HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ում  ՀՀ մշտական ներկայացուցչի  նամակը Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ 

Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող էժանագին քարոզչությանն ու ստահոդ փաստերին, նշվում է. «Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել այսպես կոչված «հայկական ագրեսիայի» զոհ` այդ նպատակով աղավաղելով ոչ միայն աշխարհին քաջ հայտնի ողբերգական դեպքերը, այլեւ` ժամանակին ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները»: Դեսպան  Նազարյանը, մասնավորապես, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, ուր անդրադառնալով Խոջալուի դեպքերին` վերջինս նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունը եւ միլիցիան խոչընդոտել են լեռնային միջանցքով ռազմական գործողությունների շրջանից քաղաքացիական բնակչության դուրսբերմանը: Ընդդիմությունը հույս ուներ իր իսկ հայրենակիցների սպանդի ճանապարհով Բաքվում հասնել իշխանության: Նամակում մեջբերվում է նաեւ The Helsinki Watch կազմակերպության 1992թ. սեպտեմբերի զեկույցը, ուր մատնանշվում է փախչող քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական միլիցիայի կրակելու մասին ադրբեջանցիների իսկ վկայությունները: Նամակը նաեւ ընդգծում է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ վայրագությունները: «Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման իր իրավունքը կիրառելու խաղաղ եւ սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ: Այս ջարդը Խորհրդային Միության տարածքում զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որը համապատասխանաբար արձանագրվել է դատավարության գործերում: Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազային հերոսներ: The Helsinki Watch կազմակերպության զեկույցը վկայում  է, որ իրադարձությունները նպատակ  ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին»: 1988-1991թթ. Գանձակում, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերը ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին եւ հանգեցրին կես միլիոն հայերի էթնիկ բնաջնջմանը ու տեղահանմանը: Այս դաժանություններին հետեւեցին ադրբեջանական զինված ուժերի աննախադեպ հարձակողական գործողություններն` ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը: Այս մասին տեղեկացնում է արտգործնախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter