HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի հայերին միավորող կառույցի ստեղծման առաջարկ

Հայերն ազգային  միասնության անխոնջ ջատագովներն  են, և նույնիսկ կարելի է ասել, որ համակված են այդ վեհ գաղափարով: Սակայն, ի հեճուկս հայ ժողովրդի միավորման վերաբերյալ բոլոր խոսքերին ու միասնության առավելությունները գովերգող բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անկատար: Միավորման ձախողված փորձերի բազում օրինակներ կարելի է բերել: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել են անմիաբան ու անհաշտ: Քանի որ գնալով աճում է այն հայերի թիվը, ովքեր գիտակցում են միասնության վճռական նշանակությունն իրենց ազգային գոյատևման համար, ուստի վերջին տարիներին նրանք կարողացել են համեստ հաջողություններ արձանագրել համախմբումների ստեղծման գործում: Աշխարհով մեկ տարածված ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամը և ԱՄՆ-ում հիմնված Միացյալ հայկական հիմնադրամը, բաղկացած են հասարակական գլխավոր կազմակերպություններից, որոնք մարդասիրական կարևոր գործունեություն են ծավալում Հայաստանում և Արցախում: Որքան էլ տարօրինակ  թվա, միասնության կողմնակիցների  թիվը շատանալով, միավորմանն ուղղված ծրագրերը ևս բազմանում են` միասնության ձեռք բերման ճանապարհին հանգեցնելով նոր մասնատումների: Այժմ այդպիսի մի շարք նախաձեռնություններ են իրականացվում աշխարհի տարբեր երկրներումª ձգտելով համախմբել հայկական բոլոր կազմակերպությունները մեկ ընդհանուր հովանու տակ կամ խմբավորելով հայ մասնագետներին, հայրենակցական միություններին և արևմտահայերին: Վերջերս իմ հոդվածներից մեկում աշխարհասփյուռ հայերի կազմակերպչական կառույցի անհրաժեշտության մասին մի անցողակի ակնարկն իսկ արժանացավ համընդհանուր դրական արձագանքի: Չնայած վերոնշյալ  բոլոր ծրագրերն էլ արժանի են հատուկ ուշադրության, և դրանց ջատագովները  կարող են վերջիվերջո միավորվել, սակայն ես ցանկանում եմ ձեր ուշադրությանը  ներկայացնել որոշ սկզբնական գաղափարներ, որոնք մի քանի տարվա խորհրդածությունների  և տարբեր երկրների հարգարժան անձանց ու հասարակական գործիչների հետ լուրջ քննարկումների արդյունք են: Իմ առաջարկած  ծրագիրը վերաբերում է աշխարհասփյուռ  հայությունը ներկայացնող միասնական  կառույցի հիմնադրմանըª բացառությամբ Հայաստանի  Հանրապետությունում և Արցախում բնակվող հայերի, ովքեր արդեն ներկայացված են իրենց համապատասխան կառավարություններով: Մոտավորապես յոթ միլիոն սփյուռքահայերին իրավունք կընձեռվի յուրաքանչյուր քսան հազար հայերից ընտրել իրենց ներկայացուցչին տվյալ ընտրատարածքում: Նախապես հաստատված որոշակի չափանիշներին համապատասխանող թեկնածուները կարող են առաջադրվել իրենց տարածքում քսան հազար հայերին ներկայացնելու համար: Ընտրողները պետք է լինեն առնվազն 18 տարին լրացած անձինք, ծնունդով` հայ և ունենան ստուգված էլեկտրոնային կամ փոստային հասցե իրենց ընտրատարածքում: Այս չափանիշներին համապատասխանող հայերը կարող են մասնակցել ընտրություններին` անկախ իրենց քաղաքացիությունից, ծննդավայրից, կրոնական կամ քաղաքական պատկանելությունից: Ընտրությունները պետք է կազմակերպվեն ՚մեկ մարդ` մեկ ձայնՙ ժողովրդավարական սկզբունքի հիման վրա: Մեծ հայկական ազգաբնակչություն ունեցող երկրում մի քանի թեկնածուներ կընտրվեն յուրաքանչյուր քսան հազար բնակիչների խումբը ներկայացնելու համար: Մինչդեռ աշխարհի ոչ խիտ հայաբնակ շրջաններում, որտեղ քսան հազար հայեր կարող է սփռված լինեն մի քանի երկրներում, մեկ ընտրված անձը կներկայացնի այդ բոլոր երկների հայ բնակիչներին: Սկզբնական շրջանում ընտրողների թիվը կարող է ցածր լինել, սակայն ժամանակի ընթացքում հզորանալով և օրինականություն ձեռք բերելով, նոր կառույցը մեծ թվով մասնակիցներ կներգրավի: Պարտադիր չէ ընտրություններն ամբողջ Սփյուռքում միաժամանակ անցկացնել. դրանք սկզբում կարող են իրականացվել մի շրջանում` փորձարկելով ընտրական ընթացակարգի կատարելիությունը: Այդ իմաստով, կցանկանայի ողջունել ֆրանսահայ ազգային գործիչների վերջերս կայացրած որոշումը` հաջորդ տարի Ֆրանսիայում համազգային ընտրություններ անցկացնելու և իրենց ներկայացուցիչներին ընտրելու համար: Կարևոր է նշել, որ միայն լայն հասարակայնության կողմից ընտրված անձինք կարող են իրապես ներկայացնել  իրենց տարածքում բնակվող հայերին, մինչդեռ  համայնքային կազմակերպությունների ղեկավարները կարող են հավակնել ներկայացնելու միայն իրենց կազմակերպությունները: Հետևաբար, 350 ներկայացուցիչների միացյալ մարմինը` ընտրված ամբողջ Սփյուռքի ընտրատարածքներից, կարող է պաշտոնապես հայտարարել, որ ներկայացնում է աշխարհի հայությանը, բացի Հայաստանից և Արցախից: Այս հավաքական մարմինը կունենա ընտրված նախագահ կամ խոսնակ, ինչպես նաև մշակույթի, լեզվի, կրոնի, կրթության, արտաքին կապերի, հայ փոքրամասնությունների, Հայաստանի և Արցախի հետ կապերի, Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայից փոխհատուցման պահանջների և ֆինանսական հարցերով զբաղվող հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ: Երեք հարյուր  հիսուն անդամներից բաղկացած այս մարմինը  պարբերաբար կհանդիպի և որոշումներ կկայացնի ձայների մեծամասնությամբ: Հատուկ և  վճռորոշ հարցերի վերաբերյալ մարմինը  կարող է որոշումներ կայացնել ձայների  երկու երրորդ մեծամասնությամբ: Այդ որոշումները կարտացոլեն ամբողջ Սփյուռքի, և ոչ թե առանձին կազմակերպությունների տեսակետները: Գոյություն ունեցող հայկական կազմակերպությունները կշարունակեն իրենց գործունեությունը` առանց որևէ արգելքի կամ մրցակցության համաշխարհային այս նոր կառույցի կողմից: Իրականում հասարակական կազմակերպությունները կարող են հզորացնել իրենց գործունեության թափն ու ավելացնել ազդեցությունը` այս նոր միացյալ մարմնի ընտրված ներկայացուցիչների հետ աշխատանքներ տանելով, իրենց ծրագրերն ընդունելու ուղղությամբ: Քանի որ ներկայումս Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներն իրենց համայնքների ականավոր անդամներն են, ապա զարմանալի չէ, որ նրանցից շատերին կտեսնենք այս նոր մարմնում` ընտրված ժողովրդի քվեներով: Նոր կառույցի հիմնական առավելություններից մեկը կլինի նրա  հնարավոր ճանաչումը ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպությունների կողմից, որպես ոչ կառավարական կազմակերպություն` Սփյուռքի հայերին ներկայացնելու և նրանց անունից հանդես գալու իրավունքով: Նոր կազմակերպության  ներկայացուցիչները առանձին քաղաքներում  կամ երկրներում կարող են համագործակցել տեղական իշխանությունների հետª այդ շրջանի բոլոր հայերի անունից: Օրինակ, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը ամերիկահայ համայնքը ներկայացնող խմբի ընտրության հետ կապված վերջին վիճաբանություններից կարելի էր զերծ մնալ, եթե առաջարկվող համաշխարհային կառույցն արդեն գոյություն ունենար: Բացի այդ, հայ պետպաշտոնյաները, ինչպես նաև օտար ղեկավարները կիմանան, թե ում դիմել, երբ կարիք լինի հանդիպելու Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների հետ: Այս նոր կառույցի ներկայացուցիչները կարող են նաև  սատարել տարբեր երկրներում տեղական կամ ազգային ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Այս դերը առավել կարևորություն է ստանում հիմնական ընտրությունների ժամանակ կամ, երբ մի քանի հայ թեկնածուներ առաջադրվում են միևնույն պաշտոնի համար, և հայերի ձայները բաժանվում են, ու արդյունքում բոլոր հայ թեկնածուներըª պարտվում: Նրանք, ում կսատարի այս մարմինը, ամենայն հավանականությամբ կստանան նաև ընտրողների մեծ մասի աջակցությունը: Մինչ նման հավակնոտ նախաձեռնություն իրագործելու փորձերը, անհրաժեշտ է մի շարք կարևոր քայլեր ձեռնարկել. 1.Հետազոտողների  մի խումբ պետք է ուսումնասիրի  Իսրայելի, Հունաստանի, Լիբանանի, Իտալիայի  և այլ երկրների նման ծրագրերըª  նրանց կուտակած փորձից օգուտ  քաղելու նպատակով: Այդպիսի հետազոտություն  կարող է իրականացնել Հարավային  Կալիֆորնիայի համալսարանի (USC) Հայկական  ուսումնասիրությունների ինստիտուտը, որն էլ կձևակերպի ամբողջ աշխարհում ընտրություններ անցկացնելու համար լավագույն մեխանիզմները, այդ թվում` յուրաքանչյուր երկրում ընտրողների թվի հաշվարկման, ընտրողների և թեկնածուների չափանիշների և ընտրողների կողմից խախտումները կանխելու միջոցառումների ուղղությամբ: Ինստիտուտը կարող է նաև կարևոր մանրամասներ առաջարկել միացյալ մարմնի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ (ժողովների ընթացակարգեր, հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ, ներկայացուցիչներին հետ կանչելու ընթացակարգեր և նրանց ծառայության ժամկետների սահմանափակում, ընտրովի նախագահներ և փոխնախագահներ և այլն): 2. Մինչև միասնական  կառույցի հիմնադրման մասին հրապարակավ  հայտարարելը, կազմկոմիտեն պետք  է հանդիպի Սփյուռքի ազդեցիկ  կազմակերպությունների ղեկավարների  հետ` նրանց ծանոթացնելու նոր նախաձեռնությանը, լսելու նրանց առաջարկությունները և ստանալու նրանց աջակցությունը: 3. Կազմկոմիտեն  պետք է նաև Հայաստանի և Արցախի  պետպաշտոնյաներին ներկայացնի նախատեսվող  կազմակերպության նպատակներն ու  ապահովի նրանց աջակցությունը`  առանց նրանց ուղղակի մասնակցության կամ անդամակցության: Երբ նորընտիր մարմինը կսկսի գործել, նրա լիազորված ներկայացուցիչները կգործակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պաշտոնյաների հետ: Չափազանց կարևոր է պահպանել Սփյուռքի այս մարմնի անկախությունը, որպեսզի կարողանանք Հայաստանի իշխանություններին զերծ պահել օտարերկրյա պետությունների ճնշումներից` ազդելու նոր կառույցի որոշումների կայացման վրա: Համաշխարհային այս  կազմակերպության հիմնադրումից հետո, առաջին անգամ Սփյուռքում կստեղծվի մի ներկայացուցչական մարմին, որն իր քաղաքական  ու տնտեսական ազդեցությամբ ի վիճակի կլինի առաջ տանելու հայկական շահերը` պահպանելով մշակութային արժեքներն ու պաշտպանելով հայության իրավունքներն ամբողջ աշխարհում: Հարութ  Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը` Ռ.Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter