնտու է գրեթե ցանկացած անձի: Օրինակ, շատ վարորդներ կան, ովքեր խախտում են անում, և մտածում, որ կարելի է կաշառք տալ և այդ գլխացավանքից պրծնել»,- ասաց նա: Իրավաբանի բնորոշմամբ` «կոռուպցիան առհասարակ պաշտոնական դիրքի օգտագործումն է` մասնավոր շահերից ելնելով»: Ըստ նրա` շատ հաճախ  Հայաստանում կոռուպցիան նեղ իմաստով են հասկանում` կաշառք տալ-վերցնելու իմաստով: Սակայն կոռուպցիան ավելի լայն երևույթ է: «Լինում են դեպքեր, երբ մարդիկ կաշառք են տալիս ու բռնվում են: Այնուհետև նույն մարդիկ կաշառք են տալիս ու ազատվում: Սա այն դասական դեպքն է, երբ կաշառակերության դեմ պայքարողները կաշառքով ներում են կաշառքը»: Հ. Հարությունյանը նշեց, որ եթե պետությունն իրոք ցանկանում է պայքարել կաշառակերության դեմ, ապա առաջին հերթին պետք է հետևի, որպեսզի պետական պաշտոնյաներն իրենք հետևեն օրենքներին ու կանոներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter