
Սասուն Միքայելյանը գտնվում է իր հիվանդասենյակում, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս օրվա ընթացքում տեղաշարժվել բնակելի գոտում: Նրա առողջական վիճակը համապատասխանում է կրած վիրահատություններին և հետվիրահատական շրջանում ակնկալվող վիճակին: Այսօր այս մասին «Հետք» -ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ մամուլում հրապարակվել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Սասուն Միքայելյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստեր, որոնք, ըստ Բաբայանի, տեղեկատվության ակնհայտ խեղաթյուրում են և հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու, միջազգային կառույցներին կեղծ ազդակներ փոխանցելու նպատակ են հետապնդում: Թերթերից մեկին Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանն ասել էր, որ դատապարտյալ Ս.Միքայելյանին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ավելի վաղ, քան կանխատեսել էր բժիշկ Ա.Պետրոսյանը:
Մինչդեռ, Ա. Բաբայանի փոխանցմամբ, դատապարտյալը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ս.թ. փետրվարի 3-ին, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ վերադարձել էր փետրվարի 6-ին, ինչը համապատասխանում է բժշկի կանխատեսումներին, ըստ որի` հիվանդը պետք է հիվանդանոցում մնար երկու-երեք օր: Մամուլում նշվել է նաև, որ դատապարտյալը նախորդ վիրահատությունից հետո ևս «Դատապարյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է ավելի վաղ, քան անհրաժեշտ է եղել, իսկ Արսեն Բաբայանը ասում է, որ դատապարտյալի տեղափոխումը և հետվիրահատական բուժսպասարկումն ամբողջությամբ համապատասխանում են «Արմենիա» բժշկական կենտրոնում «LOR» կլինիկայի բուժող բժշկի և բաժնի վարիչի կողմից 2009թ. դեկտեմբերի 28-ին հաստատված «Դուրսգրման էպիկրիզին»:
Արսեն Բաբայանը նաև նշում է, որ դատապարտյալը դեկտեմբերին կրած վիրահատությունից հետո իր բուժող բժշկի և քրեակատարողական համակարգի բժշկական ծառայության կողմից տրված եզրակացության համաձայն տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն և ստացել նեղ մասնահգիտական օգնություն, և բոլոր «ահազանգերը» ստացել են օրենսդրությամբ սահմանված իրենց լուծումները, և աշխատանքները կազմակերպվել են բնականոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել