HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խստապահանջ ենք լինելու տոնավաճառի կազմակերպիչների նկատմամբ»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարեւորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում նախագահի նախընտրական ծրագրում. «Մենք ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, ընդ որում ՀՀ նախագահի ծրագրում բավականին մանրակրկիտ ներկայացված է նաեւ դրա մեխանիզմը։ Մենք այսօր բավականին ծավալուն, միգուցե դեռեւս չերեւացող, աշխատատար գործ ենք իրականացնում` նկարագրում ենք բոլոր նախարարությունների բիզնես գործառույթները, դրանցից ելնելով նկարագրվում են բոլոր վարչությունների, բաժինների եւ աշխատատեղերի հստակ ֆունկցիաները։ Բացի այդ, հստակեցնում ենք նախարարությունների, գործակալությունների եւ տեսչությունների գործառույթները։ Հասկանալի է, որ այս բարեփոխումների ընթացքում էականորեն բարձրանում է աշխատակազմի ղեկավարի դերակատարությունը, եւ օրենսդիրը պաշտպանում է քաղաքացիական ծառայողին եւ առավել եւս` աշխատակազմի ղեկավարին։ Մենք պետք է շատ խստապահանջ լինենք աշխատակազմի ղեկավարների նկատմամբ, որովհետեւ նրանք են նախարարությունների արդյունավետ աշխատանքի, բոլոր գործառույթների իրականացման, նշված ժամկետում հանձնարարականների կատարման, փաստաթղթերի պատշաճ նախապատրաստման, բոլոր վարչությունների գործունեությունը համակարգելու հիմնական պատասխանատուները։ Այդ խստապահանջությունը դրսեւորվելու է նրանով, որ մենք այլեւս չենք հանդուրժելու աշխատակազմի այնպիսի ղեկավարների, ովքեր պարբերաբար խախտում են թույլ տալիս։ Ցավով պետք է նշենք, որ այդպիսի դեպք արդեն արձանագրել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ Աշխատակազմի ղեկավարը ստացել է նկատողություն աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու, ծրագրերը տապալելու համար, որից հետո նախարարի միջնորդությամբ նա ստացել է վարչապետի խիստ նկատողությունը։ Սակայն աշխատանքը չի շտկվել, եւ այսօր մենք ստիպված ենք անդրադառնալ այդ հարցին եւ օրենսդրության պահանջներին համապատասխան սկսել ծառայողական քննություն` դիմելով քաղծառայության խորհրդին, որպեսզի սկսվի համապատասխան վարույթ եւ աշխատակազմի ղեկավարին կարողանանք ազատել աշխատանքից։ Այս խստապահանջ մոտեցումը այսուհետեւ լինելու է բոլոր աշխատակազմի ղեկավարների նկատմամբ։ Հակառակ դեպքում մենք մեր 2010թ. ծրագրերը չենք կարողանալու ամբողջ ծավալով իրականացնել։ Երկրորդ հարցը, որին ես ուզում եմ անդրադառնալ, երեկ հնչեց նաեւ Ազգային Ժողովում եւ վերաբերում է տոնավաճառների նկատմամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական գործառույթներին։ Ես ուզում եմ, որ ամեն բան հստակ լինի մեզ եւ մեր քաղաքացիների համար։ Մեր ռազմավարությունը շատ պարզ է։ Մենք մտադիր ենք կարգուկանոն հաստատել տոնավաճառներում, որտեղ գտնվում է ստվերային տնտեսությունը սպասարկող հիմնական խոչընդոտներից մեկը եւ որը մեզ թույլ չի տալիս մեր երկրում կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը։ Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է։ Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը։ Մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում։ Բայց այստեղ կա մի առանձնահատկություն` մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա։ Եվ դա հստակ դիրքորոշում էր։ Բոլոր ծախսերը պետք է հոգային տոնավաճառի ղեկավարները, ստեղծեին աշխատանքային պայմաններ անհատ ձեռներեցների, փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, որպեսզի նրանք կարողանային նորմալ աշխատել։ Տոնավաճառի ղեկավարները պետք է ՀԴՄ-ները տեղադրեին իրենց սեփական միջոցների հաշվին, ստեղծեին ցանցեր, որոնք միացված լինեին տեղեկատվական տվյալների բազաներին, եւ այդ տեղեկությունը հասանելի լիներ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի այն չանհանգստացներ օրինական դաշտում աշխատող անհատ ձեռներեցին` տվյալների բազայում տեսնելով նրա վճարած ծավալները, անհանգստացներ միայն տոնավաճառի այն մասնակցին, որը ցույց է տալիս ակնհայտորեն փոքր ծավալի գործառույթներ։ Այս առումով մենք առաջին հերթին խստապահանջ ենք լինելու տոնավաճառի կազմակերպիչների նկատմամբ։ «Վաղարշ եւ որդիներ» տոնավաճառի պատմությունը ցույց է տալիս, որ փորձ է արվում ֆինանսական բեռը նորից դնել փոքր եւ միջին բիզնեսի վրա, եւ տոնավաճառի կազմակերպիչների կողմից բազմաթիվ վճարներ են սահմանվում ծառայության դիմաց եւ դրանք գանձվում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է, եւ ինչն էլ, ըստ էության, ընկած է տոնավաճառում աշխատողների բողոքի եւ դժգոհության հիմքում։ Մարդիկ պատրաստ են վճարել այնքան հարկ, որքան որ իրենք վճարում էին։ Բայց եթե տոնավաճառի կազմակերպիչները նրանցից լրացուցիչ գումար են գանձում, բնականաբար, դա ազդում է նրանց ֆինանսական գործունեության արդյունքների վրա։ Եվ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որպեսզի նրանք առաջին հերթին հսկողության տակ պահեն տոնավաճառների կազմակերպիչների գործառույթները եւ նրանց ստանձնած պարտավորությունները եւ առաջին հերթին խստապահանջ լինենք նրանց նկատմամբ։ Այս պարագայում, կարծում եմ, կստեղծենք բարենպաստ պայմաններ, որպեսզի տոնավաճառում աշխատող մեր քաղաքացիները, անհատ ձեռներեցները դժգոհություն չունենան մեզանից։ Սա էր մեր քաղաքականության իմաստը եւ բովանդակությունը, եւ մենք հետեւողական ենք լինելու այս խնդրում»,- ասել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter