HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ալեքսանդրովսկի փողոցն ու նրա հայտնի-անհայտ մարդիկ

Դարբին Մնոյանները Աբովյան փողոց, երկրորդ նրբանցք, 1-ին տուն հասցեում 80 տարուց ավելի ապրում են Մնոյանները, սերնդեսերունդ դարբնությամբ զբաղվող ճանաչված գերդաստաններից մեկը Գյումրիում: Մկրտիչ Մնոյանը` գերդաստանի պապը, հայտնի կոշկակար է եղել Գյումրիում: «Պապիս թատրոնի դերասանների կոշիկների զագաս շատ կուտային, ըդիկ պատվաբեր բան էր, ամեն մարդ հո չէր կրնա ըդպես որակով կոշիկ կարել: Բացի դրանից, քաղաքի ճաշակով մարդիկ էլ իրանց կոշիկները պապիս մոտ կարել կուտային,- պատմում է դարբինների երկրորդ սերնդի ներկայացուցիչ Սամվել Մնոյանը,- էն ժամանակներն էլ կային լավ հագնողներ մեր քաղաքի մեջ ու իրանք կոշիկ չէին առնի, կարելու պատվեր կուտային»: Հայտնի կոշկագործ Մկրտիչ Մնոյանի Հովհաննես որդուն` Սամվել Մնոյանի հորը, կոշկագործությունը չի ձգել եւ որոշել է գնալ ոչ թե հոր ուղիով, այլ մորեղբոր` հայտնի դարբին Պապոյան Պապիկի: Հովհաննես Մնոյանի հետ միաժամանակ դարբնություն է ուսանել նաեւ հորեղբոր տղան` Սաշիկը: Հովհաննեսից եւ Սաշիկից սկսած` տոհմի արհեստավորական պատկանելությունը փոխվել է, հիմք է դրվել դարբինների Մնոյան տոհմին: Հովհաննեսի երկու եւ Սաշիկի երեք տղաները եւս դարբիններ են: Այս տղաների տղաները եւս դարբիններ են: «Հույս ունինք, որ մեր թոռներն էլ մեր արհեստը կընտրեն»,- բեղի տակ ժպտում է Սամվել Մնոյանը: Հյուրընկալվելով Մնոյաններից Սամվելի տանը` զրույցից պարզում եմ, որ նույն բակում են ապրում Սամվելի դարբին եղբայրը եւ հորեղբոր տղայի ընտանիքը, կրկին դարբիններ: «Ուրիշ բան էնել չիդենք,- ծիծաղում է հյուրընկալ տանտերը,- Ռուսաստան էլ էդ գործով եմ զբաղվել, մեր հունարն էլ էդ է»: Աբովյան փողոցում Մնոյանների պապական տունը սկզբում մեկ հարկանի էր, հետագայում ընդարձակել ու երկրորդ հարկ են կառուցել Սամվելի հայրն ու հորեղբայրը, իրենք էլ փորձում են այն առավել հարմարավետ դարձնել, բայց չեն փոխել տան ճակատային մասը: Գյումրիում տան փողոց նայող հատվածը անձնագրի նման մի բան էր ու շատ բան կարող էր պատմել տանտիրոջ մասին: 2 դար հետո Մնոյանների տան պատին Գյումրիի քաղաքային մշակույթն ուսումնասիրող կազմակերպություներից մեկը նկար-ցուցատախտակ է փակցրել, որտեղ պատկերված են 19-րդ դարի ալեքսանդրապոլցի դարբինները: Հիմա ոչ միայն քաղաքի բնակիչները, այլեւ օտարազգի զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեղեկանալու, թե որտեղ կարող են հանդիպել տոհմական դարբինների: «Մեր դարբնոցը հեռու է տնից, «Գորկա» այգուց վերեւ, «Ճերմակ» հիվանդանոցի մոտերքն է,- պատմում է Սամվելը,- այնտեղ ամեն ինչ դեռ հին տեխնոլոգիայով է, այսինքն` ինչխոր առաջ, ամեն ինչ ձեռքով կենենք: 21-րդ դարում շատ բան է փոխվել, դարբնության մեջ էլ են փոփոխություներ եղել: Գործիքներ կան, որ էլեկտրական են, բայց մենք հըլը մեր պապերի վախտով ընդունված ձեւով երկաթը կկռենք»: «Եռանկյունի» ֆիլմի նկարահանման նպատակով Գյումրիում հարմար դարբնոց փնտրող ռեժիսորն այցելել է նաեւ Մնոյաններին: «Հետո, իհարկե, իրանք ուրիշ տեղ նկարեցին, որովհետեւ մերն էն ժամանակ ահագին լավ տեսք ուներ, իրանց ըսելով` բարեկարգ էր, դրա համար էլ մեր դարբնոցը չընտրեցին»,- հիշում է Սամվել Մնոյանը: Սամվելն ավարտել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, որը շատ է օգնում գծագրեր անելիս: Սովորաբար իրենց պատվերներ են տալիս թանգարանները, եկեղեցին: «5-6 տարի առաջ օր սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցին կառուցեցին վերջացրեցին, եկեղեցու ջահը մենք սարքեցինք` ես ու եղբայրս: Սուրբ Յոթվերք եկեղեցու համար մոմակալների պատվեր ենք ունեցել,- արած աշխատանքներն է թվարկում փոքրամարմին դարբինը,- հորս սարքած մեծ ջահը մինչեւ հիմի էլ մեր Գյումրու երկաթգծի կայարանի շենքում կախած է: Մեզի Թուֆենկյաններն էլ են պատվեր տվել, երկաթից մահճակալ ենք սարքել, կարծեմ մե քանիմ հատ էլ հետը Ամերիկա տարավ»: Սամվելը գոհ է դարբնի իր ճակատագրից, ասում է, որ կարողանում է ընտանիքը պահել: Իր երկու եւ եղբոր միակ արու զավակները, որ ներկայումս ծառայում են բանակում, ընտրել են դարբնությունը: «Այ, չիդեմ, թոռներս դարբին կդառնա՞ն, թե՞ չէ, բայց տղեքս որ դժգոհ չեն ու վստահ եմ, որ իրանք էլ հետագայում, իչխոր ես, կկարողանան ընտանիք պահել,- ասում է Սամվելը,- իրանք փոքրուց էդ քուրան ու կրակն են տեսել, տեսել են ու սիրել»: Քուրայի կրակը չէ, բայց քչախոս, համեստ Սամվելի հոգում բոցկլտացող կրակն է տեսել ու հավանել կինը` Անահիտը: «Ես շատ գոհ եմ ամուսնուցս: Ինքը տաղանդավոր մարդ է: Շատ դարբինների կանայք կդժգոհեն մրոտ շորերը լվանալուց, ես հեչ մե անգամ չեմ տրտնջացել, մեքենան է լվացել, ես մենակ քամել-փռել եմ,- ծիծաղում է Սամվելի կինը` Անահիտը,- մենակ մե թերությունում ունի Սամվելը, շատ քիչ կխոսա, ես էլ որ շատ կխոսամ, կնեղվի»: Փետրվարի 9-ին Սամվելն ու Անահիտը նշել են իրենց ամուսնության 25- ամյակը: Տոնախմբությանը մասնակցել են նաեւ բանակային զավակները: «Ըշտը հավաքվանք, ջան ըսինք, ջան լսինք, ուրախացանք, անցավ գնաց»,- կարճ ու կոնկրետ այդ օրվա անց ու դարձն է ներկայացնում Սամվել Մնոյանը: Աբովյան փողոց, երկրորդ նրբանցք, թիվ 1 տանն ապրող Մնոյանների գերդաստանը երջանիկ է յուրովի: Ասում են` լավ արհեստավորը միայն օրվա առաջին կեսին է սոված: Այս ասացվածքի հետ համամիտ են նաեւ Մնոյանները: Հայաստանում, թե Ռուսաստանում` իրենց ոսկե ձեռքերի շնորհիվ երբեք սոված չեն մնացել: Հրաժեշտից առաջ հարցնում եմ. «Տղաներիդ որ ամուսնացնես, կարո՞ղ է ստիպված էս տունը վաճառես, երեւի չտեղավորվեք բոլորդ»: «Չէ, ինչի՞ ծախենք, մենք բնիկ գյումրեցի ենք, ադաթ կա, բան կա, մեծիս կբաժնեմ, ուրիշ տուն կառնինք, փոքրս կմնա մոտս: Էս տունը Մնոյանների գերդաստանինն է ու Մնոյաններին էլ կմնա»,- եզրափակում է դարբին Սամվելը: շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter