«Ժառանգությունը» մինչև վերջ հետամուտ է լինելու օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուն
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել: Ստորև ներկայացնում ենք այն:
2009 թվականին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, խմբակցության պատգամավորներն ու տասնյակ հ/կ-ների ներկայացուցիչներ հանրապետության մարզերում և մայրաքաղաքում նախաձեռնեցին բողոքի մի շարք գործողություններ` «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի»: Կուսակցության տարածած հաղորդագրություններից և տպագիր ԶԼՄ-ների հրապարակումներից հանրությունը որոշ չափով տեղեկացված է, թե իրավապահներն ինչ եռանդով էին խոչընդոտում ակցիաների անցկացմանը, հատկապես` Երևանում: Մասնավորապես, 2009թ. հոկտեմբերի 22-ի, 29-ի և նոյեմբերի 12-ի բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանները բացեիբաց չարաշահեցին իրենց լիազորությունները` պատռելով խաղաղ ցուցարարների պաստառները, կենդանի շղթա կազմելու միջոցով արգելելով մասնակիցների ազատ տեղաշարժերը, հրելով ու քաշքշելով նրանց և այլն: Այդ կերպ վարչախմբի հենարաններից ոստիկանությունը կոպտորեն խախտում էր ՀՀ Սահմանադրությունը, որի 29 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Ակցիաների մասնակից, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերոնշյալ երեք դեպքում էլ ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին սահմանված կարգով հաղորդումներ է ուղարկել ոստիկանների վերոնշյալ հանցագործությունների մասին: Սակայն, ինչպես «Ժառանգությունը» քաջ գիտե նաև իր անցյալի փորձից, ոստիկանությունն ու դատախազությունը ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԵՆ ԳՏԵԼ ուժայինների բռնի, ապօրինի գործողություններում, և արդյունքում չհարուցվեց ոչ մի քրեական գործ, և լիազորությունները չարաշահած ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց: Այնինչ, ի գիտություն որոշ իրավապահների, ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի համաձայն` պատասխանատվություն է սահմանվում օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելը կամ դրանց մասնակցելը խոչընդոտելու համար:
Համաձայն չլինելով հանցագործությունների մասին տրված հաղորդագրություններին ընթացք չտալու անօրինական որոշումներին` Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոք ներկայացնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի անգործության դեմ, ով սահմանված կարգով հանցագործությունների մասին վերոնշյալ հաղորդումներին պատշաճ գնահատական չի տվել` որոշումներ չի կայացրել քրեական գործեր հարուցելու վերաբերյալ: Այսօր` ս/թ. փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, նշանակված է դատական նիստը:
«Ժառանգությունը» հայտարարում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու գործի արդար ավարտի և օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուն: Եվ եթե մեր պետության արդարադատությունը կրկին պարտակի հանցագործությունն ու անպատիժ թողնի բողոքի գործողությունների մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունները, ապա կուսակցությունը, փաստացի սպառելով ՀՀ-ում հարցի լուծման իրավական մեխանիզմները, ստիպված կլինի հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ժառանգությունը» նաև հիշեցնում է, որ դեռ 2005թ. նոյեմբերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված` 21 հարցից բաղկացած Հանրային Հաշվետվության Քաղաքացիական Պահանջագրից հետո սկիզբ առան բրգաձև հանցագործություններն ու հալածանքները «Ժառանգություն» կուսակցության և նրա անդամների դեմ: Ընդհուպ փակվեց կուսակցության կենտրոնական գրասենյակը, գիշերով ինչ-որ անձ կամ անձինք մուտք էին գործում գրասենյակ և կուսակցության համակարգիչներից տեղեկատվություն կորզում և այլն: «Ժառանգությունը» նշյալ փաստի վերաբերյալ դիմել էր ոստիկանությանը, ապա, անցնելով դատական ատյաններով` հասել նրան, որ հարուցվել էր քրեական գործ, սակայն իրավապահները դիմեցին, այսպես կոչված, հնարավոր չէ բացահայտել հանցագործներին պատճառաբանությանը, և գործը մինչ օրս այդ հիմքով մնում է կասեցված:
Տակավին չեն հայտնաբերված նաև այն ոստիկանները, ովքեր 2007թ. Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ ներկա էր Ռոբերտ Քոչարյանը և ականատեսն էր, թե ինչպես են իր շուրջը նստած մարդիկ ընթերցում բաժանված թռուցիկները, որոնք վերաբերում էին իր իշխանավարման օրոք առկա բազմաթիվ ապօրինություններին, հավանաբար հրահանգել էր անհապաղ չեզոքացնել թռուցիկներ բաժանող անձանց, և ոստիկանները հարձակվեցին Զարուհի Փոստանջյանի, Սեդա Մելիքյանի ու այլոց վրա և խլեցին թռուցիկներով լի պայուսակը: Այս դեպքում ևս ակնհայտ էր, թե ովքեր էին հանցագործները, սակայն այս անգամ էլ իրավապահները դիմեցին իրենց համար դյուրին միջոցի` հարուցեցին քրեական գործ և իբրև թե հնարավոր չէ բացահայտել հանցագործներին` գործը կասեցրին:
Ոստիկանությունը նաև «նախանձելի» ջանախնդրություն հանդես բերեց` չբացահայտելու այն անձին, ով 2008թ. մարտի 1-ին դանակահարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Եվ կասեցված այդ գործերն ու չբացահայտված բազմաթիվ այլ, հաճախ նույնիսկ` առավել զազրելի հանցագործությունները, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի 10 սպանություններն ու բազմաթիվ վիրավորները, քաղաքական բանտարկյալները, ազատ խոսքի շարունակական բռնաճնշումները և այլն, բնականաբար, իշխանությունների կամոք պետք է ունենային նաև իրենց շարունակությունը…
«Ժառանգությունը» ՀՀ լայն հանրությանը ևս մեկ անգամ հավաստիացնում և բարձրաձայնում է, որ հետևողականորեն շարունակելու է համընդհանրական իր վճռական գործունեությունը` հանուն մեր հայրենիքում արդարության, օրինականության, արժանապատվության և մարդասիրության հաստատման:
«Ժառանգություն» կուսակցություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել