Կարեն Կարապետյանի աչքը լույս
Ինչպես եւ սպասվում էր` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բավարարել «ՀայՌուսգազարդի» հայտը եւ գազի սակագինը 1 հազար խմ-ի համար 96 հազար դրամից դարձնել 132 հազար դրամ`

ընդամենը 4 հազար դրամով պակաս հայտում նշված գումարից` 136 հազար դրամից, ինչը շոշափելիորեն կխփի սպառողի գրպանին: Դա նշանակում է, որ մենք այսուհետ 37.5 տոկոսով ավելի ենք վճարելու գազի դիմաց: Կարեն Կարապետյանի աչքը լույս:
«Սակագները ազնիվ են»
Երեկ մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իրենց ընկերության ներկայացրած հայտում նշված նոր «սակագները ազնիվ են»:
Ըստ Կարապետյանի` որեւէ գերշահույթի մասին խոսք լինել չի կարող, եւ բնակչության համար սակագնի բարձրացումը լիովին հիմնավորված է:
Իսկ հիմնավորումը հետեւյալն է. 96 դրամ սակագինը հանձնաժողովը սահմանել է անցած տարի փետրվարի 27-ին, երբ դոլարի արժեքը 305 դրամ էր, եւ փոխարժեքն էլ հենց դրված էր սակագնի հիմքում: Սակայն ընդամենը 4 օր անց դրամը կտրուկ արժեզրկվեց, սակայն սակագինը չփոխվեց:
Եթե սակագինը սահմանվեր արժեզրկումից հետո, ապա այն, ըստ Կարեն Կարապետյանի, օբյեկտիվորեն կկազմեր ոչ թե 96 դրամ, այլ 117 դրամ: Իսկ եթե հաշվի առնենք, որ հիմա դոլարի փոխարժեքը արդեն 383 դրամ է, ապա օբյեկտիվ սակագինը կկազմեր 122 դրամ:
Առաջարկվող նոր սակագինը` 136 դրամը, փաստորեն 14 դրամով է գերազանցում գործող սակագնի մակարդակը:
«Եվրոսետ»-ը մոտ ապագայում չի վերադառնա Հայաստան
Ռուսական «Եվրոսետ» ընկերության նախագահ Ալեքսանդր Մալիսը «Պրայմ-Թայմ»-ին տված հարցազրուցյում պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ընկերությունը վերադառնալ ԱՊՀ երկրների այն շուկաները, որոնցից հրաժարվել է, պատասխանել է.
«Այո, պատրաստվում ենք, բայց ոչ մոտ ապագայում: Մեր սկզբունքը հետեւյալն է. մենք չենք աշխատում այն երկրներում, որտեղ բիզնեսմենների համար տեղական օրենսդրությունը հիմք չէ: Օրինակ` Հայաստանը, այստեղ կարելի է հարկ չվճարել, փոխարենը կաշառք տալ: Մենք նման երկրներում չենք կարող աշխատել»:
Երկու տարի անց
Երեկ ոստիկանները կարմիր բերետավորների օգնությամբ հարձակվել են Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա: Փետրվարի 19-ին լրանում էր նախագահական ընտրությունների երկու տարին, ինչի առիթով մի քանի հարյուր երիտասարդներ բողոքի երթ էին կազմակերպել Երեւանի Կենտրոնում:
Այն պահին, երբ ցուցապաստառներով, քաղբանտարկյալների նկարներով երթի մասնակցիները հատել են Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը, տեղի է ունեցել առաջին միջադեպը: Ոստիկանները եւ կարմիր բերետավորները ծեծելով, ուժի կիրառմամբ մի քանի երիտասարդների հեռացրել են փողոցի կենտրոնից:
Արդյունքում` ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Իսկ երթի վերջում` արդեն ՀԱԿ գրասենյակի մոտ, կարմիր բերետավորները առանց որեւէ պատճառի բերման են ենթարկել երթի 5 ակտիվիստների, այդ թվում` «Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդուն` Վահագն Գեւորգյանին:
Ակնհայտ է, որ ոստիկանների այդ «ակտիվացումը» կապված է ՀԱԿ-ի` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի հետ: Սա այն դեպքում, երբ իշխանություններն ու իշխանական լրատվամիջոցները գրեթե ամեն օր խոսում են ընդդիմության բացակայության, վարկանիշի անկման մասին:
Բացահայտ հիմարությունը չի մեկնաբանվում
Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտորն Սողոմոնյանը չի ցանկացել մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը` Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում պատասխանատվության կանչելու մտադրության մասին:
«Իմաստ չեմ տեսնում մեկնաբանել բացահայտ հիմարությունը, առավել եւս այնպիսի «հատուկ օժտված» գործչի նկատմամբ, ինչպիսին է Դավիթ Շահնազարյանը»,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Դեռեւես 2008 թվականի սեպտեմբերին Միջազգային քրեական դատարանի (ICC) պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլյա Ֆլետչերը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ICC-ն չի քննարկելու Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության հրավիրելու հայաստանյան ընդդիմության նախաձեռնությունը:
«Հայաստանը Հռոմի պայմանագրի անդամ երկիր չէ, եւ մեր իրավասությունը նրա վրա չի տարածվում»,- ասում է Նիկոլյա Ֆլետչերը:
Իրար դեմ ցուցմունքներ են տալիս
Նախօրեին Ռոբերտ Քոչրայնի գրասենյակը փորձել է պարզաբանել ՀՀ պաշտպանության նախարարի` 2008 թ. փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որով բանակը բերվում էր զորանոցային վիճակի, ձեւավորվում էր Երեւանի կայազորի պտի աշխատակազմ` գրեթե անսահմանափակ լիազորություններով եւ այլն:
Բանից պարզվում է` 2008 թ. հունվար-մարտ ամիսներին «Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին` Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով»: Հասկացա՞ք:
Փաստորեն, որպեսզի հանկարծ ադրբեջանցիները չօգտվեն առիթից եւ չհարձակվեն Հայաստանի վրա, պաշտպանության նախարարը որոշել է սահմանամերձ շրջաններից զորքեր տեղափոխել Երեւան: Շատ իմաստուն որոշում է: Ադրբեջանցիներն էլ երեւի մտածել են` «Էս որ սրանք զորքերը հանում են սահմաններից, ուրեմն կա-չկա` մի բան կա, չի կարելի հարձակվել»:
Երկու տեսակի ընդդիմություն խորհրդարանում
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առավել ցցուն զգացվեց խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի տարբերությունները: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը կողմ արտահայտվեց կառավարության ներկայացրած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալուն, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դեմ էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել