
Այսօր Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նիստը կսկսվեր, Գլխավոր դատախազության շենքի առաջ` մուտքի մոտ, լուսանկարում էր նիստին մասնակցելու եկող դատախազներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: Սակայն մոտ 30-ամյա մի երիտասարդ արգելել է Շամշյանին լուսանկարել, ապա հայհոյանքներ տեղացել ֆոտոլրագրողի հասցեին ու հենց դատախազության շենքի մոտ սկսել է հարվածել նրան:
Այս ամենը կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավիրած ասուլիսի ժամանակ պատմեց հենց ինքը` Գագիկ Շամշյանը` նշելով, որ հասցրել է լուսանկարել բռնարարք կատարողին, որը մտել է դատախազության շենք:
«Ես ասացի, որ լրագրող եմ, բայց նա ասաց` ես քեզ լավ էլ ճանաչում եմ, հլը ռադ արա էդ ապարատդ, սկսեց հայհոյանքներ տալ ու հարվածել: Այս ամենը տևեց 5-10 րոպե: Ես կարո՞ղ եմ սա, որպես հանցագործության մասին հաղորդագրություն, դիմել Ձեզ, որովհետև ոստիկանությանը չեմ վստահում»,- ասաց Գ. Շամշյանը:
«Ես ուղղակի պահանջում եմ, որ Դուք այդ դեպքի մասին մեզ գրավոր ներկայացնեք: Ես որպես գլխավոր դատախազ պահանջում եմ, որ Դուք ներկայացնեք մեզ Ձեր տեսանյութը և ձայնագրությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք պարզելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել