Սարգիս Մուրադյանի որոշ նկարներ գաղտնիք են եղել նրա ընտանիքի համար
Այսօր «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը իր խոսքում ԵԳՊԱ ռեկտոր, Արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանն ասաց, որ ցուցահանդեսի բացումը ԵԳՊԱ-ի ցուցասրահում կարեւոր է հատկապես ուսանողների համար. «Գեղարվեստի ակադեմիան Սարգիս Մուրադյանի 2-րդ տունն էր: Նա այստեղ սովորել է, ապա` դասավանդել, եւ ես վստահ եմ, որ նրա կյանքի լավագույն օրերից շատերը կապված են ԳԱ-ի հետ»,- ասաց Արամ Իսաբեկյանը:
Ներկայացված աշխատանքները հիմնականում ճանապարհորդությունների ընթացքում եւ տարբեր ժամանակահատվածներում արված էտյուդներ են, ճեպանկարներ, էսքիզներ…
Ցուցահանդեսը կազմակերպվել է նկարչի դուստրերի` Զարուհի եւ Գոհար Մուրադյանների ջանքերով եւ նվիրված է նկարչի հիշատակին:
Նրանց խոսքերով` ներկայացված են նկարչի ոչ այնքան հայտնի գործերը.
«Շատ գործեր նույնիսկ մեզ համար էին գաղտնիք: Մենք չգիտեինք դրանց գոյության մասին: Այս առումով սա իրոք նորություն էր մեզ համար: Այսօր առաջին անգամ ներկայացված են նրա աշխատանքները, որոնք երբեւէ չեն ցուցադրվել»,- ասաց Գոհար Մուրադյանը: Նրա խոսքերով` այս ցուցահանդեսը կարեւոր է հատկապես ուսանողների համար, քանի որ նրանք կարող են այցելել, դիտել եւ օգուտ քաղել ներկայացված աշխատանքներից:
Նշենք, որ ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ մարտի տասը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել