HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տատը օրը 2 դրամով լվանում է 1500 շիշ` թոռներին պահելու համար

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի անընդհատ ծխացող աղբանոցի անմիջական հարեւանությամբ արդեն 2 տարի ապրում են 3 անչափահաս երեխաներ իրենց տատի` Լաուրա Թադեւոսյանի հետ: Երեխաների մայրը` Կարմեն Ղահրամանյանը, 2009 թվականի դեկտեմբերին մահացել է այստեղ: Մահվան պատճառը թոքերի տուբերկուլյոզն է եղել: Լաուրա Թադեւոսյանը պատմեց, որ գումար չեն ունեցել, որպեսզի աղջկան բժշկի տանեն: Իսկ երբ Կարմենի վիճակը ծանրացել է ու նրան տարել են հիվանդանոց, պարզվել է, որ փրկել այլեւս հնարավոր չէ: Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանի միջնորդությամբ Սասունիկի համայնքապետարանի հոգաբարձության մարմինը անչափահաս երեխաների տատին արդեն ճանաչել է խնամակալ: Երբ այցելեցինք լքված տնակ, մեզ դիմավորեց Լաուրան: Նա ամբողջությամբ մրոտ էր, այտերը` ցրտից այտուցված: Հագի շորերը նույնպես կեղտոտ էին ու հնամաշ: Նա շատ գրագետ էր խոսում եւ առանց ավելորդ հուզումների պատմեց, որ իրենց կյանքը միշտ դժվար է եղել ու հիմա այս պայմաններին արդեն համակերպվել են: Սյունիքի մարզի Կապան քաղաքում ունեցել են մեկ սենյականոց բնակարան: Այն վաճառել են ու տարբեր տեղերում վարձով ապրելուց հետո հայտնվել Սասունիկի աղբանոցում: «Փեսաս Մասիս քաղաքից էր եւ ուզում էր, որ քաղաքին մոտ լինեինք: Մենք էլ բնակարանը վաճառեցինք, եկանք Երեւան` հույս ունենալով, որ բնակարան կգնենք, կապրենք: Գողություն կատարելու համար նա բռնվեց, մենք էլ տարբեր տեղերում ապրելուց հետո հայտնվեցինք այստեղ: Սկզբում Աշտարակում էինք ապրում, հետո ծանոթի միջոցով եկանք այստեղ,- պատմեց տիկին Լաուրան ու հավելեց:- Մարդու ձեռքին որ փող է ընկնում, միանգամից չգիտի, թե ոնց ծախսի: Բնակարանի գումարը փեսաս ու աղջիկս էին տնօրինում: Փողը ծախսվեց-գնաց, մենք էլ հայտնվեցինք փողոցում»: Երկաթյա տնակը, որտեղ ապրում են երեխաները տատի հետ, ամբողջությամբ քայքայված է, տանիքը` պոկված: Երբ մտանք տնակ, տարածքը ծխի մեջ կորած էր, ամենուր մուր էր: Նույնիսկ անկողնու սավաններն էին սեւացած: Նրանք վառում էին աղբանոցից հավաքած պլաստմասե իրեր, կոշիկներ եւ փայտի կտորներ: 14- ամյա Արմանի դեմքը մրոտված էր: Մեզ տեսնելով` նա ամաչեց ու թաքնվեց տնակի անկյունում, վրան գցեց մի շորի կտոր, որ իրեն այդ վիճակով չլուսանկարենք: Տնակն ուներ 2 փոքր սենյակ, որտեղ դրված էր 2 երկաթե մահճակալ ու մի քանի աթոռ: «Ահավոր պայմաններում ենք ապրում: Ամաչում եմ, որ դուք տեսնեք, թե ինչ պայմաններում ենք ապրում»,- ասաց Լաուրան: Արդեն 2 տարի է ընտանիքն ապում է առանց լույսի` մոմի լույսով են սենյակը լուսավորում: Տիկին Լաուրան պատմեց, որ Հայաստանում հարազատներ չունեն, բոլորը Ռուսաստանում են: Լաուրայի որդին նույնպես Ռուսաստանում է ապրում եւ, մոր ասելով, «հնարավորության դեպքում փող է ուղարկում»: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը ապակյա շշեր լվանալուց գոյացած գումարն է: Լաուրայի ասելով` Աշտարակում լիմոնադի արտադրամաս կա, այնտեղից շշերը բերում են, ինքը հատը 2 դրամով լվանում է, գալիս տանում են: «Հիմա ցուրտ է, չեմ հասցնում շատ շիշ լվանամ, օրը հազիվ 1500 հատ եմ կարողանում լվանալ: Որ երեխեքը տանն են լինում, ինձ օգնում են, մի քիչ շատ եմ լվանում ու շատ փող է լինում: Աղջիկ երեխա է, բայց ամբողջ օրը ջրերի մեջ է` շիշ է լվանում, որ փողը մի քիչ շատ լինի: Ուրիշ էլ ի՞նչ անեմ»,- ասաց Լաուրան: Նա նշեց, որ երեխաները աղբանոցից գունավոր մետաղներ կամ պիտանի իրեր են հավաքում, հանձնում են ու մի քանի դրամ գումար էլ այդ եղանակով են աշխատում: 15 տարեկան Ռուզաննան, 14 տարեկան Արմանն ու 8 տարեկան Իսահակ Ղահրամանյանները հաճախում են Կարին գյուղի դպրոց: Տատի ասելով` երեխաները լավ են սովորում, ու ինքը ամեն ինչ անելու է, որ նրանք դպրոցից դուրս չմնան: «Տղաս որ գումար ուղարկեց, մի քիչ շոր առա երեխեքին, որ կարողանան դպրոց գնալ: Բայց գումարը քիչ է, մեզ չի բավարարում: Շոր առնենք` ուտելիքն է քիչ լինում, առանց շոր էլ ո՞նց ապրենք»,- ավելացրեց Լաուրան: Նշենք, որ ընտանիքը մինչ օրս նպաստ եւ թոշակ չի ստացել: Լաուրան գնացել է իրենց գրանցման վայր` Կապան, փաստաթղթեր է լրացրել, որ նպաստն ու կերակրողին կորցնելու երեխաների թոշակը Աշտարակից ստանան: Կապանում խոստացել են, որ մարտից նպաստն ու թոշակը կստանան: Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Հետքին» փոխանցեց, որ արդեն խոսել է Կապանի իր գործընկերոջ հետ եւ նպաստի ու թոշակի փաստաթղթերի ձեռքբերումն իրենց բաժնի ուշադրության կենտրոնում է: «Արագածոտնի մարզպետը Լաուրային 20 հազար դրամ օգնություն է տվել: Բայց մեր մտահոգությունն այլ է: Պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ ընտանիքը դուրս գա այդ տնակից, քանի որ պայմանները շատ վատ են: Սասունիկի համայնքապետը վարձով տուն է գտել գյուղում, պատրաստվում ենք ընտանիքին տեղափոխել այդտեղ: Այս ընտանիք, իրոք, օգնության խիստ կարիք ունի»,- ասաց Գ. Դանիելյանը: Տես նաեւ՝ Աղբանոցի բնակիչները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter