HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ադրբեջանի իշխանությունները շարունակում  են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը

Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում  են շահարկել  ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:

Որպես վերջին առավել քան ակնառու օրինակ հանձնաժողովը բերում է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի» մասին:

«Անշուշտ, անգամ  Ադրբեջանում գիտակցում են, որ նման «խոստովանությունները» տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են եւ մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ: Սակայն մտահոգության տեղիք է տալիս տվյալ երեւույթի մեկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին եւ, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ժնեւյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում»,-նշվում է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնեւյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես` հրաժարվելով ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների եւ պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են: Միաժամանակ, արդեն 1992թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարել է Ժնեւյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման եւ դրանց դրույթներն անպայմանորեն կատարելու մասին: ԼՂՀ իշխանությունների կողմից Ժնեւյան կոնվենցիաներին անվերապահորեն հետեւելը բազմիցս հաստատել են  միջազգային իրավապաշտպան եւ մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

«Ելնելով վերոնշյալից` ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը խիստ քննադատում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների եւ պատանդների նման բացարձակ մարդասիրական խնդրի քաղաքականացումը: Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ միջազգային կառույցներին եւ առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի  նման գործողություններին եւ համառորեն խորհուրդ տալ հարգել մարդու տարրական իրավունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter