Հայ-գերմանական համատեղ ծրագրերը շարունակական են
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող խնդիրներ. Գերմանիայի կառավարությունը մեծ մասնակցություն ունի Հայաստանի կրթության և գիտության ոլորտում իրականացվող գործընթացներում, որը ծրագրային ներդրումների առումով շատ հաճախ գերազանցում է եվրոպական շատ երկրների աջակցությանը:
ԿԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Ա. Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար, ընդգծել է, որ հայ-գերմանական հարաբերությունները միշտ արդյունավետ են եղել և հույս է հայտնել, որ ապագայում ևս առկա բոլոր ծրագրերը կպահպանվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը ներկա Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման պատասխանատու Սիլվիա Մեբուսը նշել է, որ ԿԳ նախարարի հետ կայացած վերջին հանդիպման ընթացքում բարձրացված մի շարք հարցեր` կապված ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի` որպես օտար լեզվի դասավանդման, ինչպես նաև գերմաներեն լեզվի իմացության դիպլոմ տվող դպրոցներում գերմաներենի անհրաժեշտ ժամաքանակին առնչվող խնդիրների հետ, իրենց լուծումն են ստացել:
Տիկին Մեբուսը նշել է, որ գերմանական կողմը ողջունում է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, բայց, միաժամանակ, իր անհանգստությունն է հայտնում ծագած որոշ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, նոր ուսումնական տարում գերմաներեն լեզվի իմացության դիպլոմ տվող դպրոցներից երկուսը նախատեսվում է դարձնել հիմնական, մեկը` ավագ, իսկ Սարդարապատի միջնակարգ դպրոցը` միջնակարգ ուսումնական հաստատություններ: Ըստ այդմ` նշված հիմնական դպրոցների բարձր դասարանցիները պետք է ուսումը շարունակեն թիվ 5 ավագ դպրոցում:
Գերմանական կողմը մտահոգված է, որ թիվ 6 և թիվ 60 հիմնական դպրոցները գտնվում են մայրաքաղաքի ծայրամասերում, և դպրոցներում սովորում են առավելապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որոնց համար ֆինանսական տեսակետից կառաջանան որոշակի դժվարություններ: Տիկին Մեբուսը նախարարին առաջարկել է որպես այլընտրանք թիվ 60 դպրոցը պահպանել` որպես միջնակարգ կթրություն իրականացնող ուսումնական հաստատություն:
Նախարարը, անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է. «Բարեփոխումների միջոցով մենք նախևառաջ փորձում ենք կոտրել կարծրատիպեր` նպաստելով, որ մեր հանրակրթական համակարգն աշխատի նոր մեխանիզմներով, որն էլ շատ հաճախ հանդիպում է հասարակության որոշակի շերտերի դիմադրությանը»:
Անդրադառնալով Տիկին Մեբուսի բարձրացրած խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ համատեղ իրականացվող ծրագիրը ներկայացնում է երկուստեք հետաքրքրություն, սակայն շեշտել, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում են ընդհանուր հայեցակարգային մոտեցումներով և բացառություն անել հնարավոր չէ: Նա առաջարկել է հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնք կքննարկվեն երկու կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբում և կներկայացվեն հաստատման:
Հանդիպման ավարտին նախարարը գերմանական կողմին առաջարկել է նաև գերմաներենի դասավանդմամբ դպրոցների ցանցն ընդլայնել` այնտեղ ներգրավելով նաև մարզերի դպրոցները, առավել ևս, որ շատ համայնքներում գործելու են միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել