HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան. նոր օրենքը զայրացրել է լրագրողներին

Անկախ լրատվամիջոցները պնդում են, որ նախօրոք առանց թույլտվություն ստանալու ձայնա-տեսագրություններ կատարելն արգելելը կխոչընդոտի լրագրողական աշխատանքին Որոշ ադրբեջանցի լրագրողների խոսքերով`լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները կարող են սահմանափակել խոսքի ազատությունը: Փետրվարի 12-ին խորհրդարանի կողմից հաստատված փոփոխությունները, որոնք ընդունվել էին մի շարք խնդիրներ շոշափող, անցյալ տարվա մարտին անցկացված հանրաքվեի ժամանակ, արգելում են լրագրողներին ձայնագրել կամ տեսագրել որեւէ մեկին առանց թույլտվության: Լրատվամիջոցների ոլորտի օրենսդրության փոփոխություններն այն ժամանակ առանձնապես ուշադրության չարժանացան, քանի որ հանրաքվեի նկատմամբ ողջ հետաքրքրությունը կենտրոնացած էր սահմանադրական բարեփոխումների վրա, որոնք նախագահին վերընտրվելու անսահմանափակ իրավունք կտային: Ադրբեջանի «Նոր սերունդ» լրագրողական միավորման նախագահ Արիֆ Ալիեւը ասում է, որ փոփոխությունները, որոնք արդեն 10-րդ անգամ են կատարվում 1999-ին լրատվամիջոցների մասին ընդունված օրենքում, կարող են սահմանափակել խոսքի ազատությունը երկրում: «Սա ամենաբացասական փոփոխությունն է, որ կատարվել է օրենքում վերջին տասը տարիների ընթացքում: Երբ այս հարցը բարձրացվեց հանրաքվեի ժամանակ, կառավարությունը խոստացավ, որ որոշ դեպքերում բացառություններ կթույլատրվեն, սակայն այս օրենքը ցույց է տալիս, որ ոչ մի բացառություն էլ չի արվել, եւ լրագրողների համար այդ արգելքը բացարձակ բնույթ ունի», - նշում է նա: «Սա նշանակում է, որ նույնիսկ սովորական միջոցառումների ժամանակ լրագրողը չի կարող տեսագրություններ անել, այնպես, ինչպես կցանկանա»: Ալիեւը կասկած է հայտնում, որ փոփոխված օրենքը, որը դեռեւս պետք է հաստատվի նախագահի կողմից, կնպաստի լրագրողների դեմ հարուցվող քրեական գործերի քանակի ավելացմանը: «Այժմ ով ցանկանա, կարող է լրագրողին դատական պատասխանատվության ենթարկել, օրինակ, գրքի շնորհանդեսի ժամանակ իրեն պարզապես լուսանկարելու համար: Դա ծիծաղելի է», - նշում է նա: «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր կիսում է այս կարծիքը. «Այս փոփոխությունները կատարվել են հատկապես անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքին ավելի խոչընդոտելու համար»: Արիգոֆլուն հավելում է, որ փոփոխությունները կնպաստեն հետաքննական լրագրության վերացմանը երկրում: Նրա խոսքերով`ստիպված պետք է լինի հարմարվել նոր օրենքին`իր թերթի լրագրողներին խնդիրներից զերծ պահելու համար: Այնուամենայնիվ, լրագրության ոլորտի ոչ բոլոր ներկայացուցիչներն են համաձայն այս բողոքների հետ: «Azeri Press» իշխանամետ մասնավոր լրատվական կազմակերպության գլխավոր տնօրեն Վուսալա Մահիրգիզին դրական է վերաբերվում փոփոխություններին: Նրա խոսքերով` լրագրողները կորցրել են բողոքելու հնարավորությունը`չօգտվելով դրանից հանրաքվեի ժամանակ: «Այն ժամանակ լրագրողների մեծամասնությունը կենտրոնացել էր զանազան խնդիրների վրա, օրինակ`նախագահի վերընտրման վերաբերյալ սահմանափակումների վերացման կետի վրա: Եւ ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է այժմ բողոքենք խորհրդարանի որոշման դեմ», - նշում է նա: «Խնդիրը բարձրացվել է հանրաքվեի ժամանակ, եւ մարդիկ իրենց կամքն են արտահայտել… Իրավական առումով խնդիրներ չկան: Բոլորս ել պարտավոր ենք հարգել օրենքը եւ չխախտել այն»: Իրավական քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մուբարիզ Քուրբանլիի խոսքերով`փոփոխություններն ուղղված են քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի պաշտպանությանը: «Այստեղ մենք նպատակ ունենք կանխել միջամտությունն անձնական կյանքին: Այս արգելքները կապ չունեն անհատների հասարակական-քաղաքական գործունեության հետ», - հավատացնում է նա: Խորհրդարանական «Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Բախթիյար Սադիգովը համակարծիք է նրան: «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդի կամքով են կատարվել: Բնակչությունն է քվեարկել այդ փոփոխությունների օգտին»: «Անձամբ ես դեմ եմ, որպեսզի ինձ լուսանկարեն առանց թույլտվության կամ միջամտեն իմ անձնական կյանքին: Սա անհատի իրավունքների խախտում է»: «Լրագրողները հաճախ են միջամտում մեր անձնական կյանքին: Մենք ադրբեջանցիներ ենք, մենք մեզ հատուկ մտածողությունն ունենք եւ համաձայն չենք, որպեսզի մեր անձնական կյանքը բոլորի աչքի առաջ լինի»: Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, սակայն, չեն հավատում, որ օրենքը պետք է կիրառվի միայն անձնական կյանքին միջամտությունը կանխելու համար: Խորհրդարանական ընդդիմադիր «Հույս» կուսակցության նախագահ Իգբալ Ագազադեն կարծում է, որ օրենքն ավելի կհեշտացնի խոսքի ազատության դեմ պայքարը: «Որոշ մարդիկ պնդում են, որ այս արգելքները կիրառվում են միայն մարդկանց անձնական կյանքի միջամտության դեմ եւ կապ չունեն հասարակական-քաղաքական կյանքի հետ: Սակայն այս բոլոր հավաստիացումներն արտացոլված չեն օրենքում: Այդպիսով շատ ավելի հեշտ կլինի վերահսկել հասարակությանը եւ սահմանափակել տեղեկատվությունը. սա է այդ փոփոխությունների նպատակը», - համոզված է նա: Սեյմուր Քազիմով, Բաքու Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter