
Այսօր ժամը 11.00-ին Էմմին և Միհրանը մեկնել են ԱՄՆ` շարունակելու «Հեյ-հեյ» երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երգչուհու մայրն ասում է, որ Էմմին չի հեռացել Հայաստանից և շարւնակելու է աշխատել: «Ոչ Էմմին, ոչ Միհրանը իրենց պարտված չեն համարում»,- նշում է Նադեժդա Սարգսյանը` հավելելով,որ ամենամեծ հաղթանակը վիթխարի հանդիսատեսի ջերմությունն է, որ նրանք ստացան:
Երգչուհու մայրը ասաց նաև, որ իրենց ոչ ոք չի խոստացել, թե հաջորդ տարի Էմմին կգնա «Եվրատեսիլ»: Իսկ այս տարի Էմմիի և Միհրանի այլ երկրի կողմից «Եվրատեսիլ»-ում մասնակցության վերաբերյալ հարցին, տիկին Սարգսյանը պատասխանեց` no comment:
Ինչ վերաբերում է արդյունքների ամփոփումից հետո Միհրանի ձեռնոցը նետելուն, ապա Նադեժդա Սարգսյանը նշում է, որ «դա Մայքլ Ջեքսոնի տրյուկն է», իսկ բեմից Էմմի և Միհրանի հեռանալը բնական է համարում: Նա նշեց, որ իր համար մեծ հպարտություն է, որ իրեն ասում են` Էմմի մայրը:
Նադեժդա Սարգսյանը նշում է, որ իրենց սկզբից ասել էին, որ «Եվրատեսիլ» կգնան Էմմին և Միհրանը, և հնարավոր է` լինի ոչ թե կատարողի ընտրություն, այլ երգի, այսինքն` ընտրելու էին Էմմի և Միհրանի երգերից մեկը: Նադեժդա Սարգսյանը նշում է, որ մինչ Էմմի ԱՄՆ մեկնելը ինքը բազմիցս հարցնում էր` արժե մեկնել, թե ոչ, իսկ իրեն ասում էին` դուք ինչ ունեք վախենալու, երկրպագուների մեծ բանակ ունեք:
Իսկ Էմմիին «Եվրատեսիլ» ուղարկելու մասին Նադեժդա Սարգսյանին խոստում էր տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ալեքսան Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել