Ե՞րբ կհանգուցալուծվի իջեւանյան թնջուկը
Փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 30-ը մարզի բոլոր 62 համայնքների 2010 թ. բյուջեների նախագծերը հաստատվել են` բացառությամբ Աչաջրի: Նշեմ, որ Աչաջրում դեկտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ էին կայացել: Համաձայն Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքի (www. Ijevan.am)` 2009 թ. դեկտեմբերի 21-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որին հրավիրված են եղել լրատվական միջոցների ներկայացուցիչներ:
Դա այն դեպքում, երբ այդ օրը քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը եւ քաղաքապետարանի աշխատակից Արտակ Սարհատյանը, «դոշները դեմ արած», լրագրողի առաջ փակեցին քաղաքապետի աշխատասենյակի դուռը` մարզային թերթի խմբագրիս հնարավորություն չտալով մասնակցել ավագանու նիստին:
Դեռեւս 2009 թ. դեկտեմբերի 6-ին ավագանու անդամ Նիկոլայ Ղալթախչյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորություններից հրաժարվելու մասին: Համաձայն ՏԻՄ օրենքի 21 հոդվածի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսելու պահից:
Այսինքն` քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ավագանու դեկտեմբերի 21-ի նիստի սկսվելու պահից պետք է հայտարարեր Նիկոլայ Ղալթախչյանի լիազորությունները դադարեցնելու մասին, ինչը չի արել: Քաղաքապետը դա չի արել այն պատճառով, որովհետեւ այդ դեպքում ավագանին պիտի լուծարվեր:
Ավելի վաղ քաղաքապետը 13 հոգանոց ավագանու իրեն ընդդիմադիր 5 անդամների լիազորությունները, նիստերից բացակայելու պատճառաբանությամբ, դադարեցրել էր: Քանի որ Իջեւանի ավագանու կազմը, ըստ օրենքի, սահմանված է 15 հոգուց, ավագանին չլուծարելու համար էլ առնվազն 8 անդամ պիտի ունենար, իսկ Ղալթախչյանի լիազորությունները դադարեցնելու դեպքում մնում էր 7 անդամ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 21-ի նիստը սկսվելուն պես քաղաքապետի եւ ավագանու անդամների վիճաբանության պատճառով այն ընդհատվեց: Իսկ սկսվելուց քիչ անց ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Գրիգոր Դանիելյանը դուրս եկան քաղաքապետի աշխատասենյակից:
Սակայն քաղաքապետարանի կայքում «ավագանու որոշումներ» խորագրի ներքո, թիվ 8 արձանագրության մեջ գրված է. «Հաշվի առնելով քաղաքապետի կողմից 2010 թ. քաղաքի բյուջեի նախագծի քննարկման արդյունքները, համայնքի ավագանին որոշում է` հաստատել քաղաքապետի կողմից ներկայացված բյուջեի նախագիծը 330046.4 հազար դրամ եկամուտների եւ 330046.4 հազար դրամ ծախսերի գծով:
Թույլատրել քաղաքապետին մինչեւ 15% սահմաններում կատարելու հոդվածային փոփոխություններ»: Ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանի եւ Գրիգոր Դանիելյանի անվան դիմաց քաղաքապետարանի կայքում գրված է` «չքվեարկած», մինչդեռ վերջիններս ոչ միայն ներկա չեն եղել բյուջեի նախագծի հաստատման քվեարկությանը, այլ նույնիսկ հարցի քննարկմանը չեն մասնակցել:
Փաստորեն, այդպես էլ չկայացած նիստի արձանագրության համաձայն` 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանի` Տավուշի մարզկենտրոնի բյուջեի նախագիծը հաստատվել է 3 «կողմով»` ավագանու անդամներ Հրաչ Ներսիսյան (քաղաքապետի եղբայրն է, Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենը), Նարինե Գրիգորյան (քաղաքապետի քարտուղարուհու քույրն է) եւ Նարեկ Օհանյան (քաղաքապետի հարեւանն է):
Ավագանու վերոհիշյալ 3 անդամները ստորագրել են նաեւ մեկ այլ որոշման տակ, որով որոշել են «հավանություն տալ քաղաքապետի առաջարկությանը` համաճարակային հիվանդությունների կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2009 թ. վարչական բյուջեի պահուստային ֆոնդից Արվեստի դպրոցին հատկացնել 220 հազար դրամ, «Ավանդույթ» ՓԲԸ-ին` 410 հազար դրամ, Երաժշտական դպրոցին` 570 հազար դրամ»:
Այդպես էլ պարզ չէ, թե անցյալ տարեվերջին ո՞ր համաճարակն էր համակել քաղաքապետարանի ենթակա այս հիմնարկները, եւ ի՞նչ նպատակով է ծախսվել 1 միլիոն 200 հազար դրամ գումարը: Մի՞թե հակահամաճարակային միջոցառումները պետության կողմից չեն իրականացվում:
2010 թ. Վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ է կատարելու, երեւի այս հարցում հստակություն մտցնի: Դեկտեմբերի 21-ի նիստում նաեւ որոշվել է Իջեւանում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառքի թույլտվության համար ընթացիկ տարվա համար տեղական տուրքի չափը սահմանել 1.500.000 դրամ:
Հավանաբար սխալվել են, մի զրո ավել են գրել, չի բացառվում, որ այս հրապարակումից հետո քաղաքապետարանի ինտերնետային կայքում թիվը շտկեն:
Շարունակվում է ավագանի-քաղաքապետ Վարուժան Ներսիսյան հակամարտությունը: Հունվարի 15-ին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը գրություն է ուղարկել Կառավարություն, որպեսզի Իջեւանի ավագանին լուծարվի, եւ նշանակվեն ավագանու նոր ընտրություններ:
Փետրվարի 3-ին Սեւանի վարչական դատարանում սկսվել է ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի, Վարդան Ղալումյանի եւ Էդգար Ասլանյանի հայցադիմումի քննությունը: Նրանք պահանջում են չեղյալ համարել ավագանու նիստերից բացակայելու պատճառաբանությամբ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կազմած արձանագրությունները: Այս դատը հետաձգվել է մինչեւ փետրվարի 22-ը:
Փետրվարի 17-ին վերստին Սեւանի վարչական դատարանում կսկսվի 3 այլ հայցադիմումների քննություն: Ավագանու անդամներ Վարդան Օրդինյանը եւ Գրիգոր Դանիելյանը վիճարկում են ապօրինի շինարարության համար իրենց 200 հազարական դրամ տուգանելու` Իջեւանի քաղաքապետարանի որոշումները:
Ավագանու նշված երկու անդամների դատարան դիմելուց, դատարանից համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը չեղյալ է համարել տուգանելու վերաբերյալ իր իսկ կայացրած որոշումները, սակայն դատը, այնուամենայնիվ, պիտի տեղի ունենա:
Երրորդ հայցադիմումով ավագանու անդամները քաղաքապետարանից պահանջում են տրամադրել իրենց կողմից ընդունված որոշումների` օրենքով վավերացած արձանագրությունները:
Փետրվարի 8-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիպում է ունեցել Իջեւանի ավագանու 5 անդամների հետ, քննարկել ստեղծված դրությունը: Փետրվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ընդունել է Իջեւան համայնքի ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանին, Վարդան եւ Վահե Ղալումյաններին:
Քննարկվել է Իջեւանի ավագանի-քաղաքապետ հակասությունների հետ կապված իրավիճակը: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այս կապակցությամբ առաջիկայում հանձնաժողով է ուղարկելու Իջեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել