HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնկալում է պաշտպան ունենալու իրավունքի իրականացման ապահովումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Սարգսյանին. Հարգելի պարոն Սարգսյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում է անձանց` իրավաբանական օգնություն ստանալու և  պաշտպան ունենալու իրավունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացված բողոքների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի տարաբնույթ մեկնաբանությունները հաճախ պրակտիկայում հանգեցնում են մի իրավիճակի, երբ անձը բերման է ենթարկվում քրեական հետապնդում իրականացնող մարմին և առանց կասկածյալի կամ վկայի կարգավիճակ ստանալու պահվում է արգելանքի տակ, հարցաքննվում է որպես վկա, ընդ որում այդ ամբողջ ընթացքում նրան արգելվում է օգտվել պաշտպան ունենալու իրավունքից` պատճառաբանելով կասկածյալի կարգավիճակ չունենալու հանգամանքով: Հաճախ տվյալ անձի նկատմամբ ձերբակալման արձանագրությունը կազմվում և հայտարարվում է նրան այս բոլոր գործողությունների ավարտից շատ ավելի ուշ, ինչից հետո միայն նրան հնարավորություն է տրվում  օգտվելու պաշտպան ունենալու իրավունքից: Գտնում ենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այս դրույթի նման մեկնաբանությունը և դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Եվրոպական դատարանի 5-րդ և 6-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ ձևավորված դատական   նախադեպերին: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն երաշխավորում է յուրաքանչյուրի`  ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը: Սահմանադրությունը չի պայմանավորում այս իրավունքի իրականացումը ձևական առումով անձին կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքի հետ, հետևաբար և համապատասխան ակտի ընդունման հետ: Անձը պաշտպան ունենալու իրավունքից պետք է օգտվի փաստացի արգելանքի վերցնելու պահից, այլ ոչ թե ձերբակալման արձանագրությունն իրեն հայտարարելու պահից, հակառակ դեպքում պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը կախվածության մեջ կդրվի քրեական հետապնդման մարմնի հայեցողությունից: Փաստացի ձերբակալված լինելու պահից անձի` պաշտպան ունենալու իրավունքը ճանաչվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով: ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է նաև յուրաքանչյուրի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Այս իրավունքի իրականացումը պայմանավորված չէ անձի` որպես կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքով և  որևէ պարագայում չի կարող սահմանափակվել` ելնելով նրա դատավարական կարգավիճակից: Ելնելով վերոգրյալից` ակնկալում եմ Ձեր հանձնարարականը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին ապահովելու անձի` փաստացի ձերբակալված լինելու պահից պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը: Հարգանքով`             Ա. Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter