HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Լեզվի հարցը փախստականների համար դեռեւս առաջնային է

«Ոչ մի անգամ հետ չեմ գնա Բաքու, երեխաները ձեռքներիս այնպես ենք փախել այնտեղից, որ մտածել անգամ չեմ ուզում դրա մասին: Լավ է իմ հայրենիքում աղքատության մեջ ապրեմ, քան վերադառնամ այնտեղ»,- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում քննարկվող փախստականների վերադարձի հարցի մասին խոսելիս ասում է փախստական Թամարա Ամիրջանովան:

Նա չի էլ պատկերացնում, որ այսուհետ կարելի է ադրբեջանցիների հետ միեւնույն քաղաքում կամ գյուղում ապրել: «Իրենց վերադարձին էլ եմ դեմ: Քի՞չ են հայերից Ադրբեջանում տներ վերցրել, թող գնան այնտեղ ապրեն` իրենք իրենց համար, մենք` մեզ»,- ասում է տիկին Թամարան: Նա հաճախ է հիշում Բաքուն, նախկին տունը, բայց գոհ է, որ այսօր ապրում է Շուշիում: 1989-ին ամուսնու եւ 4 երեխայի հետ ստիպված եղան թողնել Բաքվի իրենց տունը:

«Ինչ շորերով կայինք` նրանով էլ դուրս եկանք, մեզ հետ ոչինչ չվերցրինք ու մեկնեցինք Մոսկվա, որտեղից էլ մեզ ուղարկեցին Հայաստան: Չորս տարի Սիսիանում ենք ապրել, տեղի ֆաբրիկայում ենք աշխատել ու բնակվել հանրակացարանում: Բայց քանի որ տուն չունեինք, որոշեցինք գալ Ղարաբաղ` հայրենիք: Եկանք ու այնպես ստացվեց, որ մեզ տուն տվեցին Շուշիում»,- պատմում է տիկին Թամարան: Նա ամուսնու եւ աղջկա հետ ապրում է Շուշիի իրենց 4 սենյականոց բնակարանում: Տիկին Թամարայի մյուս երեխաներն ամուսնացել են եւ արդեն իրենք երեխաներ ունեն: Աղջիկներից մեկն ամուսնացել ու ապրում է Ռոստովում, մյուսը ամուսնացած է Շուշիում, որդին իր ընտանիքով նույնպես այստեղ է ապրում` վարձով:

Տիկին Թամարան ասում է, որ նա բնակարան գնելու հնարավորություն չունի, նույնիսկ հիփոթեքային վարկավորմամբ, քանի որ համապատասխան եկամուտ չունի: Իրենք էլ չեն կարող ֆինանսապես օգնել որդուն: 60-ամյա տիկնոջ ամուսինն է տան միակ աշխատողը. Շուշիի էլեկտրացանցում է աշխատում ու ստանում 60 հազար դրամ: Տիկին Թամարան խոստովանում է, որ այդ եկամտով չեն կարող ապրել, եթե չլինի Ռուսաստանում ապրող աղջկա օգնությունը:

«Նա մեզ պարբերաբար փող է ուղարկում, թե չէ ո՞նց կարող ենք յոլա գնալ»,- ասում է նա: Տիկին Թամարան աշխատանք չի կարողանում գտնել, թոշակային տարիքի էլ դեռ չի հասել: Չի աշխատում նաեւ իրենց հետ ապրող 37-ամյա աղջիկը. նա հաշվապահական դպրոց է ավարտել, այժմ էլ քոլեջում է սովորում, քանի որ աշխատանքի ընդունվելիս դիպլոմ են պահանջում: Աշխատանք չի գտնում նաեւ Շուշիում ապրող մյուս աղջիկը, ով համակարգչային դասընթացի է մասնակցել:

Աշխատանք չգտնելու հիմնական պատճառներից մեկը լեզվի չիմացությունն է. տիկին Թամարան ասում է, որ աղջիկները ռուսական կրթություն են ստացել Բաքվում, իսկ Ղարաբաղում հայոց լեզվի իմացությունը պարտադիր է աշխատանքի ընդունվելու համար: Տիկին Թամարան այդ խնդրին փորձում է ուշադրություն չդարձնել, Շուշին իրենց համար հարազատ է դարձել եւ չեն պատրաստվում ուրիշ տեղ գնալ, սակայն ցանկալի կլիներ, որ լեզվի հարցն ինչ-որ ձեւով լուծվեր: «Մենք ոչինչ, բայց երիտասարդների համար դա լուրջ խնդիր է»,- ասում է նա: Լեզվական խոչընդոտի մասին նշում են Ղարաբաղում բնակվող փախստականներից շատերը, ովքեր հեռանալու մտադրութուն չունեն, բայց լեզվի չիմացության պատճառով աշխատանք չեն կարողանում գտնել:

ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Նա առաջարկում է ռուսերենը եւս օգտագործել գրագրության մեջ: Կազմակերպության նախագահը գտնում է, որ հարցի լուծումը կարող է նպաստել մեր հայրենակիցների վերադարձին Ղարաբաղ, քանի որ շատերն են ուզում վերադառնալ, բայց լեզվի հետ կապված խնդիրներ ունեն եւ չեն պատկերացնում, թե այստեղ ինչով կարող են զբաղվել:

Սարասար Սարյանի խոսքերով` նրանց թվում ոչ միայն Ադրբեջանից բռնագաղթվածներ են, այլեւ պատերազմի տարիներին այստեղից հեռացած եւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվողները, ում երեխաները ռուսական կրթություն են ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter