HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Տեխզննում` արդեն նոր սակագներով ու մասնավոր ընկերության կողմից

Այսուհետ Արցախում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննումն իրականացնելու է ոչ թե ճանապարհային ոստիկանությունը, այլ մասնավոր ընկերություն: ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի կողմից անցկացված մրցույթի արդյունքում տեխզննում իրականացելու իրավունքը վերապահվել է «Տեխնոսերվիս» ՍՊԸ-ին:

Ընկերության կողմից ներկայացված` սպառողներին մատուցվող տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության սակագների հարցը քննարկվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի հավաստմամբ` կազմակերպությունը սկզբից ավելի բարձր սակագներ էր առաջարկում, սակայն հանձնաժողովում քննարկումներից հետո դրանք իջեցվեցին եւ հավասարվեցին Հայաստանում գործող սակագներին: Ի դեպ, հանձնաժողովում հաստատված սակագները նախկինում գործող սակագների համեմատ բարձր են. նախկինում այն կազմում էր 6 հազար դրամ` առանց տրանսպորտային միջոցների տարանջատման:

Նոր սահմանված սակագներով` տարանջատվում են նաեւ տրանսպորտային միջոցները. թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար այն կլինի 8 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ), մինչեւ 3500 կգ զանգվածով բեռնատար ավտոմեքենաների եւ 17 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` 10 հազար դրամ, 3500 կգ-ից ավելի զանգվածով բեռնատար ավտոմեքենաների եւ 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար`13 հազար դրամ, կցորդների եւ կիսակցորդների, մոտոցիկլետների եւ մոպեդների համար` 6 հազար դրամ:

Այս սակագները կգործեն մարտի 18-ից: Ընկերության ներկայացուցչի խոսքերով` տրանսպորտայի միջոցների տեխզննման համար ստեղծված են բոլոր պայմանները. առկա են ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներ ու Երեւանում փորձաշրջան անցած մասնագետներ: Այս ամենը, ըստ նրա, հնարավորություն կտա տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ստանալ ավելի ստույգ եւ մանրամասն տեղեկություններ, ինչը հնարավոր չէր նախկինում, քանի որ չկային համապատասխան պայմաններ:

«Այս քայլով բարձրացվում է ոչ միայն երթեւեկության անվտանգության մակարդակը, այլ նաեւ նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը, քանի որ նախկինում վերահսկումն ու տեխզննումն իրականացվում էր միեւնույն մարմնի կողմից, իսկ հիմա այդ գործառույթները տարանջատվել են»,- ասում է տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter