Մաքսային եւ հարկային արտոնություններ
Այսօր կայացած նիստի ժամանակ կառավարությունը թույլատրել է մինչեւ 2013թ. նոյեմբերի 28-ը երկարաձգել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։
Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքի մոնիտորինգ իրականացնելու համար ԱՄՆ ազգային օդագնացության եւ տիեզերքի վարչության եւ ՍՊԱԾ միջեւ կնքված պայմանագրերի համաձայն ստացվող սարքերի եւ սարքավորումների ներմուծման եւ մաքսային ձեւակերպման հետ կապված խնդիրներով։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը մինչեւ 2010թ. օգոստոսի 11-ը երկարաձգել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմը։ Ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ որակով չի զիջում արտասահմանյան ընկերությունների արտադրանքին։ Կառավարության մյուս որոշմամբ հարկային եւ մաքսային արտոնություններ են սահմանվել «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակում «Անվճար» նշմամբ ներմուծվող 3.5 տոննա մալուխի նկատմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրով։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ սպասարկման հինգ կենտրոնների, ինչպես նաեւ ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման, հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանման ժամկետները անցյալ տարվանից տեղափոխել ընթացիկ տարի։
Կառավարությունն իր նիստում հաստատել է Շիրակի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Գործադիր իշխանության հանրապետական մարմինները, Շիրակի մարզպետը հանձնարարություն են ստացել, հաշվի առնելով առկա տնտեսական միտումները եւ ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, ծրագրում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգին, որը հիմնված է աշխարհի զարգացած եւ զարգացող երկրների լավագույն փորձի վերլուծության եւ համադրման վրա։ Հետագա երեք տարվա ընթացքում կնախագծվի, կմշակվի եւ կտեղադրվի ազգային լայնաշերտ ցանցը, կավելացվեն միջազգային կապուղիների քանակն ու թողունակությունը, ինչն ամբողջ երկրում կապահովի քաղաքացիների, ձեռնարկությունների եւ պետական աշխատողների կապը։ Դրա շնորհիվ էլեկտրոնային կառավարման եւ այլ առեւտրային մեծաթիվ առցանց ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի քաղաքացիներին։
Ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից կառավարությունը Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 85.1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ եւ հիմնավորել իր որոշումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացում է ստացել, որ ներդրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բացվելու է 100-150 աշխատատեղ, շինարարությունն ավարտվելու է մեկ տարում։
Կառավարությունը որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները երկու տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ֆինանսների նախարարությանը հատկացնել 60000.0 հազար դրամ։
Գործադիրը հաստատել է 2010թ. պետբյուջեով նախատեսված «Որոտան-Արփա-Սեւան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 275.760.000 դրամի չափով 2010թ. ծրագիրը, այդ թվում` 270.480.000 դրամը համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչի վճարման, իսկ 5.280.000 դրամը` համակարգի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքների համար։
Ի կատարումն նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի որոշման եւ նախագահի հանձնարարականի կառավարությունը «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի 50 հասցեում գտնվող շենք-շինություններն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացրել է «Հայատոմ» ԳՀԻ» ՓԲԸ-ին։
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, հաստատել մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների ձեւերը եւ դրանց լրացման եւ ներկայացման կարգերը։ Այդ ձեւերը վերաբերում են տարբեր գերատեսչական ենթակայությամբ գործող հետաքննության ու նախաքննության մարմիններին եւ նպատակ ունեն ապահովելու հաշվետվությունների միասնականությունը, հստակեցնելու ներկայացման կարգն ու ժամկետները։
Կառավարությունը հավանություն է տվել պետական խորհրդանիշների հանրահռչակման եւ քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին։ Դրա մշակումը բխում է Հայաստանի հասարակության քաղաքացիական, հայրենասիրական գիտակցության բարձրացման, հոգեւոր ներուժի խթանման անհրաժեշտությունից եւ ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսեւորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաեւ պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ։
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների մտավոր եւ ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչների սահմանումը վերապահվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, ուստի գործադիրը ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած համապատասխան որոշումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել