Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի հերթական նիստը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է հասարակայնության հետ կապերի բաժինը, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009 թվականի ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը:
Մասնավորապես նշվեց, որ տարվա ընթացքում աշխատանքներ են կատարվել ոլորտին վերաբերող օրենսդրական բացերի շտկման ուղղությամբ, Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է ոլորտի իրավական ակտերի քննարկման եւ դրանց` միջազգային փաստաթղթերին համապատասխանության հարցերով աշխատանքային ենթախումբ, որի կողմից մշակվել եւ 2009թ. նոյեմբերին խորհրդի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ոստիկանության աշխատակիցների համար կազմակերպվել են թրաֆիկինգի խնդիրներին վերաբերող դասընթացներ, անցկացվել են տարբեր սեմինարներ: Մ. Սարգսյանն ավելացրեց, որ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության երեք դատախազներ արդեն երկու տարի աշխատում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման հետ, եւ այդ համատեղ աշխատանքը տվել է դրական արդյունքներ: Կատարելագործվում է նաեւ մասնագիտական պատրաստվածությունը` հաշվի առնելով միջազգային փորձը: Կատարված աշխատանքները խորհրդի կողմից ընդունվեցին ի գիտություն:
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի (ԹԱԽ) ղեկավար Ձ. Աղաջանյանը: Մասնավորապես նշվեց, որ 2009թ-ի ընթացքում ՀՀ պետական կառույցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մշակվել եւ համաձայնեցվել է թրաֆիկինգի ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի օրինակելի ձեւը, որի նախագիծը ներկայացվել է խորհրդի քննարկմանը եւ 2009թ. մարտին կայացած նիստի ընթացքում արժանացել է հավանության:
Թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ նա նշանակալի ձեռքբերում համարեց նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության` թրաֆիկինգի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանի վերադասակարգումը երկրների 2-րդ խմբի վերահսկման ցուցակից բուն 2-րդ խումբ: Նշվեց նաեւ, որ Եվրոպայի խորհրդի Թրաֆիկինգի դեմ պայքարի կոնվենցիայի մոնիտորինգային մեխանիզմը` ԳՐԵՏԱ-ն, արդեն սահմանել է Հայաստանի կողմից ազգային զեկույցի ներկայացման ժամանակացույց` 2011թ. փետրվար, ինչը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ զեկույցը պետք է պատրաստ լինի:
Ձ. Աղաջանյանը տեղեկատվության ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» մշակման ընթացքի մասին` հայտնելով, որ աշխատանքներն սկսվել են, եւ հիմնական փաթեթը պատրաստ կլինի մինչեւ ապրիլ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների եւ թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում թրաֆիկինգի հանցատեսակին առնչվող ութ հոդվածներում, ինչպես նաեւ առաջարկվում են միջազգային փաստաթղթերից բխող եւս երկու նոր հոդվածներ: Նախագիծը 2009թ. նոյեմբերին ներկայացվել էր խորհրդին, սակայն քննադատության էր արժանացել: Արդեն պատրաստ է լրամշակված տարբերակը, որում հաշվի են առնվել ներկայացված առաջարկները:
Փոխվարչապետը կարեւորեց նախագիծը, որով, փաստորեն, ամբողջանում են օրենսգրքի` թրաֆիկինգին վերաբերող դրույթները, եւ այն համապատասխանեցվում է միջազգային փաստաթղթերին: Նա առաջարկեց նախագիծը պաշտոնապես դնել շրջանառության մեջ եւ ուղարկել շահագրգիռ գերատեսչություններին եւ կազմակերպություններին: Նախատեսվում է, որ մինչեւ ապրիլի 1-ը նախագիծը կներկայացվի կառավարությանը:
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Գ. Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից աշխատանքային միգրացիայի վերաբերյալ անցկացված ընտրանքային հետազոտության նախնական արդյունքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ արդյունքները կտրամադրվեն նաեւ խորհրդի անդամներին, որպեսզի հաջորդ հանդիպմանն արդեն քննարկվեն հետազոտությունների արդյունքներով բացահայտված միտումները, խնդիրները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը ներկայացրեց թրաֆիկինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու վերաբերյալ «Ամքոր» ՀԿ-ի հետ պայմանագրի կնքման ընթացքը, եւ հայտնեց, որ նախարարության եւ կազմակերպության միջեւ արդեն համագործակցության համաձայնություն ձեռք է բերվել: Փոխվարչապետը կարեւորեց այդ նպատակով նախատեսված գումարները կազմակերպված եւ ճիշտ մեխանիզմներով հասարակական կազմակերպություններին հատկացնելու գործընթացը:
Ա. Գեւորգյանը անդրադարձավ նաեւ 2009թ. վերջին «Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրից բխող միջոցառումների իրականացմանը` կարեւորելով փորձագետների, մասնագետների մակարդակով այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել