Պատրաստվում են ընտրություններին
Թերթի տեղեկություններով` «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը վերջապես որոշել է կուսակցություն հիմնել: Իրականում դա ոչ թե Բարսեղ Բեգլարյանի, այլ իշխանական վերնախավի ցանկությունն է: Առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները ցանկանում են բազմաթիվ «կուսակցական հենարաններ» ունենալ, և նման ծրագրերից մեկը պետք է իրականացնի Բ. Բեգլարյանը:

Վերջինս ներկայում ունի «Բարեպաշտ սերունդ» անունուվ հիմնադրամ, որը տեղակայված է Կորյունի 19/Ա շենքում, այն նույն շենքում, որտեղ գտնվում են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի գրասենյակները: Ի դեպ, Բ. Բեգլարյանն այդ շենքի` իրեն պատկանող տարածքում հյուրընկալված է նաև ՀԺԱՄ կուսակցությանը, որը հնարավոր է` միանա նրա նորաստեղծ կուսակցությանը: Նպատակը` այս երկու կազմակերպությունների միջոցով երիտասարդներին ու հատկապես ուսանողներին գրավելն է, ինչի ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են արվում: Այսինքն` ամենայն հավանականությամբ, առաջիկայում հենց այդ «բարեպաշտ սերունդի» հիման վրա էլ կձևավորվի Բ. Բեգլարյանի կուսակցությունը:
Չոբան տեսած չկա
«Ես կյանքումս մի ոչխար տեղափոխած չկամ, կյանքում մի չոբան տեսած չկամ, ես նի պրիչոմ, դա «Չորրորդ իշխանության» հնարած մղձավանջն ա»,- պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, երեկ այսպես է հերքել այն լուրերը, թե ինքն է հանրապետության ոչխարներն արտահանում Իրան:
Ինչ հիվանդ է
Արդեն մեկ շաբաթ է` այդպես էլ հնարավոր չէ պարզել, թե ինչ է պատահել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս մեկ շաբաթ է, առողջական խնդիրները պատճառաբանելիս, բաց է թողնում շատ կարևոր միջոցառումներ:
Վարչապետի առողջության հետ անհասկանալի երևույթներ սկսեցին տեղի ունենալ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանը հիվանդության պատճառով փետրվարի 15-ին Երուսաղեմ չի մեկնելու: Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանից թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ է պատահել Տիգրան Սարգսյանին, բայց պատասխան չի ստացել: Երիցյանը հրաժարվել է ասել, թե ինչ հիվանդ է վարչապետը, որ մեկ շաբաթ շարունակ չի ապաքինվում: Նա հրաժարվել է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք բացառվում է, որ ամեն ինչի պատճառը Տիգրան Սարգսյանի առաջիկա հնարավոր պաշտոնանկությունն է, ինչի մասին համառ լուրեր են շրջանառվում:
Վանի նահանգի եկեղեցիները կվերանորոգվեն
Կվերանորոգվեն Թուրքիայի Վանի նահանգի հայկական եկեղեցիները: Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը հայտարարել է, որ կառավարության նախապատրաստած ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Վանա լճի կղզիներում գնտվող եկեղեցիները:
«Վանա լճում 4 կղզի կա` ներառյալ Աղթամարը: Յուրաքանչյուր կղզում եկեղեցի կա: Վերանորոգված է միայն Աղթամար կղզու եկեղեցին: Չարափանաք կղզու և Յուաքրի Բաքրաշլի գյուղի եկեղեցիները նույնպես վերանորոգվելու են»,- ասել է նահանգապետը: Վերջինս կարևորել է եկեղեցիները վերանորոգումը` նշելով, որ դա կնպաստի տուրիզմի զարգացմանը:
Գազային կրքեր Արարատի մարզում
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` մոտ 1 ամիս առաջ Արարատի մարզի տարածքում գտնվող երկու գազալցակայաններում ջղային ջահելների մի խումբ «նախազգուշական շրջայց» է արել: 09 մակնիշի մի ավտոմեքենայով և գազելով նրանք կանգ են առել Մասիս քաղաքի և Ավշար գյուղի մոտ գտնվող գազալցակայաններում և չորով բացատրել, որ սրանից հետո իրենց այստեղից «տալիք ունեն», և որ իրենք ներկայացնում են անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը:
Գազալցակայաններում անկոչ հյուրերին երևի լուրջ չեն ընդունել և շարունակել են իրենց համար աշխատել, բայց մի քանի օր առաջ հյուրերը նորից են երևացել և ցույց տվել, որ միանգամայն լուրջ մտադրություններ ունեն: Ըստ թերթի տեղեկությունների` մահակներով զինված ջահելները ջարդուփշուր են արել երկու գազալցակայանները, որոնցից մեկը պատկանում է Մասիսի նախկին ոստիկանապետ, Ոստիկանության 6-րդ բաժանմունքի նախկին աշխատակից, մինչև վերջերս Էջմիածնի հարկայինի պետ Գագիկ Մխիթարյանին, իսկ մյուսը` Ավշարի գինու և օղու գործարանի տեր, Դաշնակցական Արայիկ և Արամայիս Գրիգորյաններին:
Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է, իսկ Արամայիս Գրիգորյանը նախկին պատգամավոր և նախկին նախարար: Մարզային ոստիկանությունը եղել է դեպքի վայրում, այնպես որ եթե հարցերը ուրիշ կերպ չեն լուծվել, գործին պետք է ընթացք տրվի:
Չի բացառվում, որ գազի գործին խառն է նաև մոտակայքում գազալցակայան ունեցող Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների ընտանիքը: Ամեն դեպքում դեռ պետք է ճշտել, թե արդյոք Մանվել Գրիգորյանը տեղյակ է, որ գազային հետաքրքրություն ունի Արարատի մարզում: Ըստ որոշ լուրերի` «ճակատամարտը» գլխավորել է Մուրադ Մուրադյանի որդին. հենց նախկին պատգամավորի և Բնապահպանության նախարարի որդին էլ խրոխտացել է, որ իրենք գործ ունեն գեներալի «դաբրոյով»:
Հիշատակվում է նաև Հ. Աբրահամյանի որդու` Արգամի անունը, իբր իրականում նա է գրոհի հրամանն արձակել: Կարծիք կա, որ այս ամենն արվում է երկու նպատակով` կամ գազալցակայանի տերերը կհասկանան, որ ստիպված պետք է «նալոգ» մուծեն, կամ «զահլաները» կգնա` էժան կվաճառեն:
Հնարավոր կլինի չեղյալ համարել վավերացնելուց հետո
«ԱԺ Կանոնակարգի 93-րդ հոդվածը նվիրված է միջազգային պայմանագրերի կասեցման, վավերացման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգին, բայց դրանում ամբողջությամբ խոսվում է վավերացման մասին, իսկ վավերացման կասեցման կամ չեղյալ հայտրարաելու մասին գրեթե ոչինչ չկա:
Ես առաջարկել եմ համապատասխան փոփոխությունները, ըստ որոնց` հնարավոր կլինի նաև չեղյալ հայտարարել արդեն վավերացված միջազգային պայմանագրերը: Այս նախագիծն անցած շաբաթվա վերջից խորհրդարանում դրվել է շրջանառության»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ընդունեցին առաջին ընթերցմամբ
Խորհրդարանը երեկ 71 կողմ, 20 դեմ, 7 ձեռնպահ քվեներով ընդունեց հարկային փոփոխությունների նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է երկու նոր տեղական հարկատեսակ. հյուրանոցային հարկ և տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկ` ի լրումն փողի հարկի և գույքահարկի:
Կոալիցիոն խմբակցությունները հիմնականում կողմ քվեարկեցին նախագծին: Դաշնակցությունը դեմ քվեարկեց, «Ժառանգություն» խմբակցությունը ձեռնպահ էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել