HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժվե՞լ, թե՞ չբուժվել

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2011թ. սեպտեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում

Փետրվարի  1-ից  գործում  է նոր օրենք, որի համաձայն  անհապաղ հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերում  (ինֆարկտ, ինսուլտ, սուր որովայն, թոքերի այտուց  եւ այլն) բուժման ֆինանսական ապահովման հոգսը պետք է կիսեն պետությունը եւ ինքը` հիվանդը: 

Անցած  ամիսների  փորձը  ցույց  տվեց, որ նոր համակարգում ակնհայտ դրական կողմերի հետ միաժամանակ առկա են բազմաթիվ թերացումներ, բացթողումներ, անհերքելի սխալներ,  ինչն արդեն իսկ  առաջացրել է  դժգոհություն,  երբեմն  նույնիսկ վրդովմունք  բնակչության, ինչպես  նաեւ` բուժհանրության  գերակշռող  մեծամասնության  շրջանում:

Համատարած  գործազրկության,  ցածր  աշխատավարձերի  եւ թոշակների, ինչպես նաեւ` անզուսպ գնաճի պայմաններում  հիվանդանոցներում գանձվող գումարները չափազանց  ծանր բեռ են հանդիսանում  բնակչության ճնշող մեծամասնության  ընտանեկան  բյուջեի  համար:  Գաղտնիք  չէ, որ երկրի բնակչության գրեթե կեսը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: Եվ  30-ից 300 հազար դրամը   մեծ  գումար  է, եւ այդ փաստն անխուսափելիորեն բերում է նույնիսկ ծանր առողջական վիճակում գտնվող  հիվանդներին  հիվանդանոցային բուժման առաջարկը մերժելուն:

Հիվանդանոցում  բուժվելը  թանկ  «հաճույք»  է  դարձել  հիվանդների համար, որոնք մինչեւ վերջին պահը հրաժարվում են  հիվանդանոցից եւ  զբաղվում ինքնաբուժությամբ: Նման պայմաններում անխուսափելի է մահացության ցուցանիշի աճը եւ  հիվանդանոցներում,  եւ տանը,  մինչ  հիվանդանոց ընդունվելը:

Այսպիսով, նոր համակարգը բերում է բնակչության առողջական վիճակի վատթարացմանը եւ մահացության բարձրացմանը: Միաժամանակ հանգեցնում է բուժաշխատողների բազմահազարանոց բանակի սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը: 

Նշենք, որ որեւէ դրական փոփոխություն պետական բյուջեի առումով եւս տեղի չի ունենում:

Այդ  եւ այլ չհնչեցված  պատճառներով է, որ  նոր  համակարգը   չի նպաստում առողջապահության ոլորտում արդյունավետության բարձրացմանը եւ մերժվում է   լայն  հասարակության, ինչպես  նաեւ`  բուժաշխատողների  կողմից:

Այս բոլորը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել թե օրենսդրությունը եւ թե իրավակիրառական պրակտիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter