Նոր մշակույթ
Ըստ հավաստի լուրերի` ՀՀ ոստիկանության միջին և բարձր պաշտոնյաներին «խորհուրդ է տրվել» իրենց ընտանիքների համար անհրաժեշտ առևտուրը իրականացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցից, և դա դարձնել ավամդույթ:
Խնդիրն այն է, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը կապվում է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի անվան հետ:

Նույն աղբյուրների պնդմամբ` Ն. Նազարյանը մշակել է մեխանիզմներ, որոնցով կարողանում է վերահսկել, թե որ ոստիկաններն են ականջալուր եղել իր «խորհուրդներին»:
Ստուգումն իրականացվում է սուպերմարկետներից ստացված ՀԴՄ կտրոններով, և կան մատյաններ, որտեղ գրառվում են ոստիկանների կատարած առևտրի ծավալները: Ասում են` մեխանիզմն առայժմ արդյունավետորեն է գործում:
Ստացել են, կքննարկեն
Թերթի տեղեկություններով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պաշտոնական նամակով դիմել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին` առաջարկելով իրենց հարմար օրը և ժամին նշանակել հանդիպում հայ-թուրքական արձանագրություններին դեմ քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին «Առավոտը» հարցրել է` իրենք ստացե՞լ են նման գրություն: «Այո, մենք այդ գրություն-առաջարկը ստացել ենք, կքննարկվի կուսակցության նախագահի մոտ, և մեր պատասխանն անպայման կստացվի»:
Հայաստանի մաքսանենգության «մատյան ողբերգությունը»
Գյուղմթերքների, մասնավորապես` պոմիդորի ներկրման բնագավառը Հայաստանում, ըստ թերթի տեղեկությունների, տնօրինում է Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության պետ Վաչագան Հարությունյանը` Վաչոն:
Թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ Մեղրիի մաքսային անցակետում գոյություն ունի 2 «պապկա», որոնցից մեկը Վաչոյինն է կամ նրա հովանավորությամբ է ձևավորվել, և որն ըստ էության հանդիսանում է Հայաստանի մաքսանենգության «մատյան ողբերգությունը»: Քանի որ 1 կիլոգրամ պոմիդորի մաքսը կազմում է մոտավորապես 450 դրամ, Վաչոյի գրքում այն գրանցվում է որպես սոխ և մաքսազերծվում մոտավորապես 30 դրամով:
Արմեն Սարգսյանը հերքել է իր` վարչապետ դառնալու մասին լուրերը
Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին գուցեև կրկին առաջարկվի Հայաստանի վարչապետի պաշտոնը:
«Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, իշխանության մեջ կամ ընդդիմության մեջ: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ ու միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ»,- ասել է Լոնդոնում բնակվող, այժմ Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված «Երևան, իմ սեր» նախագիծը նախաձեռնած Արմեն Սարգսյանը:
Կարևորը ձայնագրությունն է
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը նախապես Էմիին և Միհրանին խոստացել էր, որ հենց նրանք են Հայաստանը ներկայացնելու Եվրատեսիլում, իսկ մրցույթը ձևական բնույթ է կրելու:
«ՉԻ»- Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, բայց կարևորագույն հարցը, որ կցանկանայինք տալ Էմմիին ու Նադեժդա Սարգսյանին, հետևյալն է` կասետը ունե՞ք: Ավելի կոնկրետ, երբ Ալեքսան Հարությունյանը ձեզ այդպիսի բան էր խոստանում, այդ ձայնագրությունը կա՞: Եթե չկա` նրա վրա ինչ-որ բան հաստատելն անհույս գործ է: Ի վերջո, ո՞վ չգիտի, որ եթե որևէ գործում Ալիկ Հարությունյանի մատը խառն է, արդարության մասին խոսք լինել չի կարող: Բայց կարևորն իրեղեն ապացույցներն են:
Եվս մեկ դիտարկում: Հետաքրքիր է` բա եթե Էմմին ու Միհրանը նախապես գիտեին, որ մրցույթը ձևական է լինելու, ինչո՞ւ այն ժամանակ չէին բողոքում: Թե՞ «դաղալությունը» միայն այն դեպքում է դատապարտելի, եթե գործում է քո դեմ, իսկ եթե քո օգտին է` կարելի է ծպտուն չհանել ու ձևացնել, թե ամեն ինչ արդար է:
Եթե ինչ որ մարդիկ օգտագործվում են, կամավոր են օգտագործվում
«Ոմանք ասում են` «Երկրապահի» համագումարը սխալ է, «Երկրապահը» չկա, փոշիացել է, գոյություն չունի: Եթե գոյություն չունի, խանդով լցվելու ի՞նչ կարիք կա` թող լինի իշխանությունների կողքին, իսկ եթե չկա` ինչո՞ւ է իշխանությունների կողքին, եթե երկրապահների մի մասը ընդդիմադիր դաշտում է:
Այս հարցերի պատասխանը հանրությունն ինքը պետք է տա: Ոչ մեկը` ոչ մի իշխանություն չի կարող որևէ մեկին օգտագործել` ստիպել, որ օգտագործվի: Իսկ եթե ինչ-որ մարդիկ օգտագործվում են, կամավոր են օգտագործվում, այնպես որ թող ոչ մեկը մյուսին չմեղադրի»,- թերթի թղթակցին ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել