Նիստը հետաձգվել է
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամլո հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, տեղի է ունեցել դատական նիստ` քննելու «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի:
Զ. Փոստանջյանը բողոքել էր 2009թ. հոկտեմբերի 22, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված բողոքի գործողությունների ընթացքում խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ, որոնք պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, իր կողմից տրված հաղորդագրություններին պատշաճ ընթացք չտալուն` օրինազանց ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործեր չհարուցելուն:
Դատական նիստը սկսվել է նշանակված ժամին` 15.00-ին: Սակայն Ն. Նազարյանը նիստին չի ներկայացել: Դատարանն ընթերցել է նրա ուղարկած գրությունը, որով Ն. Նազարյանը դատարանից խնդրել է հետաձգել նիստը մինչև փետրվարի 26-ն այն պատճառաբանությամբ, թե «…բողոքի վերաբերյալ նյութեր ներկայացնելու, և բացատրություններ տալու համար իրենց կողմից իրականացվում են հարցումներ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար, հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնել անհրաժեշտ նյութերը…»:
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի բացատրությունը թերևս նաև վկայում է, որ ինքն իրոք անգործություն է ցուցաբերել, և «Ժառանգության» պատգամավորի հաղորդագրություններից ամիսներ անց միայն ինչ-որ նյութեր է փորձում հավաքել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ն. Նազարյանի դիմումը դատարանը բավարարել է և նիստը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ` չնշելով կոնկրետ օրը:
«Տեղեկացնում ենք նաև, որ փետրվարի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, տեղի կունենա մեկ այլ դատական նիստ, որտեղ քննության կառնվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ՀՀ ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով կարճվել էր «Ազատամտություն» թերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել