HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչքանո՞վ են իրականացվում նախընտրական խոստումները

«Հետքի» Լոռու մարզի թղթակիցը հարցազրույցների շարք է սկսել մարզի համայնքապետերի հետ` «Ինչքանո՞վ են իրականացվում նախընտրական խոստումները» հարցադրմամբ: Ստորև ներկայացնում ենք Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի պատասխանները: Կթվարկե՞ք անցյալ տարի ընտրողներին տված Ձեր նախընտրական խոստումները: Օձունի ողջ բնակչությանը խոստացել եմ ավտոբուս տրամադրել Ամոջ գյուղից Օձունի դպրոցներ դասի եկող երեխաներին տեղափոխելու համար: Խոստումներ եմ տվել գյուղամիջյան ճանապարհների լուսավորման, աղբահանման աշխատանքների բարելավման, հողագործության զարգացման, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, 300 հա վարելահողերի մշակման գործում գյուղացիներին աջակցելու համար: Մեկամյա պաշտոնավարման ընթացքում այդ խոստումներից որքա՞նն եք իրականացրել: Ինչպես 2009 թվականին, այնպես էլ 2010-ի անցած ժամանակաշրջանում Օձունի դպրոցներում սովորող Ամոջ գյուղի երեխաներին տեղափոխելու համար իմ կողմից տրամադրված ավտոբուսն աշխատել է կանոնավոր: Օձունցիները կարող են հաստատել, որ մենք պատշաճ ձևով ենք կազմակերպում գյուղի աղբահանությունը: Ունենք աղբի մեկ ավտոմեքենա, որի միջոցով էլ կազմակերպում ենք աղբահանության աշխատանքները: Իրականացրել եմ նաև գյուղի փողոցները լուսավորելու վերաբերյալ իմ տված խոստումները: Հողագործության զարգացման մասին խոստումս ամենապատասխանատու նախընտրական խոստումս է: Անցյալ տարի փորձնական 3 հա ծխախոտ ենք ցանել, էս տարի փորձում ենք հասցնել 10 հա-ի: Արդյունավետություն արձանագրավելու դեպքում ծխախոտի մշակության գործում կներգրավենք նաև գյուղացիներին: Իսկ 300 հա վարելահող մշակելու առնչությամբ գյուղացիներին տված խոստումն ի՞նչ ճակատագրի է արժանացել: Էդ ուղղությամբ մենք խոստացել էինք կիսով չափ աջակցել: Եթե 1 հա հողը վարելու համար պահանջվում է 40 լիտր դիզվառելիք, 20 լ մենք ենք տալիս, 20 լիտրը` գյուղացին: Տրակտորի վարձակալության համար պահանջվում է 10 հազար դրամ, գյուղացու հետ նորից կիսվելու ենք: Անցյալ տարի այս խոստման կատարման համար մեզ պահանջարկ է ներկայացվել 20 հա վարելահողերի համար, որը մենք կատարել ենք: Եթե օձունեցիները նման պայմաններով խնդրեն ևս 250 հա վարելահողի մշակմանն աջակցել, կօժանդակե՞ք: Չունևոր գյուղացիների համար պատրաստ եմ: Բայց, եթե մի ունևոր գյուղացի գա ու ասի` ունեմ- չունեմ, դու նախաընտրական խոստում ես տվել. վարելահողերս վարելիս ինձ հետ կիսվելու ես, դա, իհարկե, հնարավոր չէ: Շատերն իրենց քվեն տվել էին Ձեզ` հաշվի առնելով, որ ճանապարհային շինարարության բիզնեսով զբաղվող ազգականներ ունեք: Գյուղամիջյան ճանապարհները բարեկարգելու խոստումը կատարե՞լ եք: Եթե ուշադիր եք եղել, Օձունի բոլոր ճանապարհներին փոսալցումներ են կատարվել: Օձունի գյուղամիջյան ճանապարհների երկարությունը 18 կմ է, 2009 թ.-ին վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրով 1,5 մլն դրամի փոսային նորոգումների աշխատանքներ են կատարվել: Բայց մենք սրանից 10 անգամ ավելի ենք կատարել: Հագվի գյուղից մինչև Ամոջ գյուղ գնացող ճանապարհահատվածի վրա մեր կողմից կատարվել է կապիտալ ասֆալտապատում: Գյուղի մուտքից  մինչև կենտրոնական փողոց մեր կողմից կատարվել են փոսալցման աշխատանքներ: Բայց օձունեցի վարորդներից շատեր բողոքում են, որ այդ փոսալցումները որակով չեն կատարվում, ինչպես իրենք են ասում` «փոսերի վրա մակերեսային շիբին է լցվում, որն անձրևների հետ անմիջապես մաքրվում է»: Առաջինը` գյուղամիջյան ճանապարհների փոսալցումները մեր կողմից կատարվել է ոչ թե շիբինով, այլ կտրատած ասֆալտով, որը դեռ պահպանվում է: Մենք փոսալցումներ ենք անում, լցնում ենք նաև նոր բացված փոսերը: Վարորդների դժգոհությունը հավանաբար վերաբերում է գյուղի մի ծայրից մյուսը գնացող ճանապարհին, որը հանրապետական նշանակության ճանապարհ է և վերահսկվում է ՀՀ Տրանսպորտի նախարարության կողմից: Մեր խոսքը վերաբերում է գյուղամիջյան ճանապարհներին, որոնց փոսալցումները մշտապես գտնվում և գտնվելու են մեր հսկողության տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter