HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոսկու շուկայի առեւտրականները շարունակում են բողոքել

Արդեն 2 օր է` «Լուս Աստղ», «Տաշիր», Վաղարշ ՍՊԸ-ի «Ոսկու աշխարհ», «Այրարատ» առեւտրի կենտրոնների ոսկու առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատերերը բողոքի ակցիաներ են կազմակերպում Կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները «Հետքին» փոխանցեցին, որ երեկ իրենց ներկայացուցչին ընդունել է կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ խոստացել, որ այսօր նրանց պատասխան կտան: Սակայն նրանք այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, ու նրանց այդպես էլ ոչ ոք չէր մոտենում ու պատասխան չէր տալիս: Առեւտրականների պահանջը մեկն է` վերականգնել նախկինում գործող հաստատագրված հարկը եւ գույքագրումներ չանել իրենց տաղավարներում: Առեւտրականները հունվար ամսին վճարել են հաստատագրված հարկ, բայց փետրվարին Պետեկամուտների կոմիտեից անակնկալ կերպով հայտարարել են, որ այլեւս հայտարարագրված հարկ չի լինելու: «Ոսկու աշխարհի» անհատ ձեռնարկատեր Արսեն Մխիթարյանն ասաց, որ հարկային մարմիններն իրենցից պահանջում են ՀԴՄ կտրոնի վրա տպել այն գինը, ինչը գրված է նաեւ ապրանքի պիտակի վրա, ըստ նրա` դա անհնար է: «Գալիս, ոսկու պիտակների վրայի գինն են նայում ու ասում են, որ` այդ գնով էս վաճառք իրականացնում, բայց սա շուկա է, եւ չեմ կարող ապրանքի գինը չիջեցնել: Եթե պիտակի վրա գրել եմ, ասենք 300 դոլար, ես չեմ կարող այդ գնով վաճառել: Այ մարդ, թողեք ապրենք, նորմալ աշխատենք, բերենք ձեր հարկերն էլ մուծենք` էլ ի՞նչ եք ուզում»,- ասաց Ա. Մխիթարյանը: Նրա ասելով` կառավարությունն իրենց պարզապես ձեռք է առնում, քանի որ «օրը մեջ» իրենց գործունեության ոլորտը փոփոխությունների են ենթարկում: «Սկսել են արդեն գույքագրումներ անել, որ մեզ թալանեն: Չենք ուզում, որ մեր ապրանքը գույքագրեն, որովհետեւ մի փոքր տաղավարի վրա 3 հոգու ապրանք է դրված: Բացի դա, հիմա էլ ասում են, որ ամեն վաճառած ապրանքից 11 տոկոս պետք է հարկ տանք: Ես հիմա նույնիսկ իրավունք չունեմ իմ ապրանքը նվիրեմ երեխայիս, որովհետեւ կասեն` վաճառել ես: Ոսկու շուկայում ամեն օր գողություն է լինում, ապրանքս գողացան, ուրեմն պետք է դրա համար էլ 11 տոկոս հարկ վճարեմ: Ինչ է` թողնենք այս երկրից գնա՞նք»,- ավելացրեց անհատ ձեռնարկատեր Ռուզանը: Ակցիայի մասնակիցները մինչեւ օրվա վերջ սպասելու են, որ կառավարությունից իրենց կպատասխանեն, հակառակ դեպքում, պատրաստվում են դիմել Երեւանի քաղաքապետարան` դեպի նախագահական նստավայր բողոքի ակցիան արտոնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter