HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչու և ինչպես է խանդավառվել Ղազախստանը

Վիեննայում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երեք ընդհանուր հանձնաժողովներում ունեցած  ելույթի ժամանակ Ղազախստանի պետքարտուղար, արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը հայտարարեց, որ Ղազախստանը, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, մտադիր է մշակել Ղարաբաղյան հիմախնդրի կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Մինչ այդ, հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Սաուդաբաևը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: Այդ փաստը հաստատեց նաև ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Ելնելով այդ հանգամանքից` ԵԱՀԿ-ում նախագահող երկրները, դրանց առաջնորդները մշտապես պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերելու Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաևը, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնորդ…, արտգործնախարար Սաուդաբաևի միջոցով իր բարի կամքն ու պատրաստակամությունն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում իր նպաստը բերելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-հայտնել է ՀՀ նախագահի խոսնակը£ Ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ Ղազախստանի հետաքրքրվածության  մեծացումը պաշտոնական Աստանան բացատրում  է ԵԱՀԿ նախագահության իր շրջանում սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկման` որդեգրած քաղաքականությամբ: Մինչդեռ բացի ԼՂ խնդրից, Ղազախստանը տարօրինակ կերպով ԵԱՀԿ-ն ընդգրկող սահմաններում առկա որևէ այլ հակամարտության հետ կապված ոչ միայն առաջարկություններ չի ներկայացրել, այլև նույնիսկ դրանց մեջ ներթափանցելու փորձ չի արել: Հետևաբար հարց է առաջանում` ո՞րն է այս հարցում Ղազախստանի շահագրգռության, դրսևորման, ակտիվացման բուն պատճառը: Սաուդաբաևի  այցը հաջորդեց Սոչիում այս տարվա  հունվարի 25-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի  և Ռուասատանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որտեղ, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` կողմերը համաձայնության էին եկել կարգավորման սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախաբանի շուրջ և երկշաբաթյա ժամկետում պետք է առաջարկություններ ներկայացնեին դեռևս չհամաձայնեցված կետերի վերաբերյալ:  Երկշաբաթյա այս ժամկետները լրացավ ճիշտ այն ժամանակ, երբ պլանավորվեց Սաուդաբաևի տարածաշրջանային այցը և երբ, փաստորեն, պարզ դարձավ, որ բանակցող կողմերը չեն շտապում ներկայացնել այդ առաջարկությունները: Այս իմաստով ԵԱՀԿ նախագահի այցի համար ընտրված պահը բացարձակապես պատահական չէր: Ղազախստանում շատ լավ տեղյակ էին, որ Սոչիից հետո բանացկային գործընթացում վակումային իրավիճակ է ստեղծվել և, օգտագործելով ԵԱՀԿ-ի նախագահությունն ունենալու հանգամանքը, գործընթացում ներգրավվելու լավ հնարավորություն է առաջացել: Իսկ որ դա ոչ թե ԵԱՀԿ, այլ հենց Աստանայի շահագրգռության և արտաքին քաղաքականության արդյունք է, ցույց է տալիս այն փաստը, որ Սաուդաբաևը թե Հայաստանում, թե Ադրբեջանում գործնականում հադես էր գալիս որպես Ղազախստանի նախագահի առաջարկությունները փոխանցող, իսկ Վիեննայում ուղղակիորեն հասատատեց, որ «ճանապարհային քարտեզ» ներկայացնելու մտադրությունը ոչ թե ԵԱՀԿ-ինն է, որպես կառույցի, այլ կոնկրետ Ղազախստանի նախագահինը: Հետաքրքրական  է այն փաստը, որ Սաուդաբաևը տարածաշրջան  այցելեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Ղազախստան  կատարած այցից անմիջապես հետո: Առաջին հայացքից թվում է, թե այս երկու պրոցեսները որևէ կերպ փոխկապակցված չեն: Սակայն փաստերի համադրությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Փետրվարի 10-ին Աստանա կատարելիք այցի ճանապարհին, օդանավակայանում Դավութօղլուն հայտարարեց. «Բացի նրանից, որ Միջին Ասիան մեզ հետ ընդհանուր սահման ունի, այն մի տարածաշրջան է, որի հետ մեզ զուտ բարիդրացիության շրջանակներից դուրս եկող հարաբերություններ են կապում: Եթե խոսենք մշակույթի մասին, մենք խոսում ենք միևնույն լեզվով: Մենք ունենք նույն արմատները: Ամուր են նաև մեր պատմական կապերը: Մենք, որպես եղբայրական ժողովուրդներ, վճռական ենք համագործակցել աշխարհում գրավելու համար այն տեղը, որին արժանի ենք»: Դավութօղլուն նաև հավելել է, թե Անկարան ամեն ինչ անելու է` միջազգային հարաբերություններում Միջին Ասիայի և թուրքական գործոնի նշանակության ու դերակատարության մեծացման ուղղությամբ: Ավելին. արտգործնախարարը նշել էր, թե Միջին Ասիան Թուրքիայի համար արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություն է: Միջինասիական  տարածաշրջանում Անկարան հատուկ հարաբերություններ  ունի հատկապես Ղազախստանի հետ: Վերջին տարիներին այս երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 1.5 մլրդ դոլարի: Անակարան հիմա չի էլ թաքցնում, որ Ղազախստանի դերակատարությունն ակտիվացնելու և այդ երկրի հետ հարաբերությունները ստրատեգիական մակարդակի հասցնելու խնդիր է դրել իր առջև: Անցյալ տարի Անկարայում էր գտնվում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, և հենց այդ ժամանակ, հոկտեմբերին, երկու երկրները ռազմավարական գործակցության պայմանագիր ստորագրեցին: Այս տարի մայիսին պլանավորված է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնական այցը Ղազախստան: Ըստ էության` Ղազախստանը Թուրքիայի համար պլացդարմ է հանդիսանում` թուրքախոս երկրների նկատմամբ ազդեցությունը մեծացնելու և անմիջականորեն Միջին Ասիա մուտք գործելու համար: Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ահմեդ Դավութօղլուն հատուկ ընդգծում է. «Թուրքիան ամբողջությամբ պաշտպանում է Ղազախստանի նախագահի` թրքախոս երկրների համաժողովի ժամանակ արված նախաձեռնությունը: Այն վերաբերում էր թուրքական խորհրդի և թուրքական ակադեմիայի ստեղծման հետ կապված առաջարկությանը: Այսօր մենք համաձայնության եկանք, որ համագործակցության խորհրդի քարտուղարությունը պետք է տեղակայվի Ստամբուլում, իսկ նոր ակադեմիան կստեղծվի Աստանայում»: Հարաբերությունների  հարաճուն զարգացումը, ինչպես նաև թուրքական  գործոնի ակտիվացման նպատակադրումները Անկարային ստիպում է կոնկրետ  քայլեր ձեռնարկել միջազգային արենայում Ղազախստանի հեղինակության բարձրացման ուղղությամբ: Եվ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ստանձնումը ամենահարմար ճանապարհն է այս նպատակի կենսագործման համար: Եվ Աստանայի հանկարծակի ծնված հետաքրքրությունը առկա հակամարտությունների կարգավորման նկատմամբ դրա ուղղակի արտահայտությունն է: Սակայն  տվյալ դեպքում Թուրքիան փորձում  է մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ: Թուրքիայի վարչապետի` մոտ  երկու շաբաթ առաջ TRT1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մինսկի խմբի համանախագահող  երկրներին ուղղված սուր քննադատությունը ԼՂ հարցում անհետևողականություն ցուցաբերելու համար Անկարային ստիպում է ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Եվ հենց այստեղ է, որ Ղազախստանի` ԵԱՀԿ նախագահող երկիր լինելու հանգամանքը Թուրքիայի համար դառնում է խիստ կարևոր: Ըստ էության ԼՂ հակամարտության կարգավորման այլընտրանքային առաջարկություններ, ապա նաև «ճանապարհային քարտեզ» ներկայացնելն ուղղված է կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ, որովհետև ընդգծում է վերջինիս անգործությունը և ուրեմն` աննպատակահարմարությունը: Այսինքն Աստանայի այս նախաձեռնությունները ուղղակիոեն բխում են Թուրքիայի շահերից: Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի և Ղազախստանի շահերը հենց հատկապես ԼՂ կարգավորման համատեքստում համընկնում են: Ղազախստանը այսպիսով բարձրացնում է իր միջազգային հեղինակությունը` շատ լավ հասկանալով, որ վերջնարդյոնքում Մինսկի խմբի համանախագահող երկրները երբեք վերջինիս չեն զիջի ԼՂ հարցում միջնորդական առաքելությունը, իսկ Թուրքիան լծակ է ձեռք բերում ազդելու համար Ռուսաստանի, Ֆրանիսայի և ԱՄՆ-ի վրա: Գործնականում այդպիսով Թուրքիան փորձում է երկընտրանքի առաջ կանգնեցնել ՄԽ համանախագահող երկրներին. կամ ակտիվացնել ջանքերը Հայաստանի նկատմամբ ճնշումների միջոցով ԼՂ հարցին պրոադրբեջանական լուծում տալու համար, կամ պետք է համակերպվեն Ղազախստանի և վերջինիս նման երկրորդական երկրների պարբերական միջամտություններին, նախաձեռնություններին, ինչն առաջին հերթին հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելու ահազանգ ու անհրաժեշտություն է բարձրացնում: Ահա թե ինչու հենց հատկապես Սաուդաբաևի`  Բաքվում գտնվելու ժամանակ Ադրբեջանի  արտգործնախարար Էլմար Մամեդյարովը  հայտարարեց, թե իրենց համար ընդունելի է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Դրանով թուրք-ադրբեջանական դիվանագիտական տանդեմը, ղազախական նախաձեռնությւններն օգտագործելով, փորձում է պատին դեմ տալ մի կողմից ՄԽ համանախագահներին, մյուս կողմից` Հայաստանին: Երևանում, սակայն, որոշակիորեն ըմբռնել են Թուրքիայի այս խորամանկ նախաձեռնությունների իմաստը: ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը իր վերոնշյալ մեկնաբանության մեջ հենց այս նկատառումներից ելնելով է հատուկ շեշտում, որ նախ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան»: Երկրորդ` որ Ղազախստանի նախագահը «արտգործնախարար Սաուդաբաևի միջոցով  իր բարի կամքն ու պատրաստակամությունն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում իր նպաստը բերելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այլ կերպ ասած` Երևանը, փորձելով ավելորդ լարվածություն չառաջացնել ՀԱՊԿ շրջանակներում իր գործընկերոջ` Ղազախստանի հետ հարաբերություններում, այնուհանդերձ շատ նուրբ ձևով վերջինիս ու Թուրքիան հասկացնում է, որ կարգավորմանն ուղղված ղազախական նախաձեռնություններն ըդնունում է միայն որպես «բարի կամքի» դրսևորում և որ հասկանում է դրանց տակ թաքնված` կարգավորման ձևաչափը փոխելու նկրտումները: Սակայն այս ամենի մեջ կա նաև հարցի երկրորդ կողմը` որքանո՞վ կարող է այս ամենը ազդել Ղազախստանի և Հայաստանի փոխհարաբերությունների վրա ՀԱՊԿ շրջանակներում: Սակայն սա քննարկման այլ թեմա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter