
«Կարելի է ասել, որ իսլամական հեղափոխությունը 20-րդ դարում իր տեսակի մեջ աննման և եզակի երևույթ էր` այն առումով, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ: Առանց զենքի ուժի կարողացան տապալել մի իշխանություն, որը կախված էր արևմուտքից: Դա հիմնված էր իսլամական և մարդկային արժեքների վրա»,- այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը:
Ասուլիսը նվիրված էր Իրանում իսլամական հեղափոխության 30 տարվան և տարածաշրջանում Իրանի դերին: Դեսպանը նշեց, որ այդ հեղափոխությունը չէր սահմանափակվում միայն Իրանով, այն պետք է նպաստեր բոլոր ընչազուրկներին և նրանց, ովքեր ենթարկվում են բռնության: Հեղափոխության նպատակն էր ստեղծել մի վարչակարգ, որը կկարողանա իր ուժերով հաջողության հասնել. «Եվ կարելի է ասել, որ այս երեսուն տարվա ընթացքում մեր ձեռքբերումները վիթխարի են եղել: Բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ուժեղացնում էր իր ճնշումները, օրինակ` 8-ամյա պարտադրված պատերազմը»,- նշեց դեսպանը:
Նա, անդրադառնալով Իրանում հետընտրական զարգացումներին, նշեց, որ դրանք շարունակությունն են այն բոլոր սադրանքների, որոնք կազմակերպել է արևմուտքը, մաանավորապես`ԱՄՆ-ը. «Սակայն նրանք ոչ մի արդյունքի չհասան. միլիոնավոր մարդկանց ցույցերը ապացուցեցին, որ իսլամական հեղափոխությունը հզոր հիմքեր ունի` ի դեմս ժողովրդի»,- ասաց բանախոսը:
Խոսելով Միացյալ Նահանգների հետ հնարավոր պատերազմի մասին, Սեյիդ Ալի Սաղայանը նշեց, որ մարդ միշտ պետք է բոլոր տեսակի զարգացումները հավանական համարի և պատրաստ լինի, բայց միևնույն ժամանակ բացառեց պատերազմը` հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսական վիճակը: Իրանի դեսպանը նշում է, որ իրենց ռազմական օբյեկտները այնտեղ չէն կառուցված, որ թշնամին կարողանա հարվածել, և իրենց միջուկային օբյեկտներ բազմիցս անսպասելի այցելություններ են եղել.
«Հիմա էլ մեր նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, բայց ոչինչ չի փոխվում»,- նշեց Սեյիդ Ալի Սաղայանը միջազգային սանկցիաների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել