
Վերջին օրերին բուռն քննարկումներ են սկսվել տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ հարկային փաթեթի նախագծի շուրջ:
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերերյանն այսօր «Ուրբաթ» ակումբում պարզաբանեց, թե ինչ է իրենց ներկայացնում այդ նախագիծը:
Նա նշեց, որ ներկայումս խոսվում է մի գաղափարի մասին, որը տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքներից մեկն է: «Բառն ինքը` ինքակառավարում, ենթադրում է, որ պիտի լինեն սեփական պատասխանատվությամբ որոշումներ ընդունելու հնարավորություններ: Այլ բան է` ինչ ծավալի, ինչ պատասխանատվության, ինչ վերահսկողության մեխանիզմներով և այլն: Բայց քննարկել տեղական հարկեր ներմուծելու` համայնքների իրավունքը նպատակահարմար չէ: Եթե տեղական ինքնակառավարում կա, պիտի համայնքները հնարավորություն ունենան տեղական հարկեր սահմանելու»:
Փոխնախարարը նշեց, որ այս օրինագիծը պայմանականորեն երկու խնդիր է լուծում: Առաջինն արդեն իսկ առկա տեղական ինքնակառավարման մարմիններին ամրացված հարկատեսակների վարչարարության բարելավումն է, դրանք են` գույքահարկը և հողի հարկը:
«Մենք այս օրինագծով հայտարարում ենք, որ այս երկու հարկերը տեղական են և որ դրանց հետ կապված ամբողջ վարչարարությունն իրականացնելու է համայնքը` որպես պարտադիր լիազորություն: Ու համայնքը պիտի ունենա էֆեկտիվ միջոցներ` այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար: Օրենքի 80 տոկոսն այդ վարչարարությանն է վերաբերում: Մենք փորձում ենք համայնքին տալ արդյունավետ վարչարարություն, որպեսզի հետո կարողանանք համայնքի ղեկավարին վերահսկել ու հարցադրումներ անել համայնքային բյուջեի սեփական եկամուտները չապահովելու և դրանով իսկ արդյունքում համայնքի կամ տեղական ինքակառավարման բնականոն գործունեությունը հարցականի տակ դնելու համար»,- նշեց նա:
Անդրադառնալով նրան, որ նախագիծը քննադատողները նշում են, թե մեր համայնքները դեռևս պատրաստ չեն` նա ասաց, թե` իհարկե, կան համայնքներ, որոնց աշխատանքը ոչ միայն հասարակության, այլև իրենց համար շատ հեռու է բավարար լինելուց: «Բայց որպեսզի այդ իրավիճակը շտկվի, մենք, բացի նրանից, որ որակումներ ու պիտակավորումներ պիտի տանք, պիտի կարողնանք նաև որոշակի մեխանիզմներով նրանց բերել արդյունավետ աշխատանքի դաշտ»,- ասաց նա:
Նախագծի երկրորդ բովանդակային կողմը, Վ. Տերտերյանի խոսքով, այն է, որ իրենք սահմանել են, որ տեղական հարկերը կարող են լինել երկու տեսակի` պարտադիր կիրառման հարկեր և համայնքների կողմից կամավոր ներմուծվող հարկատեսակներ:
«Պարտադիր կիրառման հարկեր են սահմանվել գույքահարկն ու հողի հարկը, ոչ պարտադիր կամ կամավոր հարկատեսակների համար տրվել էր մի ցանկ` 8 հարկատեսակով, որոնք ներկայացված էին օրենքի նախագծում: Դրանցից յուրաքնաչյուրի համար նախատեսվում է, որ կընդունվեն առանձին օրենքներ, որոնք կնկարագրեն այդ հարկատեսակները, կտրվեն դրանց հստակ սահմանումները, և կնշվեն այն դրույքաչափերը, որոնցով որ այդ հարկատեսակները պիտի գործեն»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` թեև շատ է ասվում, որ այս օրինագծում հապշտապության էլեմենտներ կան, մինչդեռ դրա մասին բավականին խոսվել է` սեմինարներ են եղել, ասուլիսներ և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել