HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ադրբեջանական մանիպուլյացիան եւ հայկական «պրովոկացիան»

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար, արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 15-ին հայտարարել էր, թե Բաքուն հետաքրքրված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ։ 2008թ. լԱքվիլայում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն առաջին անգամ է խոսում ԼՂ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի` իր համար ընդունելի լինելու մասին։ Արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այս հայտարարությունն արեց Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից մոտ երեք շաբաթ անց, երբ լրացել էր կարգավորման սկզբունքներն ամրագրող փաստաթղթի դեռեւս չհամաձայնեցված դրույթների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված ժամկետը։ Փաստորեն, այդ առաջարկությունները ներկայացնելու փոխարեն Բաքուն հայտարարում է ամբողջական փաստաթղթի ընդունելի լինելու մասին։ Հիշեցնենք, որ Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել, երկրորդ՝ չեն կարող ստեղծվել մեխանիզմներ եւ սկզբունքներ, որոնք Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի բաժանման հնարավորություն կստեղծեին»։ Մամեդյարովի հայտարարությունը բացարձակապես չի նշանակում, թե անցած շաբաթվա ընթացքում Բաքվի դիրքորոշումը մեղմացել է։ Ադրբեջանի արտգործնախարարը եւս պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակն իրենք տեսնում են բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ինքնավարության բարձր մակարդակի ապահովմամբ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը միայն խուսափում է կարգավորման սկզբունքներն ամրագրող փաստաթղթի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելուց՝ առանց փոխելու իր մաքսիմալիստական մոտեցումները։ Ամբողջական փաստաթղթի ընդունելի լինելու մասին Մամեդյարովի հայտարարությունն այլ բան չէ, քան միջազգային հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ։ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը Բաքվում հայտարարեց, թե Իլհամ Ալիեւին է փոխանցել Ղազախստանի առաջարկությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Եթե ՄԽ-ի առաջարկած Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակն իսկապես ընդունելի լիներ Ադրբեջանի համար, եւ վերջինս պատրաստ լիներ այն ստորագրել, ապա Աստանան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ ներկայացնելու խնդիր չէր ունենա։ Բաքվի նվազագույն խնդիրը տվյալ իրավիճակում բանակցությունների առժամանակ սառեցումն է՝ թուրքական ներգրավվածությունը մեծացնելու հեռահար նպատակադրմամբ։ Սակայն Բաքուն ուզում է, որ սառեցման պատասխանատվությունն ընկնի Հայաստանի վրա։ Դրա համար օգտագործում է Սոչիում քննարկված փաստաթղթի վերաբերյալ Երեւանի կողմից առաջարկություններ չներկայացնելու փաստը։ «Ես վերջերս խոսել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ նա ասել է, որ հայկական կողմը մինչեւ հիմա չի ներկայացրել իր առաջարկությունները «բազային սկզբունքների» չհամաձայնեցված խնդիրների առնչությամբ»,- փետրվարի 15-ին ասել էր Էլմար Մամեդյարովը։ Պաշտոնական Երեւանն իսկապես մինչեւ հիմա այդ առաջարկությունները չի ներկայացրել։ Դա ուղղակիորեն հաստատեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկու օր առաջ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ «Կա փաստաթուղթ բանակցային սեղանին՝ Մադրիդյան առաջարկներ, որոնք արվել են 2007 թ. նոյեմբերին, եւ ուզում եմ հիշեցնել, որ մի ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում էր այդ փաստաթուղթն ընդունել իբրեւ բանակցության հիմք։ Ինչ վերաբերում է աշխատանքային փաստաթղթերին, որոնց կապակցությամբ կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, ինչի մասին եւ պայմանավորվածություն եղավ Սոչիում, այդպիսի առաջարկությունները ներկայացվելու գործընթացում են։ Կարծում եմ՝ ադրբեջանական կողմն այդպիսի առաջարկներ կներկայացնի, եւ մենք կշարունակենք այդ քննարկումները»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը։ Ըստ էության, Երեւանն ընդամենը ի գիտություն է ընդունում Մադրիդյան նորացված սկզբունքների ընդունելի լինելու մասին Բաքվի հայտարարությունը, սակայն հասկացնում է, որ քննարկումները շարունակելու համար հիմք է ընդունելու դրանց չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի կոնկրետ առաջարկությունները, որոնք, սակայն, առայժմ չկան։ Այլ կերպ ասած՝ Երեւանը կուլ չի տալիս Բաքվի նետած խայծը, թեեւ իր հերթին այս իրավիճակում բանակցությունների սեղանին կրկին նստելու ցանկություն չի ցուցաբերում։ Ավելին, հայկական կողմից հնչող վերջին ազդակները թույլ են տալիս ենթադրել, թե Երեւանն իր հերթին հակված չէ բանակցություններն այս ընթացքով շարունակելուն։ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթ ունենալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Կարծում եմ, որ որպես գործելու եւ լուծումներ գտնելու ուղեցույց, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ եւ ուղեցույց հանդիսանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»։ Ըստ էության, Հայաստանը ձգտում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ավելի արագ հանգուցալուծել, քան ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Հայաստանի մոտիվացիան պարզ է. թույլ չտալ, որպեսզի ԼՂ կարգավորումն ընթանա հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, նույնն է թե` Թուրքիայի ուժեղ ճնշման ազդեցությամբ։ Այս իմաստով Երեւանին ինչ-որ տեղ նույնիսկ ձեռնտու է, որպեսզի Ղարաբաղյան բանակցային գործընթացում որոշակի դադար արձանագրվի, համենայնդեպս այնքան, մինչեւ պարզ կլինի՝ Թուրքիան գնալու՞ է երկու արձանագրությունների վավերացմանը, թե՞ ոչ։ Իսկ դրան հասնելու ամենակարճ ձեւը բանակցային գործընթացում դիրքորոշման կարծրացումն է, ինչը եւ անում է հայկական կողմը՝ օգտագործելով մի քանի լծակներ։ «Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում»,-Լոնդունում ասել էր Սերժ Սարգսյանը։ Սակայն երկու օր առաջ Երեւանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. «Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ՝ թե ով է որոշում։ Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Այդ մասին հստակ ասված է նաեւ Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լգԱքվիլայում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո։ Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա, փաստորեն, խոչընդոտում է կարգավորման գործընթացին»։ Ակնհայտ է, որ Երեւանը, ի հեճուկս Բաքվի, որոշել է սրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու խնդիրը եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարում։ Մասնավորապես օգտագործելով Սաուդաբաեւի՝ տարածաշրջան կատարած այցը եւ հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ, վերջինիս շուրթերով խոսում է ԼՂՀ-ին հենց այս փուլում բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին։ Երեւանում ասուլիս հրավիրելով՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց. «Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշում եւ հիմնականում քննարկում տարածքային ամբողջականության թեման։ ԵԱՀԿ նախագահին առաջարկել եմ տարածքային ամբողջականությունից հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթության քննարկման։ Նման մոտեցումը հնարավորություն կտա արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում եւ վերջնականապես մոտենալ հարցի խաղաղ կարգավորմանը։ Այդ բոլոր փաստաթղթերի քննարկման փուլերում կա մեկ անհրաժեշտություն. այն է՝ ԼՂՀ-ի մասնակցությունը։ Կարծում եմ, որ առանց Արցախի մասնակցության՝ այդ փաստաթղթերի մշակումն ու քննարկումը անհնար է»։ Նույն ընթացքում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարում էր. «Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության խնդիրը չի կարգավորվելու։ ԼՂ հիմնախնդիրը լուծվելու է միայն ԼՂՀ ժողովրդի կամքով։ Մենք մանդատ չենք տվել ՀՀ իշխանություններին, որ բանակցություններում ներկայացնեն ԼՂՀ-ն»։ Դրան զուգահեռ Երեւանը փորձում է հակահարձակման անցնել հենց ադրբեջանական պնդումների համատեքստում։ Առաջին անգամ արտգործնախարարի մակարդակով միջնորդ երկրների եւ Ադրբեջանի առջեւ Երեւանը բարձրացրեց Ադրբեջանի օկուպացմանը ենթարկված Շահումյանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների հարցը. «Ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների փախստականների վերադարձի հարցերը»,- Երեւանում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Կողմերի վերջին հայտարարությունները, փաստորեն, ցույց են տալիս, որ թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Հայաստանը Սոչիի գործընթացը շարունակել չեն ուզում` առնվազն տակտիկական նկատառումներից ելնելով։ ԼՂ կարգավորման գործընթացը, ըստ ամենայնի, մտել է փակ շրջան, որտեղ կողմերը միայն սեփական դեմքը պաշտպանելու խնդիր են լուծում։ Այս պնդումը լավագույնս հաստատվում է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ցուցաբերած անսովոր քար լռությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter