HY RU EN

Սառա Պետրոսյան

Վարչական օրենքներով «խեղդում» են փաստաբանությունը

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. հունվարի 27-ի որոշումով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ներառվել են նաեւ հանրապետությունում գործող փաստաբանները, որը հարուցել է նրանց վրդովմունքը: Համաձայն այդ որոշման` իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնեն Կենտրոնական բանկին (ԿԲ): Ընդ որում` գործարքում կասկածելիության հիմքեր եւ չափանիշներ բացահայտելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` հաջորդ աշխատանքային օրը մինչեւ ժամը 12:00-ը: Փաստաբանների կարծիքով հիշյալ որոշումը փաստաբաններին լռեցնելու լուրջ գործիք լինելուց բացի հակասում է նաեւ փաստաբանական գաղտնիքին: Այդ կապակցությամբ Փաստաբանների պալատում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննարկել է ԿԲ-ի որոշումը եւ իր եզրակացության մեջ նշել է. «Փաստաբանական գաղտնիքը հանդիսանում է ֆունդամենտալ իրավունք, որը երաշխավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) եւ 8-րդ (Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով: Ինչպես հստակ սահմանված է մի շարք եվրոպական դատարանների որոշումներով, փաստաբանական գաղտնիքը հանդիսանում է ֆունդամենտալ իրավունք եւ նախապատվություն ունի այն ծավալով, որով պայքարը փողերի լվացման դեմ չի կարող իրականացվել «ամեն գնով»՝ ի հաշիվ փաստաբանական գաղտնիքի»: Հանձնախմբի անդամներից փաստաբան Գեւորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում ամենամտահոգիչը համարեց այն, որ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փաստաբանների մասով չարաշահվել է ձեւական պահանջները պահպանելու մասը: Նրա համոզմամբ` այս օրենքը փաստաբաններին խեղճացնելու լուրջ լծակ է հանդիսանում: «ԿԲ-ն կարող է այս պահին կտրուկ քայլերի չգնալ, բայց այն կդառնա դամոկլյան սուրը, որը միշտ կախված է փաստաբանների գլխին»,- նշեց Գ. Գյոզալյանը: Իր այս միտքը վերջինս հիմնավորում է նրանով, որ հիշյալ օրենքով փաստաբանական կազմակերպությունների համար փողերի լվացման առումով նախատեսված աուդիտը ցանկացած ժամանակ ԿԲ-ին հնարավորություն է տալիս աուդիտ իրականացնել եւ այդ միջոցով ստանալ ցանկացած ինֆորմացիա, որը փաստաբանական գաղտնիք է պարունակում: Զրուցակիցս կարծում է, որ փաստաբանները կարող են որոշ առումով չեզոքացնել հիշյալ որոշման մեջ ամրագրված անընդունելի պահանջները, եթե ոչ ձեռնարկատիրական գործունեություն ծավալեն: «Եթե մենք կարողանանք փաստաբանությունը բերել ոչ ձեռնարկատիրական գործունեության դաշտ, մեր հիմնական նպատակը կլինի անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ես այլեւս բիզնեսմեն չեմ դիտվի, որի առաջնահերթ խնդիրը շահույթ ստանալն է, իմ հիմնական խնդիրը կլինի մարդու իրավունքները պաշտպանելը»,- նշեց նա: Փաստաբանների նկատմամբ հիշյալ օրենքում կիրառելի իրավանորմերը փաստաբաններին պարտավորեցնում են, որպեսզի վերջիններս հաշվառվեն ԿԲ-ում, ունենան ներքին իրավական ակտեր, համապատասխան մասնագետ, իրականացնեն պարտադիր աուդիտ եւ այլն: Ընդ որում` այս պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում բավականին մեծ տուգանքներ են նախատեսված: ԿԲ-ից մեր հարցանն ի պատասխան հայտնում են, որ ընդունված կարգով փաստաբանները պետք է լրացնեն ու ներկայացնեն հաշվառման դիմում, որը տվյալներ է պարունակում փաստաբանի ներքին դիտարկումների մարմնի վերաբերյալ, որի գործառույթները փաստաբանը կարող է դնել իր վրա: Այդ պարտականությունը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով: Օրինակ` եթե փաստաբանը, որի գրասենյակը տասից ավելի աշխատակից ունի, լիազոր մարմնի պահանջով կամ իր նախաձեռնությամբ չհրավիրի արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման եւ արդյունավետության մակարդակը ստուգելու նպատակով, ապա կտուգանվի` 500.000 դրամ: «Հստակ պետք է փաստենք, որ փողերի լվացման մասին օրենքը թեեւ ոչ դիտավորությամբ, բայց նպատակ է հետապնդում ոչ այնքան փաստաբաններին ներգրավել փողերի լվացման պայքարի գործում, այլ ավելի շատ նպատակ է հետապնդում ձեւական պահանջները չկատարելու համար ֆինանսական մեծ պարտավորություններ դնել փաստաբանների վրա»,- նշում է Գ. Գյոզալյանը: Փաստաբանների աշխատանքային խումբը անընդունելի է համարել նման մոտեցումը եւ, զրուցակցիս ասելով, իր ընտրությունը կատարելով վատի ու վատթարագույնի միջեւ` առաջարկել է. «Թեթեւացնել օրենքով նախատեսված ընթացակարգային նորմերը եւ փաստաբաններին ազատել չհիմնավորված պարտականություններից եւ լիազոր մարմնի հետ շփվել միայն Փաստաբանների պալատի միջոցով»: Գեւորգ Գյոզալյանի ասելով` առաջիկայում եւս նոր փոփոխություններ են նախատեսվում օրենքում, որով որոշակի կատեգորիայի գործերով փաստաբաններն ամեն ինչից անկախ հաշվետվություն պետք է տան: «Փոխանակ հնարավորինս բեռնաթափեն փաստաբաններին, որովհետեւ մենք դեռ իրավական պետություն չենք, եւ եթե փաստաբանը նորմալ աշխատեց, կարող ենք դառնալ իրավական պետություն, որը շատ ավելի կարեւոր է, քան նրա փողերը հաշվելը, ընդհակառակը` վարչական օրենքներով խեղդում են փաստաբանությունը»: Փաստաբանը նշում է, որ պետությունը փողերի լվացումը վերահսկելու բազմաթիվ գործիքներ ունի` սկսած բանկերից վերջացրած նոտարներով, կադաստրով եւ այլ մարմիններով, եւ ճիշտ չէր փաստաբանին ընդգրկել այդ խաղում: «Առանց այն էլ իրավաբանների մի ստվար զանգված փաստաբանի արտոնագիրը ստանում է, բայց չի կիրառում զուտ այն պատճառով, որ չի ցանկանում գործ ունենալ հարկային եւ այլ մարմինների հետ, դրան էլ հավելեցին փողերի լվացման դեմ պայքարում ներգրավելը: Պրն Գյոզալյանի տեղեկացմամբ` Եվրոպայում այս հարցի հետ փաստաբաններն իրենց կռիվը շարունակում են: Եվ չնայած նրան, որ Եվրոպայում փաստաբանը նաեւ նոտարի գործողություն է կատարում, այնտեղ այդքան չեն սահմանափակում փաստաբանների գործունեությունը, որքան մեր երկրում: Բելգիայի ՍԴ-ն, օրինակ, լուծել է այդ հարցը` սահմանելով, որ փաստաբանական գաղտնիքին վերաբերող ցանկացած միջամտություն պետք է լինի հիմնավորված եւ իրականացվի միայն բացառիկ դեպքերում: Ֆրանսիայի Փաստաբանների պալատի Բարձր Խորհուրդը չեղյալ է հայտարարել «Փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի» օրենքի փոփոխության երկու հոդվածները եւ սահմանել, որ իրավասու մարմնի հետ աշխատանքներն իրականացվում են միայն փաստաբանական պալատի ներկայացուցչի միջոցով, որին տվյալ փաստաբանը պատկանում է: Չնայած փաստաբանների այս ընդվզումին` ԿԲ-ից մեզ հավաստիացնում են, որ փաստաբանների հաշվառման կարգը հաստատվելուց եւ այն 2009 թ. մարտի 12-ից ուժի մեջ մտնելուց հետո մինչ օրս ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվառվել է ՀՀ-ում որակավորված փաստաբանների ճնշող մեծամասնությունը, մնացածների հաշվառումը ընթացքի մեջ է: Միաժամանակ տեղեկացնում են, որ առ այսօր փաստաբանների կողմից չեն ներկայացվել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություններ: ԿԲ-ից նաեւ տեղեկացնում են, որ փաստաբանների կողմից օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ օրենքի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում փաստաբանների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահված է Փաստաբանների պալատին: