HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախում նշում են Վերածննդի օրը

Ազգային-ազատագրական շարժումը 22 տարեկան է

Այսօր Ղարաբաղում նշում են Արցախի ազգային ազատագրական շարժման 22-րդ տարեդարձը եւ Արցախի վերածննդի օրը: Ուղիղ 22 տարի առաջ` այս օրը, գումարվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց հետեւյալ որոշումը. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդին` խորն ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը,

միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի  դրական լուծման համար»: Այդ պատմական օրն այսօր Ազգային ժողովում կազմակերպված տոնական հավաքում հիշեց հենց նույն նստաշրջանը նախագահող Վիգեն Հայրապետյանը, ում էլ իրավունք վերապահվեց բացել այսօրվա միջոցառումը:

«Հայ ժողովրդի պատմության մեջ փետրվարի 20-ը մնալու է պայծառ օրերից մեկը: Այն հիմնաքարն էր մեր բոլոր հաջողությունների, հաղթանակների: Չլիներ այդ օրը, վստահ եմ, ոչ մեկը չէր լինի»,- իր խոսքում նշել է Վիգեն Հայրապետյանը: Նա այսօրվա պես հիշում է այդ օրը, նստաշրջանի մասնակից պատգամավորների լարված, մտահոգ դեմքերը:

Նրա խոսքերով, այն ժամանակ չէր էլ պատկերացնում, որ 22 տարի անց գեղեցիկ դահլիճում ժպիտները դեմքներին եւ վստահ Ղարաբաղի վաղվա օրվա նկատմամբ մարդկանց կհանդիպի:

«Չէի պատկերացնում, որ Ղարաբաղում մանկապարտեզներ, դպրոցներ եւ հիվանդանոցներ կկառուցվեն եւ կյանքը կլավանա, բայց դա այսօր իրականություն է, եւ այդ ամենը չտեսնելու համար կույր պետք է լինել: Բայց ես համամիտ չեմ մեր աշխատանքի տեմպի հետ, մենք իրավունք չունենք շռայլ ծախսել մեր ժամանակը: 2 տարում կառուցվելիքը 1,5 տարում պետք է կառուցենք, պիտի աշխատանքի տեմպը արագացնենք»,- այս էր Վիգեն Հայրապետյանի խորհուրդը, որը հաշվի առնելու խոստում տվեց այսօր միջոցառման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը. «Մեր հնարավորության սահմաններում արագացնելու ենք տեմպերը բոլոր ճակատներով»:

Նախագահն իր ելույթում շեշտեց, որ անշրջելի է ու հաստատուն Արցախի ժողովրդի` ժողովրդավարական պետություն կառուցելու բռնած ուղին. «Խորապես համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն ու միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջական երկխոսության միջոցով: Այնինչ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքներն իզուր են եւ անտեղի: Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետության եւ ժողովրդի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»:

Այսօրվա միջոցառմանը, որին հրավիրված էին Արցախի բոլոր  գումարումների պատգամավորները, ելույթ ունեցան նաեւ նրանցից մի քանիսը: Իր ելույթում առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, այժմ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը նշեց, որ Արցախը ձեռնամուխ է եղել մի դժվարին ստեղծագործական աշխատանքի իրականացմանը` պետության ստեղծմանը: Ըստ նրա` Արցախի ժողովրդին հաջողվել է ստեղծել պետություն` իր բոլոր ինստիտուտներով, եւ պարտադրված պատերազմում ապացուցել իր իրավունքը:

«Բոլոր գումարման Արցախի պատգամավորները կրում են եւ կրելու են այդ ստեղծագործությունը շարունակելու պատասխանատվությունը, եւ ամենամեծ գործը, որ պատգամավորը կարող է անել որպես ժողովրդի ներկայացուցիչ, լրջորեն քննարկելն է ապագա քայլերը, որովհետեւ ամենամեծ պատասխանատվությունը բոլորս կրելու ենք պատմության առջեւ: Պատմությունն էլ գնահատելու են մեր երեխաները, եւ տա Աստված, որ նրանք մեզ չասեն, որ հերթական անգամ այս կամ այն պատճառով սխալվեցիք»,- շեշտել է Գեորգի Պետրոսյանը` ավելացնելով, որ այսօրվա մարտահրավերները պակաս չեն, քան նրանք, որ եղել են:

«Մենք պետք է լինենք ամեն ինչի պատրաստ, անհրաժեշտության դեպքում պատրաստ ինքնազոհության գնալ, որ այս ստեղծագործական կյանքը շարունակվի մեր երեխաների կողմից»,- եզրափակել է նա:

Միջոցառման հանդիսավոր արարողությունից հետո ԱԺ ճեմասրահում տեղի ունեցավ առաջին գումարման Գերագույն խորհրդի` Արցախյան պատերազմի տարիներին նախատակված 11 պատգամավորների հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter