HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Աբխազիայի հայերին փորձում են տեղահանել Երեկ տագնապալի լուրեր էին գալիս Աբխազիայից, որտեղ մենք պատկառելի հայ համայնք ունենք, որը կազմում է տեղի բնակչության 30 տոկոսից ավելին: Վերջին օրերին խիստ մեծացել են ճնշումներն այնտեղ մնացած հայերի նկատմամբ: Արդեն իսկ նրանց տեղահանման փորձեր են անում: Աբխազները ռուսների դրդմամբ պահանջում են հայերից, որ Հայաստանը ճանաչի Աբխազիայի անկախությունը, հակառակ դեպքում հայերին չեն թողնի բնակվել այնտեղ, որտեղ համշենահայերի բնակությունը թվագրվում է գրեթե մեկ դարից ավելի, և որտեղ հայերը հայտնի են որպես օրինապահ քաղաքացիներ և աբխազական քաղաքականությունը պաշտպանողներ: «Հրապարակը» տեղեկացավ, որ այս ճնշումների մասին տեղեկատվությունը արդեն իսկ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով հասել է մեր իշխանություններին, սակայն նրանք հապաղում են որևէ բան ձեռնարկել, քանի որ ցանկացած քայլ կարող է վատ ընդունվել վրացական իշխանությունների կողմից և բարդացնել ջավախահայության վիճակը: Անգամ խուսափում են որևէ պատվիրակություն Աբխազիա ուղարկելուց, մերոնք հույս ունեն, որ վիճակ ինքնիրեն կշտկվի: Մի դիմում էլ դու գրի Արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պատրաստակամությանը` իր տունը փոխանակել ցանկացած ընդդիմադրի տան հետ` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» ասաց. «Ճիշտն ասած, տեղյակ չէի, որ Գալուստ Սահակյանը սոցիալապես անապահով վիճակում է: «Ժառանգության» խմբակցությանը սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիներ են դիմում` բնակարանի խնդիրներով: Այդ դիմումներն ուղարկում ենք կառավարությանը, որն ունի հատուկ ծրագիր, որտեղ հերթի են դրվում նման քաղաքացիները` պետբյուջեի հաշվին անվճար բնակտարածություն ստանալու համար: Եթե Գալուստ Սահակյանը նման խնդիր ունի, թող նման մի դիմում էլ նա գրի մեզ»: Ավելի ստոր բան դժվար է պատկերացնել Ռոբերտ Քոչարյանին «Հաագա ուղարկելու» ՀՀՇ-ական պաթոլոգիայի նախագարնանային սրացման մասին ի՞նչ կասեք: Պատասխանելով «Հայոց աշխարհի» այս հարցին` Էդուարդ Շարմազանովը երեկ նշեց. «Դա ուղղակի անհեթեթություն է: Ավելի ստոր բան դժվար է պատկերացնել. եթե Հայաստանի նախկին նախագահներից որևէ մեկը պետք է Հաագայի դատարանի առաջ կանգնի, ապա դա հաստատ Ռոբերտ Քոչարյանը չէ: Ժամանակին ադրբեջանցիներն էին սպառնում դատի տալ ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկին` Ռոբերտ Քոչարյանին, այսօր նույն բանը իրենք են կրկնում: Ամոթ է: Չի կարելի այդքան կուրացած լինել ատելությամբ և չարությամբ, չի կարելի: Այդ ստոր «նախաձեռնությունը» լավագույնս խոսում է իրենց` նախաձեռնողների մասին»: Կարող է դատվեն Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ ամրագրել է, որ անցած տարի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը «Ա1+»-ի գործը քննելիս կիրառել է հակասահմանադրական և օրենքի ուժ չունեցող դրույթ: Այսպես, 2008 թ. սեպտեմբերին ուժի մեջ մտավ Եվրադատարանի վճիռը, ըստ որի` «Ա1+»-ին եթերազրկելու վերաբերյալ 2003-ին և 2004-ին Հայաստանում կայացված դատակավ վճիռներով ՀԸ-ի իրավունքները խախտված են համարվել: Հիմք ընդունելով ԵԴ վճիռը` «Ա1+»-ը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան` պահանջելով բեկանել այդ վճիռները: Սակայն Վճռաբեկ դատարանը 2009-ի փետրվարին հրաժարվել էր դրանք բեկանելուց` որպես հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.28 հոդվածը, որը դեռ 2008-ի ապրիլին ճանաչվել էր հակասահմանադրական: Հենց սա էլ երեկ արձանագրել է ՍԴ-ն: Փաստորեն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, Վճռաբեկի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ս. Սարգսյանը, նույն պալատի անդամ 9 դատավորները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել` ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Ամենաանհեթեթ բացատրությունը գտնվեց «Ես անթույլատրելի կհամարեի որևէ մեկին բացահայտել դրդապատճառները, թե ինչու և որ իրավիճակներում է բանակը բերվում մոբիլիզացիայի»,- անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին` հայտարարել է Դավիթ Հարությունյանը: «ՉԻ» - Հասկացա՞ք, թե ինչ է ասում: Ուզում է ասել, որ երևի բանակի հետախուզությունը տվյալներ է ունեցել, որ մարտի 3-4-ին ադրբեջանցիները Մարտակերտի ուղղությամբ հարձակվելու են, դրա համար էլ դեռևս փետրվարի 23-ին բանակը մոբիլիզացրել են, զորքերը բերել Երևան և այլն: Մի խոսքով, ուզում է ասել` «ձեր ի՞նչ գործն է, թե բանակն ինչով է զբաղվում, դա ռազմական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ»: Ստացվում է, որ ցանկացած պահի բանակը կարող է, ասենք, Երևանի կենտրոնում կրակել ցուցարարների վրա կամ որևէ սուպերմարկետ թալանել ու հետո պարզաբանել, թե այդ ամենն արել է «հետախուզական տվյալների հիման վրա, որոնք հրապարկման ենթակա չեն»: Ի դեպ, անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչո՞ւ փետրվարի 23-ի հրամանի նման մի հրաման էլ Ղարաբաղի պաշտպանության նախարարը չի արձակել: Մեր հաղթանակները. այս մասին հարկավոր է և անհրաժեշտ է խոսել Չորս հատոր աշխատություն, 200 ռազմական հաղթանակի նկարագրություն և հստակ նպատակ` այդ աշխատության միջոցով նպաստել տեղեկատվական անվտանգությանը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խումբը նախաձեռնել և արդեն հրատարակել են «Մեր հաղթանակները» աշխատության երկրորդ հատորը: Մինչև հաջորդ տարվա սկիզբ կտպագրվեն նաև մյուս երկու հատորները` այսպիսով ավարտելով մինչև 21-րդ դարը հայ ժողովրդի 200 հաղթանակների ամբողջական նկարագրությունը: «Յուրաքանչյուր հասարակություն տեղեկատվական պատերազմի ակտիվ մասնակից է, և այս պատերազմում հաջողության հասնում է այն կողմը, որը չի տառապում բարդույթներով, հստակ գնահատական ունի սեփական հաղթանակների ու պարտությունների նկատմամբ: Մեր հասարակությունը թերարժեքության բարդույթ ունի, մենք համոզված ենք, որ մեզ շարունակ կոտորել են: Հայությունը շատ հաղթանակներ է ունեցել, որոնք պետք է ներկայացնել` այսպիսով նպաստելով նաև հասարակության հոգեբանական անվտանգության կազմավորմանը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter