1 քմ հողամասը գնահատել են 59.2 դրամ. գյուղացիները դիմել են Եվրադատարան
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանը կնոջ եւ երեք երեխաների հետ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հայցելով սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքից զրկելու հետեւանքով հասցված նյութական եւ բարոյական վնասի հատուցումը: Վարդանյանները Շնողում ունեցել են երկու առանձին հողատարածքներ, որոնք նրանց եկամտի միակ աղբյուրն էին:
2007 թ. Կառավարության թիվ 1279 որոշմամբ` Թեղուտ եւ Շնող գյուղական համայնքներում գտնվող 81.483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ, գերակա հանրային շահ: Օտարվող հողամասի ձեռքբերող է հանդիսանում Թեղուտի հանքավայրը շահագործող «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) փակ բաժնետիրական ընկերությունը, որն այնուհետեւ «Թեղուտ» ՓԲԸ-ին ընտրել է որպես Թեղուտ եւ Շնող գյուղական համայնքներում գտնվող 81.483 հեկտար հողերի ձեռքբերող:
«Թեղուտ» ՓԲԸ-ն դիմել է դատարան` Վարդանյաններին պատկանող վարելահողը եւ խոտհարքը պետական եւ հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով:
«Թեղուտ» ՓԲԸ-ն 0,334 հեկտար վարելահողի համար Վարդանյաններին առաջարկել է 163 հազար ՀՀ դրամ` գումարած 15% հավելավճար:
Տվյալ գումարը հետագայում ավելացել է եւ կազմել 173 հազար դրամ, ընդհանուր առմամբ առաջարկվել է 197 հազար 450 դրամ: Իսկ 0.932 եւ 0.723 հեկտար վարելահողի եւ խոտհարքի համար առաջարկվել է 1 մլն 92 հազար 500 դրամ: Հետագայում հայցվոր կողմը գումարն ավելացրել է, եւ ընդհանուր առմամբ առաջարկել է 1 մլն 133 հազար 900 դրամ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի նոյեմբերի 7-ին բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Վարդանյանների ընտանիքի` համարելով, որ 0.334 հեկտար վարելահողի համար 197 հազար 450 դրամը եւ 0.932 եւ 0.723 հեկտար վարելահողի եւ խոտհարքի համար 1 մլն 133 հազար 900 դրամը համարժեք են: Այսինքն` 1 քառակուսի մետր հողատարածքը միջին հաշվարկով գնահատվել է 59.2 դրամ:
Մինչդեռ 2003 թվականի դեկտեմբերի 29-ին ամրագրված կադաստրային արժեքով` Շնող գյուղում 1 քմ հողը հավասար է 222 դրամի: Փաստորեն, Կառավարությունը Վարդանյաններին պատկանող հողատարածքի համար հարկը գանձել է 1 քմ-ի համար 222 դրամի հաշվարկով, իսկ փոխհատուցումը տվել է 1 քմ-ը 59.2 դրամ հաշվարկով:
Դիմումատուները Եվրոպական դատարանի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ սկզբնական շրջանում «Թեղուտ» ՓԲԸ-ն իրենց նույն հողատարածքի համար դատական կարգով առաջարկել է ավելի քիչ գումար, այնուհետեւ առաջարկվող գումարը նույն մասնագետի միջոցով, հաշվետվության ուղղման եղանակով, առանց հիմնավորումների բարձրացվել է:
«Բերված փաստարկը հիմնավորում է այն պնդումը, որ դիմումատուների հողատարածքները գնահատվել են անորոշ եւ կամայական մոտեցումով»,- նշված է Եվրոպական դատարան ուղարկված հայցադիմումում:
Նախքան Եվրոպական դատարան դիմելը, Վարդանյանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Այնուհետեւ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը ետ է վերադարձրել` գտնելով, որ «քննության համար բավարար հիմքեր չկան»:
Վարդանյանները նշում են, որ «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ն իրենց պատկանող հողատարածքները ճիշտ չի գնահատել, հաշվի չի առնվել, որ տվյալ հողատարածքում աճեցված տարբեր բույսերի շնորհիվ ընտանիքը պահում է ընտանի կենդանիներ` հավ, կով, խոզ, որոնք եկամուտներ են բերում ընտանիքին: Իսկ ներկայումս փոխհատուցվող գումարը բավարար չէ նույնիսկ նշված չափով հողատարածք գնելու համար:
Վարդանյանների ընտանիքը չի կարողացել այլ մասնագետի կարծիքի վրա հիմնված այլընտրանքային եզրակացություն ներկայացնել դատարան, քանի որ բոլոր կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետական մարմինների ճնշման հետեւանքով հրաժարվել են գնահատել հողատարածքները:
Բացի այդ` այդ նույն «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնող գյուղի մեկ այլ ընտանիքից` Շահնազարյաններից գնել է 0.024 հեկտար հողատարածք` 266 հազար 760 դրամով: Փաստորեն, ավելի փոքր հողատարածքի համար վճարվել է ավելի շատ գումար:
Վարդանյաններին պատկանող հողատարածքում առկա 10 ընկուզենիները ընդհանրապես չեն գնահատվել, հետեւաբար փոխհատուցում չի հաշվարկվել: Մինչդեռ ըստ հայցադիմումի` Վարդանյանները յուրաքանչյուր տարի 10 ծառից հավաքել են 800 կգ ընկույզ, որի արժեքը շուկայում 2 մլն դրամ է:
«ՀՀ Կառավարությունը, դիմումատուներին պատկանող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքից զրկելով, համարժեք փոխհատուցում չի տրամադրել, այսինքն` փոխհատուցումը չի եղել համաչափ, որի արդյունքում խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասը,- նշված է հայցադիմումում,- դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սեփականությունից եւ օգտագործումից զրկելը չի կատարվել ի շահ ընդհանուրի, այլ ի շահ մեկ այլ անձի, տվյալ անձի գերշահույթ ստանալն ապահովելու նպատակով»:
Վարդանյանները պատրաստվում են վնասների հատուցման հաշվարկը Եվրոպական դատարան ներկայացնել դիմումը դատարանի կողմից ընդունելի համարվելուց հետո:
Վարդանյանների ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ փոխհատուցման չափը կներկայացնեն համեմատական կարգով. «Ինչքան որ մյուսին են տվել, դրանից ոչ պակաս էլ պետք է նրանց տան»:
Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Շնող ու Թեղուտ գյուղերի 7 ընտանիքներ նմանատիպ հայցադիմումներ են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ներկայումս մի քանի այլ հայցադիմումներ էլ ենք պատրաստում»,- ասաց Կարեն Թումանյանը:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել