HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակում կանայք ակտիվ են, բայց շարունակում են գործազուրկ մնալ

Աշտարակի զբաղվածության  մարզային կենտրոնում 2009 թվականին հաշվառվել  է 681 քաղաքացի, որից 477-ը` կին: Հաշվառվածներից 498-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, որից 352-ը` կին: Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի է ընդունվել 164 քաղաքացի, որից 113-ը` կին: 2010-ին հաշվառվել  է 60 աշխատանք փնտրող, որից 38-ը`  կին: «Բոլոր ժամանակներում էլ աշխատանք փնտրողների մեջ ունեցել ենք կանանց թվի գերակշռություն: Մինչեւ 75 տոկոս էլ հասել է կանանց թիվը: Բայց մեր ունեցած աշխատատեղերն էլ հիմնականում կանանց համար է: Նախկինում մեծածավալ աշխատատեղեր ունեինք կարի, տրիկոտաժի ֆաբրիկաներում եւ կանանց հոսքը այդ ֆաբրիկաների փակվելուց հետո սկսվեց: Նույնիսկ մեզ մոտ հաշվառված երիտասարդների մեջ էլ աղջիկները գերակշռում են»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Ջեմմա Սիմոնյանը: Ըստ նրա` աղջիկներն ավելի ակտիվ են, իսկ բանակից նոր եկած երիտասարդը չի մտածում, որ անմիջապես կարելի է գնալ զբաղվածության կենտրոն ու գրանցվել, իսկ, օրինակ, բժշկական ուսումնարանն ավարտած աղջիկն անմիջապես գնում է զբաղվածության կենտրոն: Ջ. Սիմոնյանի ասելով` երիտասարդ տղաները նոր են սկսել դիմել զբաղվածության կենտրոններ, նախկինում չեն դիմել: «Մի քանի տարի առաջ բարձրագույն ավարտ ոչ մի երիտասարդ մեզ չի դիմել, հիմա արդեն դիմում են: Դա նրա արդյունքն է նաեւ, որ զբաղվածության կենտրոնի իմիջը գնալով բարձրանում է: Դրան նպաստեց նաեւ մեր գործակալության պետ Սոնա Հարությունյանի ճիշտ մոտեցումներն այս ոլորտում»,-ավելացրեց տնօրենի տեղակալը: Աշտարակի զբաղվածության  կենտրոնի տնօրեն Հայրապետ Սեթոյանն էլ ասաց, որ այսօր իրավաբանի կրթություն ունեցողներն իրենց մոտ դժվարությամբ են աշխատանք գտնում եւ պետք է փնտրեն այլ աշխատանք, ոչ թե նստեն ու սպասեն, որ ինչ-որ մեկը իրավաբանի աշխատանք կառաջարկի իրենց: «Այսօր կան մարդիկ, որ իրենց դիպլոմների ձեռքը կրակն են ընկել: Այս պահի դրությամբ բուժքույրերի լճացում կա մեզ մոտ: Դրա արդյունքն այն է, որ Աշտարակում ստեղծվեց բժշկական ուսումնարան եւ հախուռն կերպով ուսանողներ ընդունեցին: Երեւանի ուսումնարաններում սովորածներն էլ են շատ դիմում, բայց նրանց պահանջարկը չկա; Հիմա փորձում ենք նրանց համոզել, որ բացի հիմնական մասնագիտությունից պետք է նաեւ լրացուցիչ հմտություններ կամ մասնագիտություն սովորեն, որ կարողանան աշխատանք գտնեն: Թե չէ տանը նստելով ոչ մի աշխատանք էլ չեն գտնի այդ վկայականով»,-ավելացրեց Հ. Սեթոյանը: Այս պահին գործազուրկների շարքերն են համալրել նաեւ մինչեւ 1995թ. Աշտարակում գործող տրիկոտաժի ֆաբրիկայի 180 աշխատողներն ու Զովունու կարի ֆաբրիկայի Աշտարակի մասնաճյուղի մոտ 150 աշխատողները: Ֆաբրիկաներում աշխատող կանայք արդեն հմտացել էին իրենց աշխատանքում եւ չեն կարողանում այլ գործ գտնել, իսկ Արագածոտնի մարզում կարի խոշոր արտադրամասեր չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter