HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կոնգրեսը ներկայացնում է 100 քայլ` տնտեսությունը փրկելու համար

Փետրվարի 17-ին Հայ ազգային կոնգեսի քաղաքական խորհուրդը որոշում է ընդունել հասարակական քննարկման ներկայացնել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման 100 քայլ ծրագիրը: Այսօր Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, ասաց, որ այն կոնկրետ մեխանիզմներ եւ լուծումներ է առաջարկում Հայաստանի տնտեսությունն առողջացնելու, ապօրինի մենաշնորհները վերացնելու, ժողովրդի լայն խավերի համար աշխատելու ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու համար: «Ծրագրի նպատակն է անցում կատարել մրցակցությունը խեղդող օլիգարխական, քաղաքական եւ տնտեսական համակարգից, որում տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են մի քանի օլիգարխների եւ նրանց սպասարկող ընտանիքների ձեռքում, դեպի մի համակարգ, որում հարյուր հազարավոր մարդիկ զբաղվելու են գործարարությամբ` պետական աջակցության պայմաններում»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ: Ծրագիրն ամբողջությամբ կհրապարակվի առաջիկայում: Զուրաբյանի խոսքով` եթե իշխանությունն իրագործի «100 քայլ» ծրագիրը, դա նման կլինի ինքնասպանության. «Մենք ուրախ կլինեինք, եթե այս ծրագիրը կարողանար իրագործել այսօրվա իշխանությունը, բայց իրենք իրենց ձեռքով պետք է կախվեն, եթե իրագործեն այս ծրագիրը»,- հայտարարեց Կոնգրեսի համակարգողը: «Եթե Կոնգրեսը այս պայմաններում գա իշխանության, որքանո՞վ իրատեսական կլինի «100 քայլ» ծրագրի իրականացումը»,- «Հետքի» հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխպանեց. «Սա ամենաիրատեսական ծրագիրն է, եթե այն չիրականացնեն, Հայաստանի տնտեսությունը գնում է դեպի կործանում: Իրատեսական չէ ներկա քաղաքականության պահպանումը»: «Իսկ եթե կառավարությունը որոշի օգտագործել 100 քայլերից մի քանիսը, Կոնգրեսը կհամագործակցի՞ իշխանության հետ»,- «Հետքի» հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կառավարությունը կարող է վերցնել, մեկ-երկու կետ օգտագործել, բայց դա կլինի իմիտացիա: Ծրագիրը փոխկապակցված է, մի դրույթը չի կարող առանց մյուս դրույթի աշխատել»: Հ.Գ. Ասուլիսի սկզբում Լեւոն Զուրաբյանը հույս հայտնեց, թե ներկա լրատվամիջոցները կգրեն, որ հեռուստաընկերություններից ոչ մեկը չի մասնակցել իր ասուլիսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter