
«Հենարան» մամուլի ակումբում այսօր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ ֆինասատնտեսական ճգնաժամին` նշելով, որ հնչում են տարբեր գնահատականներ, նույնիսկ խոսվում է այն մասին, որ ճգնաժամի պիկը ետևում է մնացել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների համար. դրական միտում է նկատվում դեպի տնտեսական ապաքինում.
«Իհարկե, շուտ է խոսել տնտեսական աշխուժացման, կայունացման մասին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դժվարագույն օրերը մնացել են հետևում: Հայաստանը ունի հնարավորություններ` աշխուժացնելու տնտեսությունը, գալու կայունացման փուլ, և այն կանխատեսումները, որ արված են 2010 թվականի համար, իմ համոզմամբ, համեստ կանխատեսումներ են, եթե օգտագործվեն Հայաստանի բոլոր հնարավոր ռեսուրսները»:
Նա նշեց, որ 2009թ. ամփոփվեց տնտեսական անկումով, և ինքը չէր շտապի դա պայմանվորել միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Նրա կարծիքով` պետք է հստակ տարանջատել այն պատճառները, որոնք հատուկ են Հայաստանի տնտեսական հետընթացի համար և այն պատճառները, որոնք գալիս են համաշխարհային շուկայից:
«Պետք չէ ամեն ինչ բարդել համաշխարհային ճգնաժամի վրա: Մենք ինքներս պետք է կարողանանք ճիշտ ախտորոշում կատարել ուերբ մենք կհասկանանք, թե մեզնից ինչ է կախված, որ դեռևս չենք արել, այդ պահից սկսած` ավելի ճիշտ կլինի խոսել տնտեսական առաջընթացի մասին»:
Նա նշեց, որ կառավարությունն ունի հակաճգնաժամային գործողությունների ծրագիր: Դրանց մասին, սակայն, դեռ վաղ է խոսել, քանի որ շոշափելի արդյունքներ դեռևս ակներև չեն:
«Ֆինանսատնտեսական ճգնաժամի այս փուլում, երբ պետությունն է պատասխանատվություն ստանձնում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների համար, որոնք փոխառնվում է միջազգային կազմակերություններից կամ այլ երկրներից, այս դեպքում բանկերը պետության թելադրանքով պետք է գործեն որպես պետության գործակալներ, այսինքն` որդեգրեն ցածր տոկոսադրույքներ»,- ասաց նա:
Անդրադառնալով գազի սակագնի թանկացմանը` տնտեսագետը նշեց, որ դրա համար օբյեկտիվ պատճառներ կան` մենք չէ, որպես պետություն, որ սահմանում ենք այդ գները: Սակայն, ըստ նրա` ելքը մեկն է` կառավարության կողմից, հնարավորության դեպքում օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի նրանք այդ հարվածների ամբողջ ցնցումները չկրեն: Պետք է մասնակի սուբսիդավորել անապահով ընտանիքներին:
«Մնացած դեպքերում ես գտնում եմ, որ գազի թանակացումը կարող է հանգեցնել նաև գնողունակության անկման: Գազի սպառումը թանակցումներից հետո նվազում է»,- ասաց նա:
Տնտեսագետի համոզմամբ` գազի թանկացումները ոչ միայն բնակչության համար են էական գործոն, այլ ընդհանրապես էկոնոմիկայի համար, և չի կարելի բացառել, որ այլ թանկացումներ կլինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել