HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում միահամուռ լծվել ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարին

Այսօր Թեքեյան կենտրոնում կայացած Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի  հայապահպանությանը եւ ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար-քննարկմանը վերջում մասնակիցների կողմից ընդունվեց հայտարարություն. Վրաստանի  հայ փոքրամասնությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից. * Հայ բնակչությունը  ոչ համաչափ է ներկայացված կամ  գրեթե չի ներկայացված իր համախումբ  բնակության շրջանների կառավարման մարմիններում, * Վրացական իշխանությունները պարտադրում են հայ փոքրամասնությանն իր համախումբ բնակության շրջաններում հանրային գործունեության բոլոր ոլորտներում օգտագործել բացառապես վրացերենը, * Հայերի համախումբ բնակության շրջանների վարչական մարմիններում, կրթա-մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում: * Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի  իրավական կարգավիճակ, և վրացական իշխանությունները չեն վերադարձնում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները: Բազմաթիվ  հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (2007թ.), Եվրախորհրդի Խորհրդակցական Կոմիտեն (2009թ.) հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջև ծառացած խնդիրներին՝ վերադարձնել հայկական տաճարները և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերացնել լեզվի հիմքի վրա խտրականությունը և թույլ տալ հայերի համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում հայերենի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը խոչընդոտող օրենսադրական և գործնական արգելքները: Սակայն վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հորդորներն ու հանձնարարականները, շարունակում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, որը վերջին ժամանակներին ընդունել է  հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական  ակտիվության ցանկացած դրսևորում արմատախիլ անելու ուղղվածություն. * 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո գնալով ուժեղանում են Վրաստանի ուժային կառույցների կողմից հայաբնակ շրջանների  հանրային-քաղաքական կյանքի ուղղորդման երևույթները, * Արգելված է ջավախահայության խնդիրներով զբաղվող մի շարք գործիչների մուտքը Վրաստան: Խոչընդոտներ  են հարուցվում անգամ հայալեզու գրականություն ու մամուլ Ջավախք փոխադրելու հարցում: * 2007-09 թվականների ընթացքում վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքը լքեցին տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան և այլն): Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, դատական հետապնդումների և հալածանքների ենթարկվելով` իրենց քաղաքական գործունեությունը դադարեցրեցին ջավախքահայ ակտիվիստներ  Գրիգոր Մինասյանը ու  Սերգեյ Հակոբջանյանը և այլն: Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ, որի արդյունքում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը կանգնել է հայաթափման լուրջ վտանգի առջև: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ և այլն) ձեռնարկել անհապաղ միջոցներ ջավախահայության  նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվատանգությունը: Առաջնահերթ  ենք համարում՝ 1. Ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը, 2. Հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, 3. Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի և հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը: Մենք կոչ ենք անում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության խնդրով մտահոգ Հայաստանի և Սփյուռքի բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչներին միահամուռ լծվել ջավախահայության իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված պայքարին, հետամուտ լինել ջավախքահայության՝ իր ապագան հայրենի հողում կառուցելու համար լիարժեք պայմանների ստեղծմանը: Ք. Երեւան, 18 փետրվարի 2010թ. Այս հայտարարությանը սեմինարի ավարտին միացան. «Հզոր հայրենիք» կուսակցությունը, նախագահ Վարդան Վարդապետյան «Ժողովրդական կուսակցություն», նախագահ Տիգրան Կարապետյան Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն (ՀՌԱԿ), նախագահ Հարություն Առաքելյան «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը (ԺԱԿ), նախագահ Սպարտակ Մելիքյան «Ժառանգություն» կուսակցություն, վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյան Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, նախագահ Խորով Հարությունյան Ազգային նոր պահպանողական շարժում կուսակցություն (ԱՆՊՇ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter