HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լյովա Խաչատրյան. «Այդ հողերը որ առնում եմ, դրանով բիզնես չեմ անում»

Կառավարությունը մինչեւ ամսվա վերջ հետաձգեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների քննարկումը ԱԺ-ում: Փոփոխություններով կառավարությունը համայնքներին հնարավորություն է տալիս գանձել 8 նոր հարկերատեսակներ: Հողի եւ գույքահարկից բացի, ավելացել է նաև հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի), գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, տրանսպորտային միջոցների կայանատեղի, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու և հանրային տարածքների զբաղեցման հարկեր:

Հարկային փոփոխությունների առնչությամբ կրքերը չեն մարել. Թեեւ ԱԺ-ում քննարկումները հետաձգվել են, սակայն այդ թեմայով բանավեճերը շարունակվում են: Հարկային դաշտում կառավարության նախաձեռնած փոփոխությունները քննադատում է նաեւ Արագածոտնի մարզից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը (Հանրապետական կուսակցություն):

«Հետքի» հետ զրույցում պատգամավորը նշում էր, որ կառավարությունը հարկային փոփոխություններով վնաս է հասցնում գյուղացուն: «Հիմա էլ Ազգային ժողով հարկային փաթեթ են բերում, որ նախատեսվում է նաեւ գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ: Բացարձակ չեմ հասկանում, թե դա ի՞նչ է: Չեմ հասկանում, թե ի՞նչ են ուզում դրանով ասել: Եթե այսօր հող մշակելը շահութաբեր չէ, ո՞նց են հարկ ուզում այդ հողից, կամ ուզում են պարտադրեն, որ այդ մարդը մշակի հողը ու նորից սկի՞»,- հարցնում է Լյովա Խաչատրյանը:

Պատգամավորի հաշվարկով` 1 հա հող մշակելու ամբողջ ցիկլն արժե մոտավորապես 165 հազար դրամ: Ըստ նրա` Արագածոտնի մարզի համայնքների մեծ մասը լեռնային է, եւ գյուղացիները հիմնականում ցանում են հացահատիկ: «Անցյալ տարի ցորենը մարզից տարել են 90 դրամով: Ենթադրենք, որ 1 հա-ից գյուղացին ստանում է 2 տոննա ցորեն: Բայց իրականում նույնիսկ 300 կգ էլ են քաղում, որովհետեւ գյուղացիները հնարավորություն չունեն շատ պարարտանյութ տալ: Էլ չեմ ասում, որ ռիսկային գոտում ենք գտնվում, ու կարկուտը մեզ մոտ շատ է: Պարզ թվաբանություն է, որ 2 տ ցորենի դեպքում գյուղացու տարեկան եկամուտը լինելու է 180 հազար դրամ, որից դուրս է գալիս մշակելու ծախսը` 165 հազար դրամը, տակը մնում է ընդամենը 15 հազար դրամ: Առուվաճառքի ժամանակ էլ մի 5 տոկոսը կորում է ու 10 հազար դրամ է գյուղացուն մնում: Բա ո՞նց ապրի»,- տարակուսում է Լ. Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով` կառավարությունը պետք է գյուղացիներին խոստանա եւ երաշխավորի, որ եկող տարի ցորենի գինը լինելու է 150 դրամ: Այդ ժամանակ ով իր հողը չվարի, պետք է վճարի չմշակած հողի հարկ:

«Պետք է պետությունը գյուղացուն երաշխիքներ տա, բա ուրիշ ո՞նց պետք է լինի: Ո՞նց է հարկ պահանջում, երբ չի երաշխավորում` ես այդ բերքը ստանալո՞ւ եմ, թե՞ ոչ: Հասարակ թվաբանությունը ցույց է տալիս, որ հողը շահութաբեր չէ»,- ավելացնում է հանրապետական պատգամավորը: Մեր այն հարցին, թե «ձեր մտահոգությունը ԱԺ-ում բարձրացրե՞լ եք», Լ. Խաչատրյանն ասաց, որ երբ Կարեն Ճշմարիտյանն ու Գալուստ Սահակյանը ելույթ են ունեցել, ինքը նույնիսկ վիճել է այդ հարցի շուրջ: «Դեռ քննարկումներ կլինեն ու այդ հարցի վերաբերյալ ես էլ կխոսեմ: Ինձ կոնկրետ հետաքրքրում է այդ փաթեթի միայն չմշակվող հողի հարկը: Պետք է ապացուցեն, որ հողը շահութաբեր է, ու գյուղացին չի մշակում: Այդ ժամանակ թող ասեն, ինչի՞ չես մշակում: Չեմ հասկանում, սա նոր «պերեդե՞լ» է: Առանց այդ էլ գյուղացիները վաճառում են իրենց հողերը, հիմա բոլորը կվաճառեն»,- կարծում է պատգամավորը:

Նա մեկ այլ մտահոգություն էլ ունի: Բանկերը գյուղացիներին վարկ են տալիս 24 տոկոսով, այն դեպքում, երբ վերջինս հողից տարեկան 24 տոկոս եկամուտ չի ստանում: Ըստ պատգամավորի` գյուղացիները վարկը վերցնում են ու չկարողանալով այն վերադարձնել` ստիպված վաճառում են հողերն ու անասունները. «էդ ի՞նչ պիտի աշխատի գյուղացին, տարեկան ինչ եկամուտ պիտի ստանա, որ 24 տոկոսը փակի, հետո մայր գումարն ու հետն էլ ապրի: Նման բան ո՞նց կարող է լինել: Եթե հողը 24 տոկոսի եկամուտ տար, սաղ շուռ կգային այս կողմ, բիզնես կանեին: Էլ ինչի՞ են գնում գլուխ ցավացնում ուրիշ տեղ»:

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Լյովա Խաչատրյանն մարզի իր գյուղում` Երնջատափում, մոտ 20 հեկտար հող է գնել: Պատգամավորը դա ավելի շուտ բարեգործություն է համարում, քան բիզնես: «Երնջատափ գյուղի տարածքում որոշ հողեր ստիպված եմ առնում, որովհետեւ մեր տարածքի հողերը գին չունեն. ոչ մեկ չի առնում: Մարդիկ նեղվում են, ընկնում են պարտքի տակ, վարկերն են նեղում, տոկոս պիտի փակեն: Գալիս խնդրում են, որ առնեմ` գումարը տանեն իրենց կարիքները հոգան: Գալիս խնդրում են, երբեմն էլ չեմ կարողանում մերժել: Ես միայն իմ գյուղի տարածքից եմ գնել, բայց ամբողջ Ապարանի տարածաշրջանի գյուղերի 50-60 տոկոս գյուղացիները ցանկանում են իրենց հողերը վաճառեն, բայց առնող չկա: Այնպես որ, այդ հողերը որ առնում եմ, դրանով բիզնես չեմ անում»,- ասում է Լ. Խաչատրյանը և ավելացնում որ ինքը բոլորին էլ օգնում է:

«Լեռնային շրջանում ապրող ժողովուրդը թասիբով ժողովուրդ է, եթե պարտք ունեն, պիտի պարտքը փակեն. հողն էլ կվաճառեն, պետք լինի տունն էլ: Ու քարերի տակ կապրեն, մենակ պարտքի տակ չմնան: Էգուց բանկերը կգան վարկերի դիմաց բոլորի հողերը կվերցնեն ու հետո չեն էլ կարողանա վաճառեն, որովհետեւ առնող չկա: Եթե այսօր գալիս ինձ են խնդրում, որ  ասենք` 1 դրամով հողը վերցնեմ, բանկերը գյուղացու ձեռքից 10 լումայով են վերցնելու»,- եզրափակեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter