ՄԱԿ-ը պատրաստ է իրականացնել գյուղական համայնքերի զարգացմանն ուղղված ծրագրեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային:
Ա. Գեւորգյանը նախ ողջունեց Դ. Գերչեւային` Հայաստանում առաքելության ստանձման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` իր կողմից համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի հետ գործակցությանը. կառույցի հայաստանյան գրասենյակը բազմաբնույթ օգտակար ծրագրեր է իրականացնում, եւ Տարածքային կառավարման նախարարությունը բավականին ակտիվ ներգրավված է դրանցում: Ա. Գեւորգյանն ընդգծեց նախարարության եւ գրասենյակի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ ստեղծված ավանդույթները պահպանելու, զարգացնելու պատրաստակամություն հայտնեց:
Անդրադառնալով համագործակցության ընդլայնմանը` Ա. Գեւորգյանն առանձնացրեց մի քանի ուղղություններ: Նա նշեց, որ ՀՀ կառավարության հիմնական խնդիրներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է եւ հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, նաեւ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցաբար հնարավոր կլինի իրականացնել տարածքների համաչափ զարգացմանը միտված ծրագրեր:
Առաջնահերթ ուղղություններից նշվեց նաեւ փախստականների խնդիրների լուծմանն աջակցությունը. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին տեղեկացվեց, որ չնայած ՀՀ կառավարությունը վերջին տարիներին հնարավորությունների սահմանում փորձել է լուծել փախստականների բնակարանային ապահովվածության խնդիրը, սակայն դեռեւս կան կարիքավոր ընտանիքներ: Միջազգային հանրության, մասնավորապես` դոնոր կազմակերպությունների ուշադրությունը եւ աջակցությունն այս խնդիրների լուծմանը հրավիրելու նպատակով նախատեսվում է դոնոր կազմակերպությունների համաժողով կազմակերպել: Համաժողովի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել 2009թ. դեկտեմբերին փոխվարչապետի Ժնեւ կատարած այցի ընթացքում: Այս համաժողովի կազմակերպման գործում ակնկալվում է նաեւ ՄԱԿ-ի եւ ՓԳՀ երեւանյան գրասենյակների աջակցությունը:
Որպես Թրաֆիկինգի հարցերով խորհրդի նախագահ` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում առավել համակարգված քայլեր են ձեռնարկվում այդ երեւույթի դեմ ավելի արդյունավետ ու գործնական պայքարելու ուղղությամբ: Նա հայտնեց, որ սկսված գործընթացը շարունակելու վճռականությունը մեծ է եւ ներկայացրեց այս երկու տարվա ընթացքում խորհրդի ձեռքբերումները:
Ա. Գեւորգյանը անդրադարձավ նաեւ ՏԻՄ համակարգի կայացմանն ուղղված ջանքերին եւ համակարգի զարգացման համար կարեւոր գործոն համարեց համայնքների խոշորացումն ու միջհամայնքային միավորումների ստեղծումը, որը կնպաստի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Փոխվարչապետը նաեւ կարեւորեց այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը եւ հնարավոր կիրառումը: Նա տեղեկացրեց, որ անցած տարի ձեւավորվել է պետական հանձնաժողով եւ հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը խորհրդատվական, տեխնիկական աջակցություն կցուցաբերի այդ նպատակի իրագործման հարցում:
Դ. Գերչեւան երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության եւ կառավարության առջեւ դրված նպատակները մանրամասն ներկայացնելու համար: Նա իր կողմից պատրաստակամություն հայտնեց շարունակել ստեղծված արդյունավետ փոխգործակցությունը` նշելով, որ ամեն ինչ կարվի ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու եւ կառավարության ու ՏԿ նախարարության առաջնահերթությունների հետ կապված նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Նա հավաստիացրեց, որ փախստականների խնդիրները գտնվում են ՄԱԿ ՓԳՀ երեւանյան գրասենյակի ներկայացուցչի ուշադրության կենտրոնում: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաեւ պատրաստակամություն հայտնեց ակտիվ համագործակցել ՏԻՄ-երի հետ եւ թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերում:
Դ. Գերչեւայի խոսքով` ՄԱԿ-ը կարեւորում է եւ պատրաստ է իրականացնել գյուղական համայնքերի զարգացմանն ուղղված ծրագրեր: Նա համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ստեղծման գործում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց` վկայակոչելով նաեւ այդ ոլորտում սեփական փորձը եւ նշելով, որ լիովին կիսում է Ա. Գեւորգյանի տեսակետը համայնքների խոշորացման վերաբերյալ: Նշվեց նաեւ Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի կողմից հնարավոր օժանդակություն ցուցաբերելու մասին, այդ թվում` պատրաստակամություն հայտնվեց գործնական քննարկումներ ծավալել ՄԱԿ-ի ծրագրերի ազգային համակարգող, ՏԿՆ առաջին տեղակալ Վ. Տերտերյանի հետ:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաեւ ՏԿՆ ներկայացուցչին հրավիրեց մասնակցել մարտին Մարաքեշում (Մարոկկո) կայանալիք ՄԱԿ-ի միջազգային համաժողովին: Փոխվարչապետը նշեց, որ մասնակցության հնարավորությունը կքննարկվի: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասար
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել