«Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանին պարտադրվեց տրամադրել փաստաթղթերը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 12-ից սկսվել է գերմանական ներդրումային «ԻստԻնվեստոր» ընկերության հայցի քննությունն ընդդեմ «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի: Հիշեցնենք, որ «ԻստԻնվեստոր» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում» ուներ 3.2% բաժնետոմս, սակայն 2008 թ. հոկտեմբերին կոմբինատը համախմբել է (կոնսոլիդացրել) իր բաժնետոմսերը, ինչի արդյունքում «ԻստԻնվեստորը» չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս:
Նիստը նախագահող դատավոր Ա. Մելքումյանը փորձեց կողմերից ճշտել, թե արդյո՞ք նրանք հաշտության եզրեր տեսնում են:
«ԻստԻնվեստոր» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ հայցվորը բաց է բանակցությունների համար, իսկ կոմբինատի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը նշեց, որ եթե կա հաշտության առարկա, իրենք եւս պատրաստ են հաշտություն կնքել, բայց դեռեւս հայցվոր կողմից նման առաջարկ չեն ստացել: Չնայած նման դիրքորոշմանը, դատարանում էլ հաշտության առաջարկ-պահանջարկ չձեւավորվեց:
Ներկայացնելով հայցի պահանջները` Արա Զոհրաբյանը նշեց, որ եթե կոմբինատի բաժնետոմսերի կոնսոլիդացման արդյունքում որեւիցե բաժնետեր չի կարողացել ձեռք բերել գոնե մեկ բաժնետոմս, ապա ստացվում է, որ բաժնետերը զրկվել է իր սեփականության իրավունքից:
Իսկ անձը կարող է սեփականությունից զրկվել միայն դատական կարգով: Հակառակ դեպքում խնդիր է առաջանում Սահմանադրության դրույթների եւ Եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածի, այն է` սեփականության իրավունքի հետ:
Արա Զոհրաբյանը ապացույցներ պահանջելու միջնորդություն ներկայացրեց: Նա դատարանին խնդրեց պատասխանողից պահանջել` ներկայացնել ընկերության տիրապետության ներքո գտնվող մի շարք փաստաթղթեր, քանի որ իրենք դիմել են ընկերությանն այդ փաստաթղթերը տրամադրելու գրավոր պահանջով, սակայն պատասխանողը մինչ օրս որեւէ փաստաթուղթ չի տրամադրել:
Արա Զոհրաբյանը մասնավորապես պահանջում էր ընկերության գրանցման վկայականը, կանոնադրությունը, փոփոխությունները, հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը, ընկերության ստորաբաժանումների հիմնարկների կանոնադրությունները, տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթի եւ վնասի հաշիվները, պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական-վիճակագրական փաստաթղթերը, ընկերության բաժնետերերի ցուցակները, կնքած պայմանագրերը եւ այլ փաստաթղթեր:
Դավիթ Մանթաշյանը առարկել էր միջնորդության դեմ` նշելով, որ «ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը վկայակոչել էր հայցվորն իր միջնորդության մեջ, այդ փաստաթղթերը կարող են տրամադրվել բաժնետերերին, սակայն այս պահի դրությամբ հայցվորն արդեն բաժնետեր չէ, ըստ այդմ` միջնորդությունը հիմնավորված չէ:
Դավիթ Մանթաշյանի կարծիքով` «պահանջվող փաստաթղթերի բովանդակությունը եւ ցանկը չեն համապատասխանում հայցի առարկային եւ կապ չունեն վեճի բովանդակության հետ»:
Որպես պատասխանողներ գործում ներգրավված են նաեւ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը եւ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» (Nazdak-OMX): Կենտրոնական դեպոզիտարիայի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը եւ Պետռեգիստրի ներկայացուցիչ Աշոտ Թորոսյանը եւս առարկեցին միջնորդության դեմ` նույն հիմնավորմամբ` «հայցվորը բաժնետեր չէ եւ նման իրավունք չունի»:
Արա Զոհրաբյանը իրենց պահանջը բացատրեց հայցի հիմնավորմամբ, ըստ որի` իրենք նաեւ վիճարկում են գնահատող «Էն-Աուդիտ» ընկերության եզրակացությունը, որով մոտ 6 մլն դրամի արժեզրկում է կատարվել ընկերության կապիտալը հաշվարկելիս:
Նրա խոսքերով` այդ փաստը հաստատելու համար իրենց անհրաժեշտ են նշված փաստաթղթերը, իսկ հաշվապահական հաշվետվությունները կարող են որոշ պարզաբանումներ մտցնել, որը կարեւոր կլինի գործի, ինչպես նաեւ իրենց արձանագրած ընթացակարգային խախտումների պարզաբանման համար:
Չնայած Դավիթ Մանթաշյանի առարկություններին` փետրվարի 16-ին դատարանը մասնակի բավարարեց «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների պահանջը` պարտադրելով ««Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանին» տրամադրել Ընկերության պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը` կատարված փոփոխությունների ու լրացումների եւ նոր խմբագրումների հետ միասին, վերջին երեք տարվա տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման ազդագրերը, ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները, հաշվիչ հանձնաժողովի արձանագրություններն ու քվեաթերթիկները:
Դատավորի դիտարկմանը, թե Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջամտության անհրաժեշտությունը կա՞ այս հարցում, Դավիթ Մանթաշյանը պատրաստակամություն հայտնեց 3 օրվա ընթացքում նշված փաստաթղթերը փոխանցել հայցվոր կողմին` առանց ԴԱՀԿ-ի միջամտության: Արա Զոհրաբյանը եւս երկու օր պահանջեց դրանք ուսումնասիրելու համար: Դատավոր Ա. Մելքումյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 23-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել